info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կավարտի հունական եկեղեցի

Կավարտի հունական եկեղեցի

Կավարտի հունական եկեղեցի

Կավարտի հունական եկեղեցի կամ Սբ. Կատարինե (Կատերինա), Խարալամբոս եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի Կավարտ թաղամասից 4 կմ հեռավորության վրա՝ Կռկոռա լեռան լանջին: Ներկայումս եկեղեցին չի գործում, գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցին իր փայտագմբեթ հորինվածքով յուրահատուկ է հայաստանյան եկեղեցաշինության մեջ։

Ճարտարապետություն

Շինարարական արձանագրության համաձայն՝  1865 թ. եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները: Եկեղեցին գմբեթավոր շինություն է, կառուցված է մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Ենթադրվում է, որ քարը ուղտերով այստեղ է տեղափոխվել Շուշիի մոտակայքի քարհանքերից։ Հետաքրքիր գույնային երանգ է հաղորդում եկեղեցուն՝ քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների կառուցման ժամանակ օգտագորժված սպիտակադեղնավուն կրաքարը։ Զանգակատունը եկեղեցուն կից է արևմտյան կողմից։

Կավարտի հունական եկեղեցի

Եկեղեցին այսօր գտնվում է խիստ վթարային վիճակում, քանի որ 1960-ական թվականներին եկեղեցու շրջակայքում պարբերաբար իրականացվել են պայթեցումներ հանքերի շահագործման համար։

Դեպի Կավարտի հունական եկեղեցի իրականացրած արշավի ժամանակ քայլեցինք նաև դեպի Բեխի Անապատ։

Կավարտի հունական գյուղ

Կավարտը եղել է Սյունիք աշխարհի հին գյուղերից, և հիշատակված է եղել Տաթևի վանքի հարկացուցակում։ Նույն անվամբ ընդգրկված է եղել նաև Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կազմում։ Հարուստ է պղնձի պաշարներով, որոնք շահագործվել են դեռևս 1850-ական թվականներից։ Ներկայումս գյուղի տարածքը ընդգրկված է Կապան քաղաքի մեջ, որպես թաղամաս։

Հույները

1850 թվականի ամառային մի օր երկու անծանոթ են մոտենում Կավարտ գյուղի դիմացի անտառներով և ջրերով հարուստ Մարգ կոչվող բարձունքին։ Նրանք Կապան ոտք դրած առաջին հույներն են եղել։ Ալավերդիից այստեղ եկած հույները հետագայում մի փոքրիկ հողակտոր են ձեռք բերում և սկսում հանք շահագործել։

1853 թվականին ազգությամբ հույն Խարլամպի Կոնդուրովը կառուցում է Կավարտի պղնձաձուլարանը: Տեսնելով հանքի հզորությունն ու գումարներ բերելու հնարավորությունը, հարյուրից ավելի հույն բանվորներ են գալիս, որոնք այստեղ հաստատվում և իրենց համար առանձին բնակավայր են հիմնում: Գյուղը կառուցվեց Մարգի բարձունքում՝ Կռկոռա լեռան լանջին: Բարձունքում լինելու պատճառով սկսեցին այն անվանել  Բաշքենդ (թուրք․ գլուխ և քաղաք բառերից) անունով:

1865 թվականին Կոնդուրովները կառուցեցին հունական Սբ․ Կատարինե եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի», որ կնշանակի հույների եկեղեցի («բերձեն» – «հույն» էթնանունը վրացերենով)։

Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հանքերի շահագործումը հույների կողմից դադարեցվեց։ 70-տարուց ավելի այդ տարածքում բնակվելուց և հանքերը շահագործելուց հետո հույների հիմնական մասը  հեռացան Բաշքենդից, Կավարտից ու Կապանից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ