Արփի լիճը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում՝ Աշոցքի սարահարթում, Թուրքիայի և Վրաստանի սահմանին, ծովի մակարդակից 2023 մ բարձրության վրա: Նախկինում Արփին փոքր լիճ էր, 4,5 ք. կմ մակերեսով և 1,6 մ խորությամբ: Լճի ջրերը գոյանում էին մոտակա լեռնային աղբյուրներից, գետակներից ու ձնհալից:
Տարածքում բնակվող մարդկանց կողմից ինտենսիվ արածեցումը հանգեցրեց նրան, որ Արփի լիճն ու որոշ խոնավ տարածքներ սկսեցին չորանալ: Այդ պատճառով, 1946-1951 թվականների ընթացքում լիճը արհեստականորեն մեծացվեց և վերածվեց ջրամբարի: Այսպիսով Արփի լճի տարածքը հասավ մինչև 22 ք. կմ, ջրի ծավալը՝ մինչև 100 խորանարդ կիլոմետր, իսկ լճի միջին խորությունը հասավ 4 մետրի:
Արփի լճից սկիզբ է առնում Ախուրյան գետը: Լիճը արհեստականորեն ընդլայնելուց հետո, այն դարձավ երկրորդ ամենամեծ ջրային ավազանը Հայաստանում, Սևանից հետո: Արփի լճի ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգիա ստանալու համար:
«Արփի լիճ» ազգային պարկ
Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակը առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ: Ուստի, այս տարածքը պահպանելու համար 2009 թվականին ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ջավախք-Շիրակ բարձրավանդակի հայաստանյան հատվածում գրանցվել է ավելի քան 140 թռչնատեսակ, որոնցից շատերը բնադրում են Արփի լճի ավազանում։ Ազգային պարկում՝ Արփի լճի հարևանությամբ, գտնվում է հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում: Սա նաև գանգրափետուր հավալուսնի միակ բնադրավայրն է Հայաստանում: Գանգրափետուր հավալուսնը բնադրող-չվող թռչուն է, որը պատկանում է հավալուսների ընտանիքին: Նրա գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ, իսկ կոկորդային պարկը վառ նարնջագույն է: Գանգրափետուր հավալուսնը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:
Այստեղ բնակվող թռչունների որոշ տեսակներ ընդգրկված են «Բնության Պահպանության Միջազգային Միության» (IUCN) Կարմիր ցուցակում:
Պարկում կա կաթնասունների 30 տեսակ: «Արփի լիճ» ազգային պարկում պահպանվում է նաև Դարևսկու իժը, որին կարելի է հանդիպել միայն այստեղ:
Բազմազան է նաև ազգային պարկի բուսական աշխարհը: Պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան: Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են:
Ձմռանը լիճն ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ափին է գտնվում Պաղակն բնակավայրը, որտեղ գրանցվել է ՀՀ ամենացածր ջերմաստիճանը (-46):
Պատմական ակնարկ
Ամասիայի շրջանը Հայաստանի Առաջին Հանրապետության ու Խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով։
Թուրքերը հավակնում էին այդ տարածքին, որը կոչում էին Աղբաբա։ Սակայն շուրջ 1000 քառակուսի կիլոմետր զբաղեցնող Աղբաբան նրանք զիջեցին հայերին։ Այդ զիջումը պայմանավորված էր նրանով, որ ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները պայմանավորվել էին, որ Սուրմալուն պետք է անցնի թուրքերին, սակայն դրա դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից։ Բաթումի շրջանը տարածքով ավելի փոքր էր Սուրմալուից և այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: