Խոսրովի արգելոց
Խոսրովի անտառ արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա: Արգելոցը ի սկզբանե Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 1958 թվականին ձևավորվում է որպես Խոսրովի արգելոց: Գտնվում է Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի, Տասանորդի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:
Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի արգելոց անտառի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները:
Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:
« Խոսրովի Արգելոց » բնության հատուկ պահպանվող տարածքում կան բազմաթիվ բնության և պատմական հուշարձաններ:
Հավուց Թառ
Հավուց թառը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային կենտրոններից: Վանքը մեծապես տուժել է 1679 թվականի երկրաշարժից և վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ: Վանքի պահպանված եկեղեցիներից Ս. Աստվածածինը և Ս. Հարությունը առաջին անգամ հիշատակվում են 1423 թ մի հիշատակարանում:
Հավուց թառ վանական համալիրը միջնադարում հայտնի է եղել նաև որպես նշանավոր գրչօջախ, որտեղ գրչագրվել են բազմաթիվ մատյաններ:
Համալիրը ներկայումս գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո պահպանվող հուշարձանների ցանկում:
Խոսրովի արգելոցի ջրվեժները
Խոսրովի կամ Աղջոց ջրվեժները չորսն են, որոնք գտնվում են արգելոցի տարածքում: Դրանցից երկուսին ժողովուրդն անվանում է հեթանոսական աստվածների անունով՝ Աստղիկի և Վահագնի ջրվեժներ: Ըստ լեգենդի Աստղիկ դիցուհին ամեն երեկո ջրվեժի տակ լոգանք էր ընդունում:
Ըստ մի քանի ավադությունների մի օր էլ ընդերքի աստվածը գողանում է Աստղիկին և դրա հետևանքով վերանում են Սերն ու Գեղեցկությունը: Բայց ամպրոպի աստված քաջ Վահագնը, հաղթելով Վիշապին, ազատում է Աստղիկին: Այստեղից էլ ջրվեժներին տվել են Աստղիկ և Վահագն անունները:
Աղջոց վանք
Աղջոց վանք վանական համալիր է, որը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում: Գտնվում է Գեղարդից 7կմ հարավ: Կազմված է եկեղեցիներից, գավիթից, վանականների շինությունից և գերեզմանոցից: Եկեղեցիներից ամենախոշորը Սբ Պողոս-Պետրոսն է, որի մուտքի երկու կողմերում արված են Ս. Պողոս և Ս.Պետրոս առաքյալների բարձրաքանդակները:
Համալիրի շրջակայքում կա խաչքարներով հարուստ գերեզմանադաշտ: Վանքը բազմիցս ավերվել է երկրաշարժերի հետևանքով: Ներկայումս ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:
Լուսանկարները՝ Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի
Տեսանյութը՝ Կարո Սահակյանի