Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Նախկինում հայերը լեռնաշխարհի լճերը ծովեր են կոչել։ Լեռնաշխարհի երեք խոշոր լճերի (Սևան, Վան, Ուրմիա) գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, կան լավային արգելափակման լճեր, ընդ որում Սևանը և Վանա լիճը նաև լավային արգելափակման արգասիք են։ Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված նախկին սառցադաշտային կրկեսներում կամ մորենների մեջ։ Արգելափակման լճեր են ստեղծվել նաև փլուզումներից ու սողանքներից։ Կան նաև հարթություններում գետերից անջատված մնացորդային լճեր։
Հայկական լեռնաշխարհի յուրահատկություններից են հրաբուխների խառնարաններում առաջացած լճերը։ Այդ տեսակի լճեր Մերձավոր արևելքում գոյություն ունեն միայն Հայկական լեռնաշխարհում։ Խառնարանային կամ հրաբխային են կոչվում այն լճերը, որոնք գոյացել են հրաբխային խառնարանի կամ կալդերայի ջրով լցվելու հետևանքով: Քանի որ խառնարանը, որպես կանոն, ունի կլոր ձև և բարձր պատեր, խառնարանային լիճը ունենում է շատ քիչ թափվող գետեր և գրեթե չի ունենում հոսք: Սովորաբար խառնարանը լցվում է անձրևաջրերով և հավասարակշռության է հասնում ջրի դուրս հոսելու և գոլորշանալու շնորհիվ:
Այս հոդվածում ներկայացրել ենք միայն Հայկական լեռնաշխարհի այն լճերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հայաստանի Հանրապետության լճերին անդրադարձել ենք առանձին հոդվածով։
Լճերի նկարագրությունը սկսենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լճից, իսկ վերջում կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանային լճին։
Սաբալան
Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ գագաթն է ըստ բարձրության։ Լեռան խառնարանում գոյացած լիճն էլ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լիճն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։
Ուրմիա (Կապուտան)
Ուրմիան անհոսք լիճ է։ Մակարդակի տատանումները տարվա ընթացքում մեծ են և քանի որ լիճը շատ ծանծաղ է, ուստի ափագիծը շատ է ետ ու առաջ շարժվում, դրանից մակերեսը անընդհատ փոխվում է։ Լճի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի։ Կա ենթադրություն, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս գետի միջոցով։ Սոհունդ հրաբխի արտավիժմամբ կապը կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել նաև Արաքսի հետ։
Ուրմիան սնվում է անմիջապես լճի մակերևույթին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։
Լճի ջուրը շատ աղի է։ Կենդանական աշխարհը գրեթե բացակայում է աղիության պատճառով․ կան միայն որոշ ջրիմուռներ։
Ուրմիան Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ մերձավոր արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Վանա լճին։
Նկարում կարող եք տեսնել Վան և Ուրմիա լճերի մակերեսների տարբերությունը։
Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն լավային արգելափակման լճերը։ Ոչ վաղ անցյալում դրանք ավելի շատ են եղել։ Արարատյան դաշտի տեղում, Շիրակում, Վերին Ախուրյանի, Սիսիանի և այլ գոգավորություններում նախկինում լճեր են եղել։ Արգելափակման լճերից են Ծովակ Հյուսիսոն, Արփին, Մադաթափան, Խոզապինը, Խանչալին, Սաղամոն, Փարվանան, Տաբածղուրը և այլն։
Ծովակ Հյուսիսո
Ծովակ Հյուսիսոն Հայկական լեռնաշխարհի լավային արգելափակման լճերից ամենամեծ ու խորը լճերից է։ Գտնվում է լեռնաշխարհի հյուսիսում: Մակերեսը՝ 84 ք․կմ է: Գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը 42 մետր է:
Լիճը տեկտոնական գոգավորության մեջ է: Նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է: Ծովակ Հյուսիսոն ձմռանը սառցակալում է։
Ձմռանը սառցակալած Ծովակ Հյուսիսո լճի վրա ձիերով տուրեր են անցկացնում և ցանկացողները կարող են օգտվել այս ծառայությունից։
Փարվանա
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
Տաբածղուր
Տաբածղուր անհոսք լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 ք․կմ, խորությունը մինչև 40 մ։ Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ։ Լիճն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն։
Մադաթափա
Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 2112 մ բարձրության վրա։
Լճի մակերեսը՝ 8,78 ք․կմ է, ջրի ծավալը՝ 9,66 մլն խմ, միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է: Ծածկված է ալպյան և ենթալպյան բուսականությամբ: Լճափը ցածրադիր է և ծածկված է ջրային բուսականությամբ: Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից։ Գարնանը ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը ցածրանում: Լճից սկիզբ առնող գետի և դուրս բխող ստորգետնյա ջրերի պատճառով լճի մակարդակը կտրուկ փոփոխվում է։
Խոզապին
Խոզապին Լիճը կոչվում է նաև Կարծախի լիճ։ Գտնվում է Կարծախ գյուղից հարավ-արևելք։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը:
Խանչալի
Խանչալի լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում։ Երկարությունը մինչև 7,5 կմ է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությունը՝ 1931 մ, խորությունը՝ 0,8 մ։ Սնվում է ձնհալքի ջրերով։ Լճի շրջապատը ճահճոտ է, ջուրը պղտոր է՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար ոչ պիտանի։ Խանչալի լճի ափին գտնվում են Նինոծմինդա քաղաքը, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի գյուղերը:
Դառան
Դառան լիճը գտնվում է Սամսար լեռան արևմտյան լանջին՝ գագաթից 7,3 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 2082 մ է։
Սաղամո
Սաղամո լիճը տեղակայված է Փարավանա գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա: Լճի մակերեսը կազմում է 4,8 ք․կմ, միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը՝ 2,3 մ: Ունի տեկտոնական ծագում: Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է: Լիճն ունի սեղանի ձև: Ջուրը քաղցրարահամ է, ձկներով առատ։ Հյուսիս-արևելյան ափին գտնվող Սաղամո գյուղի անունով լիճը կոչվում Սաղամո։ Ձմռանը սառցակալում է:
Գայլատու
Գայլատու լիճը գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակերևույթից 2247 մետր բարձրության վրա: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։
Գայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):
Նազիկ
Նազիկն անհոսք լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1815 մետր է։ Առաջացել է Սիփանի և Նեմրութի հրաբխային լավաների արգելափակումից։ Գտնվում է բարձրլեռնային տեկտոնական գոգավորությունում, եզրավորված է հրաբխային լեռնազանգվածներով։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ 6,5 կմ, մակերեսը՝ 40 կմ², ջրհավաք ավազանը՝ 800 կմ²։ Սնումը հալոցքային և անձրևային է։ Ջուրը քաղցրահամ է, վճիտ, օգտագործվում է խմելու նպատակով։
Խաչի լիճ կամ Խաչլվա ծով
Խաչի լիճը նույնպես գտնվում է Վանի ավազանում՝ Նազիկ լճից 10 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1580 մետր բարձրության վրա։ Առավելագույն խորությունը 7 մետր է։ Ջրի մակարդակը գրեթե չի տատանվում ողջ տարվա ընթացքում։ Ձմռանը սառում է։
Արին
Արին լիճը գտնվում է Սիփան լեռան լանջին՝ Վանա լճի ափագծից 1 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1654 մ է։ Անհոս լիճ է։ Լճում կենդանական աշխարհը բացակայում է։
Արճակ կամ Արճիշակ
Արճակը ոչ մեծ աղի լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում՝ Վան քաղաքից հյուսիս-արևելք։ Լիճը տեղադրված է Վասպուրականի կառուցվածքա-տեղատարումնային բարձրավանդակում։
Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1803 մետր։ Մակերեսը՝ 100 ք․կմ․։ Դեպի արևելք բացված պայտաձև, անհոսք լիճ է։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։
Արճակ լիճն ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Կոտուրի լեռների լեռնաճյուղերով։
Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։
Արճակի մասին բազմաթիվ առասպելներ կան։ Արճակցիները հավատում էին, որ լճում ապրում են մի հրեղեն տղամարդ, մի հրեղեն կին և մի հրեղեն ձի։ Արճակ գյուղի մոտ կար մի աղբյուր։ Ասում էին, որ տարին մեկ անգամ հրեղեն կինը լողանում էր այդ աղբյուրներում։ Երբեմն լճից դուրս էր գալիս նաև հրեղեն ձին և կոխկռտում բոլոր օձերի բները։ Եվ մարդիկ հավատում էին, որ եթե չլիներ հրեղեն ձին աշխարհը հիմա օձերով էր լցվել։ Հրեղեն տղամարդը հազար տարին մեկ դուրս էր գալիս լճից, որ սիրի հողածին կնոջ և մի հրեղեն ժառանգ թողնի աշխարհին։
Ծովք (Խարբերդի ծով)
Ծովք լիճը գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևմտյան հատվածում՝ տեղադրված հյուսիսից և հարավից զուգահեռ ձգվող բարձր լեռնաշղթաների միջև։ Առաջացել է փլուզման հետևանքով։ Գտնվում է ծովի մակերևույթից 1240 մետր բարձրության վրա։ Մակերեսը 78 ք․կմ է։ Նրանից սկիզբ է առնում Տիգրիս գետը։ Լճի շրջակա լեռնալանջերը ծածկված են փարթամ անտառներով։ Տեղանքն ունի կուսական գեղեցկություն և առողջարանային կլիմա։
Ալհարակ
Ալհարակ լիճը գտնվում է Ալհարակ լեռան լանջին։ Ձևավորվել է հզոր երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել 1139 թվականին։ Երկրաշարժի հետևանքով Ալհարակ լեռը քանդվել է և ծածկել գետի կիրճը։ Ալհարակը և շրջակա վայրերը հանգստի գոտի են, համարվում է, որտեղի օդը բուժում է մարդկանց շնչուղիները և նյարդային համակարգը։
Տերտեր
Գտնվում է Վարագ լեռնագագաթից 7 կմ արևելք։ Կոչվում է նաև Քեշիշ, Վարագ, Թուրնա։
Ծովալիճ
Արևելապոնտական ծալքաբեկորավոր լեռներում են գտնվում բազմաթիվ մեծ ու փոքր լճեր, որոնցից մեկն է Ծովալիճը։
Ծովալիճը գտնվում է Քաջքար լեռան հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3380 մետր բարձրության վրա։
Թորթում
Թորթում գետը Օլթի գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է: Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Թորթումի հովտում տեղի ունեցած փլուզման արդյունքում գետն արգելափակվել է առաջացնելով Թորթումի լիճը: Լիճն ունի 8 կմ երկարություն և 1 կմ լայնություն, խորությունը՝ 100 մ:
Սև լիճ
Սև լիճը գտնվում է Արսիանի անտառապատ լեռների լանջերին՝ Շավշատի 12 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1632 մ է։
Ձկնալիճ
Ձկնալիճը գտնվում է Արձնիքում՝ պատմական Արձն քաղաքից ոչ հեռու։ Այս փոքր լճակը սրբացվել է դարեր առաջ և մինչ օրս տեղացիները նույնիսկ ձուկ չեն բռնում լճից։ Լճում մեծ ձկներ են ապրում, որոնք սուրբ ձկներ են համարվում։
Հայերի շարած աղյուսե պատերի հիմքերը դեռ պահպանվում են։
Կարսի Այղր
Այղր լիճը գտնվում է Կարս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2130 մետր։ Լճի շրջակայքը հարուստ է վայրի թռչուններով։
Վան
Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Հնում կոչվել է Տոսպ, Ռշտունյաց ծով, Աղի լիճ, Վասպուրականի ծով, Տառեխի լիճ, Բզնունյաց ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հրաբխային բարձրավանդակում, ծովի մակարդակից 1716 մ բարձրության վրա։ Լճի հայելին զբաղեցնում է 3760 մ տարածք։ Խորությունը 451 մետր է։
Ունի տձև կտրտված ափագիծ, երկարությունը 125 կմ է, լայնությունը 51 կմ։ Լճի հարավային ափով ձգվում են Հայկական Տավրոսի, Շատախի և Ռշտունյաց լեռները, որոնց զառիթափ լանջերը մխրճվում են լճի մեջ։ Լճում կա 4 կղզի՝ Առտեր, Աղթամար, Կտուց և Լիմ։
Վանա լիճն ունի լավային արգելափակման ծագում։ Նեմրութի ժայթքման հետևանքով փակվել են գետերի հուները, որի հետևանքով տեկտոնական գրաբենի հովտում գոյացել է լիճը։ Ըստ Հ․Լինչի՝ պատվարը լճից բարձր է 80 մ։
Լճի շատ հետազոտողներ նրա տարբեր մասերում հայտնաբերել են լճային դարավանդներ՝ տարբեր բարձրությունների վրա, նույնիսկ մինչև 45 մետր լճից բարձր։ Դրանից հետևում է, որ դարավանդների առաջացումից հետո տեղանքը աստիճանաբար բարձրացել է։ Լճի մակարդակը շատ անգամ տատանվել է։ Սնումը խառն է, գլխավորապես ձնաանձրևային, իսկ հյուսիսում և արևմուտքում ստանում է նաև ստորգետնյա սնուցում։
Վանա լիճն անհոս է, նրա ջրի ծախսը կատարվում է հիմնականում գոլորշացման միջոցով: Օրգանական աշխարհի համար նպաստավոր պայմաններ չկան, ուստի այստեղ ապրում է միայն տառեխ ձուկը, այն էր գետերի գետաբերանների մոտ։ Այս ձուկը տեղացիները ապխտում են և օգտագործում են նաև ձմռանը։ Վանա լճի ավազանում շատ են հնագույն տաճարների, կամուրջների, վիշապների և այլ պատմական հուշարձանների մնացորդներ և ուրարտական շրջանի սեպագիր արձանագրություններ։
Հնագույն ժամանակներից Վանա լճում գոյություն ունի նավարկություն։ կարևոր նավահանգիստներն են վանը, Դատվանը, Խլաթը և Արճեշը։
Ավանդություններից մեկի համաձայն Վանա լճում ապրում էին հսկա վիշապներ, որոնց հետ միշտ կռվում էին հրեշտակները։ Երբ վիշապները դառնում էին 1000 տարեկան, հրեշտակները նրանց ջրից դուրս էին քաշում, մոտեցնում արեգակին և այրում։ Վիշապների փոշին ցած էր թափվում և լիճը պատվում էր մառախուղով։
Նեմրութա Ծովակ
Նեմրութ (Սարակն) գործող հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան ափին: Հիմքի շրջագիծը մոտ 50 կմ է։ Հրաբխի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որտեղ առաջացել են Նեմրութի լճերը։ Լճերից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում: Այն նաև աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Լեռան ողջ զանգվածն ունի սառնորակ և հանքային ջրի մեծ պաշարներ։ Խառնարանի լճերից ամենամեծն ունի Նեմրութա Ծովակ անունը։
Այս հոդվածում ներկայացված էին միայն Հայկական լեռնաշխարհի լճերը։ Ծանոթացեք նաև Հայաստանի լճերին։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: