Խորանաշատ վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինարի գյուղի մոտակայքում։ 13-17-րդ դարերում վանական համալիրը եղել է նշանավոր գրչության կենտրոն, որտեղ գործել են բազմաթիվ նշանավոր պատմագիրները, նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Աղթամարեցին։
Վանական համալիրի 13-րդ դարի տասնյակ ձեռագրեր, ինչպես նաև համալիրի հայտնի Ավետարանը պահպանվում են Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ որպես միջնադարի գիտակրթական և մշակութային արժեք։
Պատմություն
Վանական համալիրի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու «Հայոց պատմություն» աշխատությունում, ըստ որի՝ վանքը հիմադրել է Մխիթար Գոշի աշակերտ Հովհաննես Վանական վարդապետը, իսկ վանական համալիրի առաջին հովանավորը եղել է Վահրամ Բ Գագեցին՝ Վահրամյանների հրամանատարը։
Վանական համալիրը բաղկացած է Սբ․ Աստվածածին, Սբ․ Կիրակի, Սբ․ Ճգնավոր եկեղեցիներից, գավթից և մի շարք այլ օժանդակ շինությունններից։
Անվան ծագումը
Խորանաշատ վանական համալիրը հայտնի է եղել նաև Խորանաշատ վարդապետարան, Խորանշատ, Խորենաշատ, Խորենաշատի վանք Վանականի, Վանական Վարդապետի վանք անուններով։ Չնայած անվան ծագման հետ կապված կան մի քանի տարբերակներ, որոնցից մեկի համաձայն վանքն այդ անունը ստացել է շրջապատում բազմաթիվ եկեղեցիների շնորհիվ՝ եկեղեցաշատ, այսինքն՝ խորանաշատ։
Իսկ ահա մյուս վարկածի համաձայն՝ վանական համալիրն անունը ստացել է գլխավոր՝ Սբ․ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական և հորինվածքի շնորհիվ։ Սբ․ Աստվածածին եկեղեցու ավագ խորանն ասես զարդարված է 12 փոքր խորաններով։
Երկու վարկածներն իրար հակասող չեն, քանի որ մերձակայքում կան եկեղեցիներ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ