Կոշաբերդ
Պատմություն
Կոշաբերդի մասին ոչ մի վկայություն, արձանագրություն կամ հիշատակություն չի պահպանվել։ Միայն հայտնի է, որ այն միջնադարյան կառույց է, որը թվագրում են 10-13 դդ.։ Հուշարձանագետ Ս. Կարապետյանի խոսքով, Կոշաբերդը Ալավերդի բնակավայրի հետ միասին պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին։
Նշվում է, որ այդ ժամանակաշրջանում Լոռվա տարածքում իշխող Դավիթ Անհողինը (989-1048թթ.) կառուցել էր 20 բերդ-ամրոցներ, և մասնագետները կարծում են, որ Կոշաբերդը այդ 20 ամրոցներից մեկն է եղել:
Բերդի նշանակությունը
Կոշաբերդը՝ Աղջկա բերդի, Աշոտ Երկաթի ամրոցի հետ միասին համարվել է հայկական հզոր բերդերից մեկը՝ իշխող դիրք ունենալով Դեբեդի կիրճի վրա:
Բերդի պարիսպների զգալի մասը պահպանված է և, չնայած ավերված վիճակին, կարելի է նկատել նաև աշտարակների հետքերը: Վերջիններս համատեղված են եղել ներքին կառուցում ունեցող պահակակետերի հետ:
Քանի որ Կոշաբերդ ամրոցից բացվում է հիանալի՝ լայն հորիզոն ունեցող տեսարան, մասնագետները կարծում են, որ այն միանշանակ եղել է ռազմական նշանակության պաշտպանական բերդ: Այդ մասին է վկայում նաև բերդի տեղադրությունը: Գտնվելով բարձր ժայռի վրա, բերդը, բացի պարիսպներից, ուներ նաև հիանալի բնական պաշտպանություն:
Կառուցվածքը
Կատարված փոքրածավալ ուսումնասիրություններից ենթադրվում է, որ բերդը առաջին հերթին ապաստան է եղել զինված ուժերի համար:
Դրա մասին են վկայում բերդի ծավալներն ու կառուցողական առանձնահատկությունները: Բացի այդ, բերդի տարածքում պահպանվել են Կոշաբերդ գյուղատեղիի (10-17-րդ դդ.), գերեզմանոցի (10-13-րդ դդ.), մատուռի (10-13-րդ դդ.) քարայր-կացարանի (13-18- րդ դդ.), եկեղեցու (18-րդ դ.) ավերակներն ու պարսպապատի որոշ հատվածները:
Վրացական հիշատակությունները
Որոշ վրաց պատմիչներ վկայում են պատմական իրադարձությունների մասին, որոնք կատարվում էին Մադան գյուղի շրջակայքում, և իրենց աշխատություններում անդրադառնում և նշում մի ամրոցի հզորության մասին, որի շնորհիվ վրաց արքանները մշտապես խուսափել են ընդլայնել իրենց հարձակումները: Այդ ամրոցը վրաց պատմիչները կոչում են Մադանի բերդ: Ստացվում է, որ ամենայն հավանականությամբ խոսքը հայերի մեջ Կոշաբերդ անունով պահպանված ամրոցի մասին է, քանի որ Մադան բնակատեղիի մոտակայքում այլ բերդ կամ ամրոց չի եղել:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: