Կիրանցի վանք
Կիրանցի վանքը գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղից 12կմ դեպի արևմուտք` համանուն վտակի ձախ ափին: Այն իր աղյուսաշեն հորինվածքով համարվում է հայկական եկեղեցաշինության եզակի օրինակներից մեկը:
Իր ճարտարապետական և կառուցողական հորինվածքից հետևություններ անելով՝ մասնագետները վանքը թվագրում են 13-րդ դար:
Անվան ծագումը
Անվան ծագման հետ կապված, թերևս կարող ենք նշել միայն վանքի մասին ավանդությունը, քանզի միայն այդպես կարող ենք ինչ-որ կերպ բացատրել անվան ընտրությունը: Ըստ ավանդության, մի քարագործ վարպետ ունենում է շատ ընդունակ աշակերտ։ Նա մեն-մենակ կառուցում է այս վանքը։ Վերջացնելուց հետո կանչում է վարպետին իր առաջին աշխատանքը գնահատելու։ Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը նախանձում է աշակերտին։
Նա ամեն կերպ աշխատում է թերություն գտնել, բայց չի կարողանում։ Երկար մտածելուց հետո ասում է՝ «Կիրը անց է կացրել»։ Այստեղից էլ վանքի անունը մնում է Կիրանց վանք:
Պատմություն
Կիրանց վանքի տարածքում նախկինում եղել է Մեծ Կունեն խոշոր բնակավայրը, որտեղ ապրում էին քաղկեդոնականությունն ընդունած հայեր: Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ կառուցվել է վանքը: Սրանով է բացատրվում վանքի քաղկեդոնական եկեղեցիներին բնորոշ որոշակի առանձնահատկությունները:
Բացի այդ 10-13-րդ դարերի շատ հայկական եկեղեցիների արձանագրություններ կատարված են վրացերենով՝ պայմանավորված այդ ընթացքի քաղաքական իրավիճակից:
Ճարտարապետությունը
Համալիրի վանքապատկան գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են՝ կառուցված սրբատաշ քարե մանրամասներով: Քարաշեն են միայն որմնախարիսխները, ծածկասալերը և առանձին հատվածներ: Ահա այս ամենի շնորհիվ էլ վանքը եզակի օրինակ է հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ: Վանական համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, սեղանատնից և աշխարհիկ մի քանի այլ կառույցներից՝ ամբողջովին պարփակված լինելով պարիսպներով:
Գլխավոր եկեղեցու օրինակով են կառուցված մյուս երկու, սակայն ավելի փոքր չափեր ունեցող եկեղեցիները: Երեք եկեղեցիների մուտքերը արևմտյան կողմից են՝ բացվելով կամարակապ սրահից։
Գլխավոր եկեղեցի
Եկեղեցու հատակագիծը քառանկյուն է: Խորանը գտնվում է արևելյան կողմում՝ ունենալով մեկ ավանդատուն: Եկեղեցու հիմք են հանդիսանում երկու հենասյուները և ութ որմնասյուները, որոնք միմյանց հետ կապվող կամարների շնորհիվ պահում են գմբեթը: Վերջինս ունի սրածայր, կոնաձև ծածկով պսակված ութանիստ բարձր թմբուկ: Պատուհանների շուրջը և թմբուկի միջին հարթությունը ծածկված են երկնագույն աղյուսներով։
Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, որոնք ինչպես նշեցինք, վկայում են վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:
Սեղանատուն
Սեղանատունը գտնվում է գլխավոր եկեղեցուց դեպի արևմուտք: Ինչպես սեղանատունը, այնպես էլ թաղածածկը կառուցված են անձև գետաքարերից և կրաշաղախով շարված ավազաքարերից: Այն իրենից ներկայացնում է ընդարձակ մի դահլիճ՝ լուսավորվելով հարավային և արևելյան կողմերի պատուհաններով: Մուտքը գտնվում է արևելյան կողմում: Որոշակի հատվածներում դեռ նկատելի են որմնանկարները՝ արված կրկին կրաշաղախ հիմքի վրա:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: