Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդ թաղամասը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:
Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:
Կոնդի առօրյան
Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները:
Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:
Կոնդի ամենադաժան թշնամին կրակն է
Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները. կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները: Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում:
Տեքստը` «ԵՐԵՎԱՆ» ամսագրից
Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի