Վիրահայոց լեռներ
Երկարությունը՝ 86 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 2552 մ
Ամենաբարձր գագաթը՝ Լալվար լեռ
Ձգվում է Հայ-Վրացական սահմանի երկարությամբ շուրջ 73 կմ՝ մինչև Դեբեդի կիրճ: Այստեղ առաջացնում է աստիճանակերպ լանջերով զանգվածներ: Վիրահայոց լեռները չեն կազմում իրար շարունակող լեռների մի ամբողջություն, սրանք իրար մոտ տեղադրված առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնցից սկսվում են տարբեր ուղղությամբ ձգվող լեռնաճյուղեր: Լեռնաշղթան բաժանվում է 3 մասի՝ Արևմտյան (Լոք լեռնագագաթ՝ 2140 մ), Կենտրոնական (Լալվար լեռնագագաթ` 2552 մ), Արևելյան (Լեջան լեռնագագաթ՝ 2527մ):
Լեռնաշղթան միջին բարձրության է, սակայն շրջապատի նկատմամբ փոքր հարաբերական բարձրության շնորհիվ թողնում է բլրաշարի տպավորություն: Առավելագույն բարձրությունը հասնում է Լալվար գագաթում՝ 2552 մ: Ժայռերը և ատամնավոր գագաթները քիչ են: Լեռնալանջերը հիմնականում ճմակալված են, մասամբ՝ անտառապատ, տեղ-տեղ հանդիպում են քարային կուտակումներ: Լեռները իջնում են դեպի Լոռվա սարավանդ համեմետաբար փոքր թեքությամբ, իսկ դեպի Կուրի հովիտ՝ մեծ թեքությամբ:
Հյուսիսահայաց լանջերն ամբողջովին անտառապատ են, դեպի Դեբեդի հովիտ իջնող լանջերը՝ էրոզացված և բուսազուրկ: Դրա հիմնական պատճառը Ալավերդու պղնձաձուլարանի ազդեցություն է: Ավելի շատ մասնատված է հարավում հանդես եկող Լեջանի զանգվածը: Այստեղից են սկսվում մի շարք ժամանակավոր գործող հոսքեր, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավների: Վիրահայոց լեռների անվանումը կապված է Վիրք պատմական երկրի անվան հետ:
Լալվար լեռնագագաթ
Վիրահայոց լեռների արևելյան մասում է գտնվում Լալվար լեռնագագաթը: Հանդիսանում է լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Մասնատված է ճառագայթաձև տարածում ունեցող բազմաթիվ գետահովիտներով: Կատարային մասը հարթ է, տեղ-տեղ ալիքավոր: 2000-2200 մ բարձրությունների վրա կան քարափներ, ժայռեր ու աղբյուրներ: Լալվար լեռան լանջերը տարբերվում են միմյանցից, թե՛ մասնատվածությամբ, թե՛ անտառածածկ լինելով: Հս. և արմ. լանջերը ավելի քիչ մասնատված են և ավելի ատնառապատ քան հվ. և արլ. լանջերը: Գագաթային մասում` ինչպես ՀՀ-ի բոլոր բարձր լեռներին է բնորոշ, տարածվում են մերձալպյան և ալպյան բուսականությունը:
Լալվար լեռան արևմտյան փեշերին է տեղադրված Խորակերտի վանքը՝ 13-րդ դարի դարի ճարտարապետական հուշարձանախումբը։
Հայաստանի ազգային պատկերասրահում են գտնվում մեծանուն նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանի և Փանոս Թերլեմեզյանի Լալվար լեռան տեսարանը ներկայացնող կտավները:
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում