Սողանքները ՀՀ-ում
ՀՀ տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով: Սողանքները ՀՀ-ում հաճախ հանդիպող երկրաբանական երևույթներից են:
Սողանքները ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժերն են, որոնք լվացման հետևանքով ապարների հավասարակշռության խախտման արդյունք են: Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետևանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները:
ՀՀ տարածքում գոյություն ունի 2000-ից ավելի խոշոր սողանք, որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում: Ինչպես նաև միջին բարձրության լեռնային գոտիներում՝ Ախուրյանի հովտում, Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն:
Սողանքային վտանգն սպառնում է նաև տրանսպորտային և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին, մշակովի հողերին, պատմամշակութային համալիրներին (Մակարավանք, Ջուխտակ վանք, Գոշավանք և այլն): Սողանքները ՀՀ-ում ավերիչ են եղել մի շարք բնակավայրերի համար, օրինակ՝ Մարմարաշեն (Շիրակի մարզ) և Մարտիրոս (Վայոց Ձորի մարզ) գյուղերն ավերվել են, բնակչությունը տեղափոխվել է:
Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում:
ՀՀ-ում առկա են բլոկային տեղաշարժեր, որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն): Կան նաև փլվածքային սողանքներ, հոսքային սողանքներ: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով, օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը:
Երկրաշարժածին սողանքներին բնոոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով և լանջերի կայունության խախտմամբ:
Ողջաբերդի, Վեդիի սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ: Նրանք ունեն շատ բարձր ակտիվություն և մշտապես վնաս են հասցնում ճանապարհային ցանցին:
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարում են ծառատունկ և այլ միջոցառումներ: