Քասաղի կիրճը բնապատմական բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում: Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:
Քասաղի կիրճ. ընդհանուր բնութագիր
Կիրճն ունի 100 մ խորություն: Վերին հատվածի չոր բնապատկերը ներքևում արագորեն փոխակերպվում է անտառաշերտի, ինչը էկոհամակարգի բազմազանության վկայությունն է: Այս տեղանքը հատկապես գրավում է գետնիվեր արշավի սիրահարներին:
Դեպի կիրճ տանող ճանապահին երևում են Աշտարակի բաղնիքները (18-19 դդ.)` գմբեթանման ծածկով շինություններ, որոնք ժամանակին ակտիվորեն գործել են` օգտագործելով ձորի տաք հանքային աղբյուրները:
Քասաղ գետի վրայով անցնում է միջնադարյան կամուրջը (1661 թ.): Այդ սև ու սպիտակ քարերի համադրությամբ կառույցը ժամանակին ապահովում էր Արարատյան դաշտի և Հայաստանի հյուսիսային շրջանների միջև ողջ հաղորդակցությունը: Առանձնանում է իր եռաթռիչք հորիվածքով: Կամուրջը գտնվում է ռազմավարական տեսանկյունից կարևոր տեղանքում, ինչի մասին է վկայում վերևից բացվող տեսարանը: Շրջակայքում երևում են բարձրաբերձ անառիկ ժայռեր, իսկ վերևում պահպանվել են ուրարտական ամրոցի քարե մնացորդները: Ունենալով իշխող դիրք շրջակայքի նկատմամբ` ուրարտական ամրոցը հազարամյակներ շարունակ բարձրունքից հսկել է շրջակա տարածքը:
Ամրոցից ներքև երևում է ոչ այնքան ուշագրավ, սակայն կարևոր մի շինություն` Ք.ա. 7-րդ դարում կառուցված ուրարտական ջրանցքը, որը ավելի քան 2600 տարի լեռնային սառնորակ ջուրը հասցնում էր Աշտարակի հողատարածքներ: Ջրանցքը ուրարտացիների ինժեներական մտքի նվաճումներից է: Ոմանք այն համարում են Շամիրամի ջրանցքի մի հատվածը` կառուցված առասպելական Շամիրամի կողմից, որով սնուցում էր Վանը շրջապատող հողատարածքները: Չի բացառվում, որ այստեղ ժամանակին եղել են ավելի վաղ շրջանում կառուցված ոռոգման ջրանցքներ, ընտանի ցորենի արտեր և այլ մշակովի տարածքներ, որոնք յուրացվել են ուրարտացիներից 5000 (կամ ավելի) տարիներ առաջ: Ներկայիս կառույցը, սակայն, վերագրվում է ուրարտական ժամանակաշրջանին, իսկ ժամանակակից ջրանցքը նույն ճանապարհով է անցնում:
Անմիջապես կամրջի հարևանությամբ է գտնվում Աշտարակի ջրաղացի միջնադարյան, երկար, ցածր քարե կառույցը, որը վերանորոգվել է և կարճ ժամանակ բացօթյա ազգագրական, գյուղի գլխավոր շինությունն է եղել: Թեև ջրաղացն այժմ չի գործում, սակայն շարունակում է հատուկ շունչ հաղորդել այս տարածքներին: Ջրաղացից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի գետը և կիրճը:
Սուրբ Սարգիս եկեղեցի
Վերևում` ժայռի հակառակ կողմում, գտնվում է փոքրիկ, բայց տպավորիչ Սբ. Սարգիս եկեղեցին (19 դ.), որը շատ զբոսաշրջիկներ հաճախ սխալմամբ շփոթում են Կարմրավորի հետ: Եկեղեցին շատ փոքր է, ասես մատուռ է հիշեցնում: Կառուցված է նույն ոճով, ինչ Կարմրավորը` առանց հարդարանքի և պարզ ձևերով: Արտաքին պատերը կերտված են կարմիր տուֆից: Սբ. Սարգիսը տեղացիների սիրելի աղոթատեղին է: Այն նաև ծառայում է որպես մատաղատեղի: Եկեղեցուն մոտ գտնվող անմշակ քարից պատը հարդարված է կենդանիների և տարածքում հայտաբերված ժայռապատկերների պատկերներով:
Եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝ Կարմրավորը, Սպիտատկավորը և Ծիրանավորը: Այս երեք եկեղեցիների առաջացման մասին հին ավանդություն գոյություն ունի. աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:
Սաղմոսավանք
Սաղմոսավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային ու հոգևոր կենտրոններից է։ Նրա գեղակերտ ու երկնասլաց վանական համալիրը համանուն գյուղի արեւելյան մասում է, Քասախ գետի կիրճի աջ եզրին, 1620 մ բարձրության սարավույթ տեղանքում։ Քասախի կիրճը այստեղ ունի ամենամեծ խորությունը՝ 180 մ։
Ըստ ավանդության, Սաղմոսավանքը հիմնադրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը։ Նա ճգնել է Արագած լեռան լանջերին եւ ձմռան ցրտաշունչ եղանակին իջել Քասախի կիրճը։ Եվ այստեղ կառուցել է երկու անապատ, մեկը՝ կիրճում, որ անվանվել է Լուսավորչի անապատ, մյուսը կիրճի եզրին, եւ քանի որ վերջինում մշտապես պարապում էին սաղմոսերգությամբ, այն կոչվեց Սաղմոսաց անապատ։ Սաղմոսը հոգեւոր երգ է, քնարական բանաստեղծություն։
Սաղմոսավանքը պատմական աղբյուրներում, սակայն, հիշատակվում է սկսած 12-րդ դարի վերջին քառորդից, երբ Քասախի կիրճում, գետի ձախ ափին, վերոհիշյալ անապատում, Հովհաննես Մունջ վարդապետը, վերակառուցելով շինությունը, այն դարձրել է գրչության կենտրոն։ Այդ վիմափոր անապատում Մարկոս եւ Մխիթար եղբայրները 1185-88թթ. ընդօրինակել են «Ճառընտիր», իսկ 1194-95թթ. Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» ձեռագիրը, որի բնագիր օրինակը բերվել էր Անիի Մայր տաճարից։
Սաղմոսավանքի անապատը գտնվում է վանքից հարավ եւ բաղկացած է ժայռափոր երկհարկ կառուցվածքներից։ Սաղմոսավանքի գլխավոր եկեղեցին՝ Սբ Սիոնը (Կաթողիկե) կառուցվել է 1215թ. Արագածոտնի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանի եւ իր կնոջ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ։ Եկեղեցին գմբեթավոր է, արտաքինից ուղղանկյուն հատակագծով, ներսից խաչաձեւ, անկյուններում կրկնահարկ խորաններով։ Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքր պատուհանները։
Սաղմոսավանք համալիրի գավիթը, որը արեւելքից կից է գլխավոր եկեղեցուն, նույնպես կառուցել է Վաչե իշխանը։ Այն ուղղանկյուն-քառանկյունի հատակագծով ու թաղակապ կենտրոնական երդիկով շինություն է։ 1235թ. Վաչե իշխանի որդի Քուրդ իշխանը Սբ Սիոն եկեղեցու հարավային մասում կառուցում է Սբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին, իսկ 1255թ. իր կնոջ՝ Խորիշահի հետ միասին գրատունը՝ որը հուշարձանախմբին կից է հարավից։ Գրատունը դեռեւս 10-րդ դարում հայ ճարտարապետների մշակած խաչաձեւ կամարներով, անսյուն ծածկով աշխարհիկ շինության ինքնատիպ օրինակ է։ Գրատունն ունեցել է հարուստ մատենադարան։ 13-րդ դարի վերջին այստեղ պահվել է մոտ 120 ձեռագիր, որի ցանկը 1912թ. կիրճի քարանձավներից մեկում հայտնաբերել է Խաչիկ վարդապետ Դադյանը։
13-րդ դարը Սաղմոսավանքի ամենաբեղուն ժամանակաշրջանն է։ Այդ է պատճառը, որ պատմիչ Կիրակոս Գանձակեցին վանքը դասել է հայկական ամենանշանավոր ութ մենաստանների շարքում։ 1267թ. Սաղմոսավանք է եկել հանրահայտ Վարդան Արեւելցին, 1278թ. այստեղ գործել է Տիրատուր կրոնավորը, 1309թ.՝ Թադեւոս քահանան, իսկ 1311թ. վանքի առաջնորդն է Հակոբ րաբունապետը։ Ամենանշանավոր գործիչը Գրիգոր վարդապետ Ականատեսն էր, որը մասնակցել է վանքի շինությանը, ջուր անցկացրել Աշտարակ եւ այլն։ Վանքի հնագույն, նկարազարդ կոնդակում նշված է, որ Սաղմոսավանքում է եղել այդ սուրբ վարդապետի գերեզմանը։ 15-րդ դարը նշանավորվում է վանքի բուռն մշակութային գործունեությամբ, երբ այստեղ է գալիս Հակոբ Սաղմոսավանքցին, որը 20 տարի ուսանել էր Հովհաննես Որոտնեցուն։ 1413թ. Սաղմոսավանքում գործել են Մկրտիչ Եղեգեցին, 1436թ.՝ Կարապետ Գրիչը, 1496թ.՝ Հովհաննես աբեղան եւ ուրիշներ։
17-րդ դարում վանքում գործել է անապատական (ճգնավորական) կյանքի հիմնադիր Սարգիս Արենեցին, որի մասին ընդարձակ տեղեկություններ է հաղորդում Առաքել Դավրիժեցին։ Սարգսի վանահայրության ժամանակ Սաղմոսավանք է այցելում ժամանակագիր Գրիգոր Դարանաղցին։ Իսկ 1637թ. Հովհաննավանքից այստեղ է գալիս Հովհաննես եպիսկոպոս Կարբեցին։ Նա դարաշրջանի խոշոր հոգեւոր գործիչներից էր։ Հետագայում տեղի առաջնորդ է դառնում Հովհաննեսի եղբորորդին՝ Գաբրիել վարդապետը, որի օրոք վանքը ծաղկուն եւ բարգավաճ էր։ Նա 1669թ. նորոգում է գրատունը։ 18-րդ դարի սկզբում վանքի առաջնորդը Հովասափ վարդապետ Կարբեցին էր, իսկ 1736-42թթ.՝ Ավետիք վարդապետը։
Սաղմոսավանքը անշքանում է 18-րդ դարի երկրորդ կեսից եւ կիսավեր վիճակով հասնում մեր ժամանակները։ 1890թ. այստեղ նորոգումներ է կատարել Խրիմյան Հայրիկը։ Այժմ վանքը լիովին վերանորոգված է։ Գյուղի ներկայիս բնակիչները այստեղ են գաղթել 1830 թվականին՝ Կարսից։ Ներկայումս գյուղն ունի շուրջ 300 բնակիչ։
Հովհաննավանք
Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում վեր է խոյանում Հովհաննավանքը: Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ:
Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։
Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև դպրատունը և այլ շինություններ։ Շուրջը կան գերեզմաններ։ Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։
Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ 17-րդ դարում այստեղ ապրել ու ստեղծագործել է պատմիչ Զաքարիա սարգավագ Քանաքեռցին, որը և գրել Է Հովհաննավանքի պատմությունը։ Հովհաննավանքը գործունեությունը դադարել է 19-րդ դարի սկզբներից: