info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կտուց կղզի

Կտուց կղզի

Կտուց կղզի

Վանա լիճը նախկինում ունեցել է յոթ կղզի, որոնցից մնացել են միայն չորսը՝ Կտուց, Լիմ, Առտեր և Աղթամար կղզիները: Կտուց կղզին համարվում է մեծությամբ երկրորդը՝ Լիմ կղզուց հետո՝ գտնվելով Վանա լճի արևելքում:

Կտուց կղզի

Վանա լճի տեղատվության ժամանակ Կտուցը դառնում է թերակղզի։ Կտուց կղզում չնայած հարթավայրային հատվածները բավականին շատ են, սակայն կղզին հիմնականում քարքարոտ է: Հարթավայրերն օգտագործվել են որպես վարելահողեր՝ մշակելով այդ հողերն ու ցանելով հացահատիկ: Իսկ հարթավայրերի մյուս հատվածներն օգտագործում էին բանջարանոցների և այգիների ստեղծման համար: Նախկինում կղզում առավել խիտ են տարածված եղել նշենիները:

Անվան ծագում

Կտուց կղզի անվան ծագման հետ կապված կա երկու տարբերակ: Առաջին վարկածն ունի զուտ աշխարհագրական բացատրություն՝ կապված լինելով կղզու ձևի հետ, որը կտուց է հիշեցնում: Մյուս տարբերակում Կտուց կղզու և համանուն անապատի անունը բացատրվում է Կտուց անապատի հետ կապված ավանդությունով:

Ավանդություն

Ավանդության համաձայն Կտուց անապատը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, ով Հռոմից իր հետ բերել էր Կենաց փայտի մաս և յոթ սրբերի նշխարներ: Հասնելով Կտուց կղզի, նրան ինչ-որ ձայն ասել է՝ «Մեզ այստեղ ամփոփիր»: Եվ Գրիգոր Լուսավորիչը նշխարներն ամփոփել է Կտուց կղզում՝ յուրաքանչյուրի ամփոփված հատվածում հիմնադրելով յոթ եկեղեցի՝ յոթ սրբերի անուններով:

Կտուց կղզի

Արդյունքում տարիների ընթացքում այնտեղ միաբանների թիվը հասնում է մինչև 500-ի: Մի օր միաբաններից երեքը մահանում են, սպասավորները նրանց շուրջ հայտնաբերում են «կուտուց» հրեշտակների՝ մի խումբ հրեշտակների: Եվ սկսում են գոռալ «Կուտուց հրեշտակներ են իջել, կուտուց հրեշտակներ…»: Եվ այդ դեպքից հետո կղզին ու մենաստանը սկսում են կոչել «Կուտուց», «Կտուց»: 

Կտուց անապատ

Կտուց կղզում է գտնվում համանուն անապատը: Չնայած, ըստ ավանդության կղզում եղել է յոթ եկեղեցի, սակայն պատմական վկայությունները նշում են միայն չորս եկեղեցու անուն՝ Սբ. Կարապետ, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գրիգոր, Սբ. Հովհան:

Ս. Կարապետ եկեղեցի

Սբ. Կարապետ եկեղեցին հայտնի է եղել նաև Սբ. Խաչ անունով՝ այդպես հիշատակվելով ձեռագիր մի շարք աշխատություններում: Չնայած 15-րդ դարում անապատը վերանորոգվել է, սակայն 16-րդ դարում այն ավերվել է և ամայացել: Իսկ ահա 17-րդ դարում ավերված անապատից վերականգնվել է վերոնշյալ չորս եկեղեցիներից միայն մեկը՝ Ս. Կարապետը:

Կտուց կղզի / Կտուց անապատ


1910-ական թվականներին Կտուց անապատին էին պատկանում
ընդարձակ վարելահողեր, անտառներ, այգիներ, մեկ ջրաղաց, ձիթհանք: Բացի այդ, Կտուց անապատին էին պատկանում Վանում, Ադրիանապոլսում, Թիֆլիսում և Պոլսում գտնվող մի շարք խանութներ: Իսկ մինչ Մեծն Եղեռնը Կտուց անապատի միաբանությանն էին ենթարկվում Թիմարի ութ գյուղերը՝ Ալիվր, Խավենց, Դռլաշեն, Աննավանք , Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշեն:

Ճարտարապետություն

Արդեն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կտուց անապատը բաղկացած է եղել Սբ. Կարապետ եկեղեցուց, գավթից, զանգակատնից և «Դրսի տունք» կոչվող հատվածից: Կտուց անապատի Սբ. Կարապետ եկեղեցին վերակառուցվել է 1713թ., իսկ գավիթն ու զանգակատունը՝ 1802թ.: Հիմնական հոգևոր շինությունները կառուցված են սրբատաշ ֆելզիտ քարերից:

Եկեղեցին քառանկյուն է՝ բաղկացած երկու ուղղանկյուն ավանդատներից: Եկեղեցու սեղանը նվիրված է եղել Սբ. Աստվածամորը, աջակողմյան խորանը՝ Սբ. Կարապետին, իսկ ձախակողմյանը՝ Սբ. Ստեփանոս Նախավկային: Սբ. Կարապետի արևմտյան կողմում՝ եկեղեցուն կից գտնվում է գավիթը՝ ներքուստ բաժանված լինելով 9 հատվածների: Իսկ գավթի արևմտյան դռան առջև՝ զույգ սյուների վրա, բարձրանում է զանգակատունը։ Արտաքին հարդարանքը զուսպ է, սակայն ոչ աղքատիկ, իսկ ներսից պատերը զարդարված են եղել որմնանկարներով:

Ս. Կարապետ եկեղեցի

«Դրսի տունք» հատվածը բաղկացած էր միաբանների համար նախատեսված սենյակներից, մի փոքր եկեղեցուց, փոքր դպրոցական շենքից և տնտեսական կառույցներից՝ գոմեր, հացահատիկի շտեմարաններ: Բացի այդ, «Դրսի տունք» հատվածում գտնվում էր նաև գիշերօթիկ որբանոցը, որն ըստ 1909թ. տվյալներով ուներ 15 սան: Որբանոցը հովանավորվում էր անապատին պատկանող խանութներից ստացված եկամտի միջոցով:

Կտուց անապատ

Եկեղեցու արևելյան կողմում կար մի մեծ սենյակ, որը նախատեսված էր նշանավոր հյուրեր ընդունելու համար, իսկ հարավային կողմում գտնվում էր վանահոր համար նախատեսված կացարանը: Կտուց անապատում կար նաև փոքրիկ մատենադարան, որտեղ պահպանվում էին հին ձեռագիր Ավետարաններ և այլ կրոնական գրքեր:

Միաբանություն

Կտուց անապատի միաբանությունն այդքան էլ մեծ չի եղել և ենթարկվել է Էջմիածնի կաթողիկոսությանը՝ լինելով Լիմ միաբանության քույր միաբանությունը: 1873թ. տվյալներով Կտուց անապատի միաբանությունը կազմված էր 33 հոգուց, որոնցից 12-ը եղել են վարդապետներ: Իսկ 1909թ. Կտուց անապատ այցելած Հովհաննես Տեր-Մարտիրոսյանի վկայմամբ, միաբանությունը կազմված է եղել ընդամենը երեք վարդապետներից՝ Ստեփանոս Աղազեյան, Եղյա, Գրիգոր:

Վարդապետ Ստեփանոսն ապրում էր «Դրսի տունք» հատվածում և պատասխանատու էր անապատի ընդհանուր հսկողության համար: Եղյա վարդապետը անապատի ավանդապահն էր և մշտապես գտնվում էր Կտուց կղզում: Իսկ Գրիգոր վարդապետն ապրում էր անապատին պատկանող կալվածքներում և պատասխանատու էր տնտեսության, վար ու ցանի համար:

Կտուց կղզին ամայացել է 1915թ. Մեծ Եղեռնի օրերին՝ վանահայր Եղիազար Ծայրագույն վարդապետ Պետրոսյանի օրոք: Սպանվածների մեջ նշվում են ևս 7 միաբանների անուններ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին