Խնձորեսկի ճոճվող կամուրջը գտնվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Շահագործման է հանձնվել 2012 թվականին հունիսին, որով միմյանց է կապում Հին Խնձորեսկի երկու ձորափները՝ Ղանդունց նովն ու Ներքին թաղը։
Կամուրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մ, քաշը՝ 14 տոննա։ Կամրջով միաժամանակ կարող են անցնել միջին քաշ ունեցող մոտ 700 մարդ։ Կամուրջից բացվում է չքնաղ տեսարան դեպի ձորը: Կամուրջից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:
Ավանդազրույց
Ըստ ավանդույթի, երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար: Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղջկա հիշատակին, ի բարօրություն ինը որբերի, աղբյուր է կառուցում, որի թասը կնոջ կուրծք է հիշեցնում: Թասից ջուր հնարավոր է խմել միայն երկու ձեռքով հենվելով գետնին:
Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս… »:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: