info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ցածակի լեգենդները

Ցածակի քարանձավ

Ցածակի քարանձավ

Առաջին անգամ Հարավային Արցախում եղա 2011-ի ձմռանը, գնում էինք Կովսական: Ճանապարհին կանգ առանք Ողջիի կիրճում և Ստեփանը ցույց տվեց այն քարանձավը, որն իրեն գերել էր հեռվից և որի մասին հետաքրքիր պատմություններ էր լսել: Նա խոստացավ, որ օրերը տաքանան անպայման կգանք և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը:

Ցածակը հեռվից zoom արած

Վերջին հայացքը հետազոտողի աչքով

Օրերը բացվեցին, հավաքվեցինք ավելի գործնական խոսելու մեր էքսպեդիցիայի համար անհրաժեշտ պարագաների մասին: Գնում էինք արկածներ որոնելու և ով գիտի՝ միգուցե մեզ էր վիճակված մի նոր բացահայտում անել և անցնել պատմության գիրկը, որպես Ցածակի առաջին հետազոտողներ:

Անվան հետ կապված ուզում եմ նշել, որ սա պաշտոնական անունը չէ: Պաշտոնական անուն այս քարայրը չունի:

Ցածակի լեգենդները

Ասում են՝ սա խորը քարանձավ է, որի պատերից մեղր է ծորում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ միլիոնավոր մեղուներ են ապրում և մեղրը պատրաստում են պատերի խոռոչներում, որն էլ ծորալով իջնում է: Բնականաբար հաջորդ պատմությունը կապված է արջի հետ. դե որտեղ այդ քանակության մեղր այնտեղ էլ արջ, այն էլ ինչ մեծության՝ կարելի է արդեն ենթադրել: Ասում են՝ արջը ապրում է քարանձավի խորքում:

Այս քարանձավը տեղացիների համար բերմուդյան եռանկյունի է: Պատմությունները տարբեր են: Մեկը մյուսից հետաքրքիր: Ժայռի մեջ խոռոչը տեսել են բոլորը, բայց ոչ ոքի չի հաջողվել այնտեղ մտնել:

Ասում են՝ մի անգամ Ռուսաստանից ալպինիստների խումբ է եկել և պարաններով փորձել են վերևից իջնել Ցածակի քարանձավ, սակայն նրանց չի հաջողվել:

Միայն մի որսորդի է հաջողվել հասնել ժայռի խոռոչի մուտքի մոտ: Նա տեսել է խոր անցքը և լսել արջի մռնչոցը: Կրակել է անցքի մեջ ու փախել:

Ասում են նաև, որ այդ անցքով մտնելով դուրս ես գալիս ուրիշ ձոր և այստեղով փախել են պատերազմների ժամանակ և միգուցե փախուստի ժամանակ այստեղ են պահել իրենց գանձերն ու հարստությունը:

Կերեն

Գիշերեցինք Կերեն գյուղում: Երեկոյան մեր քննարկվող թեման Ցածակն էր: Գիշերն անցավ անհանգիստ: Անընդհատ զարթնում էի, քունս չէր տանում անհանգստությունից: Մտածում էի միթե մեր օրերում դեռ կան չբացահայտված անկյուններ, որոնք մեզ է բախտ վիճակված բացահայտելու: Մեր լսած պատմություններին, իհարկե, հավատալն այդքան էլ հեշտ չէր, բայց մի տեսակ անհանգստություն կար: Մտածում էի դե որ այդքան հեշտ լիներ այնտեղ մտնելը, մեկը մտած կլիներ մինչ օրս: Լույսը բացվեց: Շտապեցինք դեպի մեկնարկի կետը: Հասանք Ցածակի քարանձավի ուղիղ դիմացը, բայց մենք գետի աջ ափին էինք: Նախ պետք էր անցնել Ողջի գետը: Հոսանքն ուժեղ էր և փորձեցինք անցնել պարանի օգնությամբ:

մեր էքսպեդիցիոն խումբը

Ողջի

Ցածակ տանող ճանապարհը

Գետի ձախ ափին փոքր ինչ հանգստանալուց հետո հավաքեցինք մեզ անհրաժեշտ իրերն ու սկսեցինք վերելքը: Ճանապարհը փշոտ ու քարքարոտ էր, տեղ-տեղ անանցանելի: Հուլիս ամիսն այդքան էլ լավ ժամանակ չի այս կողմերի համար: Ահավոր շոգ էր: Չորացած խոտերի բարձրությունից հնարավոր չէր տեսնել թե ուր ես գնում: Մի պահ զգացի, որ ոտքիս տակից հողն այնպես արագ շարժվեց, որ քիչ էր մնում ընկնեի: Օձի կամ դեղնափորիկի վրա էի կանգնել: Ես չտեսա ինչ էր, բայց ենթադրում եմ, որ օձ չէր, այլ դեղնափորիկ (որին ժողովուրդը սխալմամբ լորտու է ասում):

Սև արագիլները

Մի կերպ դիմադրելով արևին ու խոտերին հասնում էինք Ցածակի մուտքի մոտ, երբ մեր գլխավերևում սկսեցին պտտվել երկու մեծ թռչուն: Նրանք ահավոր անհանգստացած էին: Անկանոն պտույտներ էին գործում և չէին ուզում հեռանալ: Տեղից էլ՝ ինչ ասես մտքներովս անցնում էր մինչև մուտքին հասնելն ու հիմա էլ այս թռչունները մեզ անհանգստանալու առիթ տվեցին:

Թռչուններին լուսանկարել չհաջողվեց, բայց իրենց թողած փետուրը լուսանկարեցի: Մասնագետից պարզեցի, որ Սև արագիլ է եղել: Այն հազվադեպ հանդիպող տեսակ է: Գրանցված է կարմիր գրքում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում: Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի խորշերում: Հենց Ցածակի քարանձավի մուտքի մոտ, ժայռի խորշում էլ նկատեցինք արագիլների բույնը և պարզ դարձավ նրանց անհանգստության պատճառը:

Սև արագիլի փետուր

Ուշադիր նայեք և կտեսնեք մեզ Ցածակի մուտքի մոտ: Այս լուսանկարը հատուկ դրել եմ մասշտաբի համար:

Վերջապես հասանք մուտքի մոտ:

Ահա այն պահը երբ բացահայտվելու է Հայաստանի ամենախորը քարանձավը, որի պատերից մեղր է ծորում, որտեղ հնարավոր չէ մտնել միլիոնավոր մեղուների պատճառով, որտեղ ապրում է աշխարհի ամենամեծ արջը, որտեղով մարդիկ մտնում և դուրս էին գալիս ուրիշ ձորից, որտեղ պահված են կճուճներով ոսկիներ:

Ցածակ

Ցածակ

Թե ինչ եղավ հետո՝ պարզ երևում է մեր դեմքերից (դիտեք վերևի 2 լուսանկարը): Քարայրում կար մի ծառ ու վայրի խոզի կղանք:

Տեքստը՝ Տիգրան Շահբազյանի

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Ստեփան Նալբանդյանի

Բլոգ Հայաստանի մասին