Լճաշենի Կիկլոպյան ամրոց
Լճաշեն գյուղից մոտ 400 մ հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսային վերջավորությունը կազմող, ձորակներով և ուղղագիծ ժայռերով կտրտված բլուրների վրա կառուցված է Լճաշենի Կիկլոպյան ամրոց-բնակատեղին՝ բերդշենը: Այն գտնվում է քարակարկառներով հարուստ բարդ տեղանքում, որն իր ազդեցությունն է ունեցել ամրոց-բնակավայրի հատակագծային և ծավալատարածական լուծումների վրա:
Ամրոցի տեղադիրքը և պատմությունը
Ամրոցը կառուցվել է վաղ բրոնզե դարում՝ մ.թ.ա երրորդ հազարամյակում, զգալիորեն ընդլայնվել ուշ բրոնզե դարում և պահպանվել մինչև ուշ միջնադար: Լճաշենի հնագիտական հուշարձանի տարածքում հայտնաբերված նյութերը թվագրվում են խալկոլիթից մինչև ուշ միջնադար։ Վանի հայկական թագավորության ժամանակաշրջանում վերակառուցվում է միայն կենտրոնական միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ առկա է Վան-Տոսպյան շինարվեստի ազդեցությունը։
Կառուցվածքային առանձնահատկությունները
Ամրոցի և բնակավայրի արտաքին բերդապարիսպների ընդհանուր երկարությունը հասնում է շուրջ 5000 մետրի: Ամրոցն ունի երկու միջնաբերդ, 22 մանր ու խոշոր քարաբլուրներ ու աշտարակներ։ Ամրոցի, ինչպես նաև միջնաբերդի տարածքը ծածկված է այդ ժամանակի բնակարանների բազմաթիվ ավերակներով։ Ամրոցն ու բնակատեղին շրջափակված են եղել բարձր ու լայն պարիսպներով։ Քարերն անտաշ են, սակայն պարսպի շարքերում հարմարեցված են անպես, որ նրանց առավել հարթ կազմերը դարձել են ողորկ։
Փաստերը վկայում են, որ բնակավայրում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը, բրուտագործությունը, մետաղամշակումը, փայտամշակումը, զինագործությունը, ոսկերչությունը և այլն: Լճաշեն գյուղից հարավ-արևմուտք, ոչ այնքան բարձրադիր սարի վրա են գտնվում ուրարտական հնագույն ամրոցի պատերը:
Շուրջ չորս մետր լայնությամբ հսկայական պատերն ընդգրկում են ինչպես սարերի կատարները, այնպես էլ առանձին տարածքներ դրանց միջև` առաջացնելով առանձնացված փակ տարածքների մի ամբողջ համակարգ: Դրսի պատերը, որոնք իջնում են գետի մոտ, միացնում են երկու ափերը:
Ամրոց-բնակավայրի պեղումները
Լճաշենի ամրոցի նշանակությունը պարզ է առաջին հայացքից. այն հյուսիսից պաշտպանում էր արևմտյան ափը: Դրանով էլ բացատրվում են ամրոցի թե չափսերը, և թե հզորությունը: Ամրոցը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. VII դարին: Լճի ցամաքատեղում հայտնաբերված բնակատեղիից ոչ հեռու՝ Սևան-Կամո ճանապարհի ձախ կողմի մի քարաժայռի վրա՝ երեսով դեպի լիճը պահպանվել է Արգիշտի I-ի որդի Մենուայի սեպագիր արձանագրությունը: Բերդում պեղված գտածոների շարքում առանձնանում են առաջին հազարամյակի կավե իրերը: Կատարված պեղումների ընթացքում Լճաշեն գյուղում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ:
Հայտնաբերվել են նաև կացարանների պատերի մնացորդներ, որոնք վերաբերում են բրոնզի դարաշրջանին։ Իսկ այստեղից հանված ռազմակառքերն ու սայլերը, նաեւ բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմական թանգարանի հազվագյուտ զարդերից են: Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի եւ Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները, որոնք գտնվում են գյուղից 2 կմ հարավ, եւ Իշտիկունի քաղաքի գրավման մասին Արգիշտի առաջինի հայտնի արձանագրությունը, որը տեղակայված է գյուղի կենտրոնում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: