2020 թվականին մեկնարկեցինք ArmGeo մանկապատանեկան ակումբը, որի շրջանակներում նաև իրականացրեցինք երկու մանկական վրանային ճամբար Սևանա լճի ափին:
Վրանային ճամբարներ իրականացնելը նպատակ ուներ պատրաստել փոքրիկ արշավականներին արշավային կյանքին ու բնության մեջ ապրելուն: Մանկական արշավների հաջողությունները և դրական արձագանքները նույնպես նպաստեցին, որ մենք իրականացնենք այս ծրագիրը:
Ինչպե՞ս անցան ճամբարները
Վրանային ճամբարների մասնակիցները 7-14 տարեկան երեխաներն էին: Երկու ճամբարն էլ ղեկավարում էր ArmGeo մանկապատանեկան ակումբի արշավները ղեկավարող և իրականացնող Կարեն Սարգսյանը, որը երեխաների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեցող մարզիչ-մանկավարժ է:
5-օրյա ճամբարներն անցան բավականին հետաքրքիր ու արդյունավետ օրակարգերով: Քայլարշավ իրականացնելն օրվա պարտադիր ու կարևոր անելիքներից էր: Մենք կա՛մ բարձրանում էինք Արտանիշ սարը, կա՛մ էլ քայլարշավ իրականացնում Արտանիշի ծոցում: Բացի քայլարշավներից՝ մենք ունենում էինք նաև լողի դասաժամ, որն անց էր կացվում հենց Սևանա լճում: Այս դասընթացը նույնպես իրականացնում էր Կարեն Սարգսյանը, որը հենց լողի մարզիչ է:
Սա ճամբարների մասնակիցներից շատերի համար օրվա ամենասիրելի հատվածն էր, որից նրանք մեծ բավականություն էին ստանում: Մարզիչ Կարենը լողալուց բացի՝ երեխաներին նաև տեսական գիտելիքներ էր տալիս սապբորդինգի մասին, այնուհետև սովորեցնում կանգնել սապի վրա ու վարել այն: Ճամբարների ընթացքում մենք կազմակերպում էինք նաև բազմաթիվ սպորտային և թիմային խաղեր, որոնց ընթացքում երեխաները սովորում էին լինել թիմի անդամ, օգնել իրար, հասնել հաջողության միմյանց օգնությամբ:
Մենք երեխաների հետ նաև ունենում էինք կարճատև զբոսանքներ, որոնց ընթացքում ուսումնասիրում էինք Սևանի շրջակայքը ու հետաքրքիր առանձնահատկություններ բացահայտում տեղանքի մասին: Իսկ երեկոյան տեղի էր ունենում խարույկի արարողությունը, որի ժամանակ երեխաները հավաքվում էին խարույկի շուրջ, ամփոփում էին օրը, պատմում էին իրենց մասին, կիսվում հետաքրքրիր պատմություններով ու գնում էին քնելու:
Ճամբարների արդյունքները
Մեր կողմից իրականացված այս ճամբարները ցույց տվեցին, որ երեխաներն իրականում շատ հեշտ ու հաճույքով են ադապտացվում արշավային կյանքին, իսկ բնության հետ շփումը նրանց դարձնում է էլ ավելի հասուն ու գիտակից:
Երկու ճամբարն էլ վառ տպավորությունների, նոր ու նշանակալից փորձառությունների և անմոռանալի հիշողությունների ձեռքբերման համալիր գործընթացներ էին, որոնք մանկապատանեկան ակումբը համալրեցին նոր մասնակիցներով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: