Հայաստանի Լեգենդները / Բերդեր և Վանքեր
Հայաստանը երկիր է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել բազմաթիվ քանդված և կանգուն բերդեր ու վանքեր: Հայաստանի վանքերն ու բերդերը աչքի են ընկնում իրենց յուրօրինակ կառուցվածքով, ինչի շնորհիվ էլ դարեր շարունակ պաշտպանել են հայերին օտար հարձակվողներից: Ինչպես լեռների, լճերի և ջրվեժների մասին՝ բերդերի և վանքերի մասին ևս ժողովուրդը հյուսել է բազմաթիվ լեգենդներ: Դրանցից մի քանիսը կներկայացնենք ձեզ:
Հալիձորի բերդ
Այստեղ ժամանակին ամրացած է լինում Դավիթ-բեկը: Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել բերդը: Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը: Թշնամին գնում և կտրում է դեպի բերդ գնացող ջուրը: Պաշարվածները ծարավից թուլանում են: Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից: Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը:
Աղջկա բերդ
Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ, հրապուրվելով նրա գեղեցկությամբ, ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։
Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց
Ըստ ավանդության, երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը:
Կաչաղակաբերդ
Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:
Մեզ է հասել մի պատմություն ըստ որի Կաչաղակաբերդը պաշարած զավթիչները մի քանի ամիս սպասում են, որ պաշարվածները ինքնակամ հանձնվեն: Նրանք վստահ էին, որ սննդի պաշարները բերդում սպառված են, սակայն պաշարվածները չէին հանձնվում: Բերդի տարածքում թշնամին նկատում է մի զարմանալի երևույթ. Այդ տեղանքում շատ են կաչաղակները: Զավթիչները գլխի են ընկնում, որ կաչաղակները հավաքվել են դիակների վրա: Պատսպարվելով ամրոցում և պաշտպանելով այն` հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում:
Կաչաղակների անունով էլ սերնդեսերունդ փոխանցվեց պատմությունը և ամրոցը մնաց ժողովրդի հիշողության մեջ որպես Կաչաղակաբերդ:
Վանքեր
Սանահին
Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել: Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել: Վանքը չավարտած՝ որդին մահանում է: Եվ առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է: Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը: Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար:
Հաղպատ
Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր և ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը հեռանում է: Մեկ ուրիշ իշխան հրավիրում է նրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ շենք է բարձրանում: բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. Հա՛խ պատ է (իսկական ամուր պատ է): Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում նրան և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:
Մակարավանք
Պատմում են թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը աստիճանաբար կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է որ քարերը չեն համապատասխանում, անգամ նախշերն են ուրիշ: Վերևից հարցնում է թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Եվ նա պահանջում է որ թեկուզ հիվանդ որդուն բերեն իր մոտ, սակայն նրանք չեն բերում: Մակարը, հասկանալով որ որդին մահացել է, վանքի գագաթից իրեն ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև օրս էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են իր կառուցած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:
Տաթև
Վանքի կառուցումը ավարտելուց հետո, քարագործ վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանում նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորները առանց վարպետի օգնության չեն կարողանում հանել փայտյա սկալաները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի սկալաները: Սակայն վարպետը չի վերադառնում: Միայն հայտնում է հանելու եղանակը: Վարպետի ասած խոսքից վանքը կոչվում է Տաթև:
Լենկ-Թեմուրը կամեցել է հիմնահատակ կործանել Տաթևի վանքը և արմատախիլ անել նրա մոտ գտնվող շարժական Գավազան-սյունը: Դրա համար նա հրամայել է իր հրոսակներին լծել տասը զույգ գոմեշ, գութանի շղթայով կապել սյունը և ձգել: Հենց որ գոմեշները սկսում են ձգել, շղթան կտրվում է և նրանք տապալվում են ձորը: Տեսնելով այդ ՝ Լենկ-Թեմուրը հեռանում է Տաթևից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի Մասին