Փարվանա լիճ / Ջավախք
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ջավախքում առանձնացնում ենք 6 խոշոր լիճ՝ Մադաթափա (2108 մ), Փարվանա (2706 մ), Տաբածղուր (1990 մ), Սաղամո (1986 մ), Խանչալի (1928 մ) և Խոզապին (1798 մ):
Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության` Փարվանա լիճը երկրորդն է:
Փարվանա
Փարվանան` Ջավախքի մայր գետը, հոսում է երկրամասի գրեթե կենտրոնով և արևմուտքում` Խերթվիս բերդի մոտ, միախառնվում Կուրին: Երկրամասի մնացյալ բոլոր գետերը Փարվանայի աջ ու ձախ վտակներն են: Դրանց թվում են Բուղդաշեն, Քառասնակն, Հեշտիաջուր, Աբլար, Ճանճղաջուր և Ջոբարեթ վտակները: Գետերը մշտահոս են, սնումը` հիմնականում աղբյուրներից: Բացառությամբ Փարվանա գետի, որի հունն առավելապես անցնում է ձորամիջով, մյուս գետերն ու վտակները հոսում են հարթ տարածություններով:
Փարվանա լճի լեգենդը
Ըստ լեգենդի Փարվանա արքան մի չնաշխարհիկ աղջիկ ուներ: Աղջկա ցանկությամբ արքան հրավիրում է բոլոր կտրիճներին, որպիսզի մրցությամբ իրենց ուժերը փորձեն: Աղջիկը պետք է ներկա լիներ, որպիսզի տեսներ՝ ով կարող է արժանի լինել իր սիրուն: Սակայն աղջիկը չի ցանկանում մրցության միջոցով գտնել իրեն անկեղծորեն սիրող մարդուն: Կտրիճները, որոնք եկել էին մրցության, աղջկան առաջարկում են գանձեր և պարգևներ, բայց աղջիկը ոչինչ չի ընդունում: Իր ապագա կողակիցը դառնալու համար աղջիկը պահանջում է գտնել և բերել սիրո անշեջ հուրը: Աղջկա պահանջը կատարելու համար կտրիճները հասնում են մինչև աշխարհի ծայրը, սակայն ոչ ոք չի կարողանում գտնել երջանիկ սիրո անշեջ հուրը:
Շատ երկար սպասելով կտրիճներին՝ աղջկա հույսը մարում է և նա սկսում է լաց լինել: Նրա արտասուքից գոյանում է լիճ Ջավախքում, որը ծածկում է ամրոցն ու քաղաքը: Փարվանա դիցուհու արցունքներից գոյացած լիճը հենց Փարվանա լիճն է:
Փարվանա լճի լեգենդի հիման վրա Թումանյանը գրել է իր «Փարվանա» ստեղծագործությունը: