«Եթե Կատարը սեռ ունենար, երևի հայ աղջիկ կլիներ. դժվար հասանելի, բայց երբ բացահայտես, կտեսնես ամբողջ հմայքը»,-նշում է վերջերս մեր արշավական խմբին միացած Աննա Խաչատրյանը՝ խոսելով դեպի Կատար լեռ էքսպեդիցիոն արշավի մասին:
Առաջին անգամ Կատարում
Կատար լեռը Խուստուփ-Կատար լեռնաշղթայի երկրորդ ամենաբարձր գագաթն է՝ Խուստուփից հետո: Մեր տեղեկություններով՝ այն դեռևս ոչ ոք չէր բարձրացել, ու այս էքսպեդիցիոն արշավի շրջանակներում մենք առաջինն էինք, որ բարձրացանք 3012 մետր բարձրություն ունեցող, հիասքանչ ու տպավորիչ տեսարաններով այս գագաթը: Երկօրյա այս արշավը լի էր արկածներով ու նոր բացահայտումներով:
«Ժամեր, կիլոմետրեր, ու մենք Տաթև գյուղում ենք: Բախտի բերմամբ առաջին անգամ գիշերում ենք ոչ թե վրաններում, այլ՝ մի փակ տարածքում (որտեղ ու ինչու, մի օր կպատմեմ): Առավոտյան շուտ արթնանում ենք, մեքենաներով բարձրանում մինչև 2700մ ու այստեղից էլ սկսում վերելքը դեպի Կատար: Սկզբում թվում է, թե վերելքը հեշտ է լինելու. մի քիչ մառախուղ, չորս կողմն էնքան սիրուն տեսարաններ՝ աչքդ չի կշտանում, ուզում ես անընդհատ նկարել: Բայց մինչև գագաթ հասնելը հասցնում ես ընկնել, հոգնել, շնչակտուր լինել: 3 ժամ անց հասնում ենք գագաթ (3012 մ): Երևի ավելի հաճելի զգացողություն չկա, քան էն հաղթական զգացումը, երբ գագաթը գրավված է: Փաթաթվում ես արշավական ընկերներիդ ու շնորհավորում: Էդ պահերին ամեն ինչ էնքա՜ն սիրուն ու ուրիշ է»,- պատմում է Աննան:
Սա Աննայի առաջին էքսպեդիցիոն արշավն էր. «Գժվելու բան է հասկանալ, որ ներկաներից ոչ ոք (առավել ևս Հայաստանում ոչ մի արշավախումբ) դեռևս չի բարձրացել Կատար, ու ես այն երջանիկ 16-ի մեջ եմ, ով առաջինը դա կանի: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ այս արշավը ընդմիշտ առանձնահատուկ կլինի ինձ համար»:
Ամենաբարդ ուղղությունը
Նա նշում է, որ ֆիզիկապես սա իր համար ամենաբարդ ուղղությունն էր. «Մի պահ սիրտս արագ էր զարկում, շունչս կտրվում էր, ու հոգնել էի, բայց մտքումս անընդհատ կրկնում էի, որ իրավունք չունեմ չբարձրանալու: Խումբն արդեն գագաթին էր, երբ ես միացա նրանց: Վերջինն էի, բայց՝ անչափ երջանիկ, որ ստացվեց հաղթահարել»:
Անդրադառնալով այդ օրվա հիշարժան ակնթարթներին՝ Աննան ասաց. «Երբ հասանք գագաթ, Հրաչուհին ամբողջ խմբին ArmGeo կրծքանշաններ նվիրեց: Հետաքրքիր սիմվոլիկա կար էդ պահի մեջ, նման էր մեդալ ստանալուն»:
Աննան պատմում է, որ արշավել սկսել է, երբ դեռ 12-13 տարեկան սկաուտ էր. «Առաջին վրանային բանակումները Բյուրականում ուրիշ երկրներից եկած սկաուտների հետ էին: Հետո՝ դասեր, համալսարան ու տարիներ տևող դադար: 3 տարուց ավել հետևել եմ ArmGeo-ին ու ինչ-ինչ պատճառներով չէի միանում արշավներին: Վերջնականապես վարակեց ինձ եղբայրս, երբ 2019-ին սկսեց արշավել: Ինքն ինձ բերեց ArmGeo, ու ես ինձ այլևս այս մեծ ընտանիքի մաս եմ համարում»:
Անվերջ բացահայտումներ
Աննան ասում է՝ անհնար է թվարկել այն բոլոր պատճառները, ինչի համար ինքը մասնակցում է արշավների. «Օրինակ պաշտում եմ լեռներում մայրամուտերն ու արևածագերը, գույները, երկար քայլելուց հետո էն հաճելի հոգնածությունը, մարդկանց հետ ծանոթություններն ու հանդիպումները նրանց հետ՝ ում հետ արդեն լիքը հիշողություններ կան: Մյուս կողմից էլ արշավներն անվերջ բացահայտումներ են, առաջին հերթին բացահայտում ու ավելի լավ ես ճանաչում քո «ես»-ը, հետո կողքիդ արշավականին, հետո բնությունը: Իրականում դեռ շատ վախեր ունեմ, լեռներում էն ուժեղ Աննային եմ փնտրում: Մի օր հաստատ կգտնեմ»:
Աննան 2 ամիս է, ինչ մասնակցում է արշավների, բայց, ասում է՝ արդեն այնքան հիշողություններ կան, որ կարծես շատ ավելի շատ ժամանակ է անցել. «Ամեն արշավը կարծես ինձ «restart» անի ու հետո տուն ճանապարհի: Ամիսների դադարից հետո վերջապես մոտիվացված եմ աշխատելու ու իրագործելու պլաններս»:
Ընկերանում եմ Հայաստանի հետ
Այս ընթացքում արշավականը հասկացել է, որ ինքը լավ չի ճանաչել Հայաստանը. «Միշտ կարծել եմ, որ ուրիշ երկրները բացահայտելուց առաջ պետք է ճանաչես քո երկիրը: Արշավելով հասկացա, որ նոր-նոր ընկերանում եմ իմ երկրի հետ»:
Աննան նաև ունի բլոգ, որտեղ պատմում է իր ճամփորդությունների ու առհասարակ իր մասին. «Կարծում եմ իմ բլոգը, իմ «ես»-ի լիարժեք արտացոլանքն է: Նկատել դետալներ, փոխանցել մթնոլորտը, կիսվել մտքերով ու այդ ամենն անել իմ ոճով ու ձեռագրով: Ուզում եմ, որ հայկական յութուբը ևս ունենա որակյալ կոնտենտ, ու իմ ներդրումն էլ փորձում եմ ունենալ՝ կիսվելով տեսածովս: Շատերը չեն պատկերացնում՝ իրականում արշավական կյանքն իրենից ինչ է ներկայացնում, իսկ արշավները հիմա իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունեն, հետևաբար լավ առիթ է այս թեմայի մասին խոսելու, ցույց տալու ու վարակելու»:
Աննան արդեն երազում է բացի Հայաստանից՝ արշավել նաև այլ երկրներում: Նա կարծում է՝ իր կյանքում արշավները վերագտնելու հետ մեկտեղ՝ նոր հետաքրքիր փուլ է սկսվել:
Ամփոփելով խոսքը՝ Աննան ասում է. «Այլևս ընդմիշտ սիրահարված եմ լեռներին»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: