Քասաղի կիրճ / ժայռանկարներ
Գեղամավան-1 քարայրի հայտնաբերումը
2002թ. ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Քասաղի կիրճը ուսումնասիրող արշավախումբը հետախուզական – հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քասաղ գետի վերին հոսանքում: Արշավախմբի կողմից հայտնաբերվել են բացառիկ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հուշարձաններ, որոնց շարքում առանձնանում է Գեղամավան1 քարայրը (հայտնաբերվել է 2002 թ. հունիս ամսին): Քարայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից մոտ 3,5 կմ հյուսիս-արևելք, Քասաղի կիրճի ձախ ափին, Արայի լեռան արևելյան ստորոտում, ներկայիս Գեղամավան նորաստեղծ ավանի (Համամլու գյուղատեղիի) տարածքում: Քարայրը տեղադրված է կիրճի ձախ ափի երկրաբանական 4-րդ` նախավերջին դարավանդին, գետի մակարդակից մոտ 70 մ բարձրության վրա:
«Կարմիր քարանձավի» աղբյուրը
Բնական անձավ է գոյացած Քասաղի կիրճի անդեզիտա-բազալտների լավայի մեջ մեխանիկական հողմնահարման հետևանքով, լավայի և կարմիր տուֆիտի ոչ հզոր շերտի հպման տեղում: Քարանձավի դեպի արևմուտք նայող կամարաձև մուտքի բացվածքն է 12 մ, բարձրությունը` 3 մ: Սրահատիպ անձավ է` 8 մ խորությամբ, կիսաշրջան հատակագծով, որի խորքում բխում է բնական, ոչ հզոր աղբյուր: Կամարաձև, խորդուբորդ մակերևույթ ունեցող առաստաղը մասամբ փլուզված է, որի արդյունքում սրահի կենտրոնում առաջացել է մոտ 1 մ բարձրությամբ, բազալտի թերթավոր ցլեփներից կազմված կույտ: Տեղացիների վկայությամբ` փլուզումը հիմնականում տեղի է ունեցել վերջին ավերիչ երկրաշարժի ժամանակ (1988 թ.):
«Կարմիր քարանձավը» և հարակից գյուղը
«Կարմիր քարանձավը», լինելով Արայի լեռան արևմտյան ստորոտի այս հատվածի խմելու ջրի միակ աղբյուրը, ըստ ամենայնի, ժամանակին եղել է շատ ավելի ջրառատ, քանի որ նրանով էր պայմանավորված Համամլու գյուղատեղիի գոյությունը : Գյուղատեղիից դեպի «Կարմիր քարանձավ» է իջնում տեղ-տեղ ժայռերը ճեղքող ու հենապատով ամրացված ձեռակերտ մի ճանապարհ, որով գյուղը գրաստով (միգուցե նաև սայլով) ջուր է տեղափոխել իր կարիքների համար:Գյուղատեղիի «Համամլու» անվանումը կապված է վերջին շրջանում (մինչև XX դարի առաջին քառորդը) այստեղ հաստատված մահմեդական բնակչության հետ: Այնինչ, գյուղը, որի պատմական անվանումը առայժմ հայտնի չէ, բնակեցված է եղել առնվազն վաղ միջնադարից: Գյուղամիջյան բարձրադիր բլուրի վրա պահպանվել են VII դարին բնորոշ սրբատաշ տուֆից կառուցված եռախորան, կենտրոնագմբեթ եկեղեցու հիմքերը և գերեզմանոցը: Գյուղատեղիի տարածքի ուսումնասիրության ժամանակ նույնպես հավաքվել են մեծ քանակությամբ ուշ միջնադարյան խեցեղենի բեկորներ, ինչպես նաև ոչ մեծաթիվ վաղ միջնադարյան խեցեղենի նմուշներ:
Նորահայտ հուշարձանի մանրամասն ուսումնասիրությունը և փաստագրումը կազմակերպվել է 2003-2004 թթ. հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի ծրագրի շրջանակներում:
Ժայռանկարներ և արձանագրություններ
Ժայռանկարները զետեղված են քարայրի ինտերիեռային և էքստերիեռային, ինչպես նաև, հատակին ընկած բազալտե ողորկ ֆակտուրա ունեցող ժայռաբեկորների վրա: Բացի ժայռանկարներից այստեղ հայտնաբերվել են նաև արաբատառ 2 արձանագրություն և ժամանակակից գրառումներ (գրաֆիտի): Պատկերներն արված են օխրայով, որի պահպանվածության, որակային (խտության) և գունային (բաց վարդագույնից մինչև մուգ կարմիր) տարբերությունները փաստում են այն մասին, որ տուֆիտը, որը քարայրի մորֆոլոգիական մասն է կազմում, օգտագործվել է և’ մաքուր վիճակում, և’ խառնուրդների տեսքով:
Կատարման տեխնիկական առանձնահատկությունները ցույց են տալիս, որ ժայռանկարները պատկերվել են մատով և անմիջապես տուֆիտի կտորներով:
Գեղամավանի ժայռանկարները աչքի են ընկնում իրենց թեմատիկայի բազմազանությամբ, որոնք միաֆիգուր կենդանիների պատկերներից հասնում են մինչև բազմաֆիգուր բարդ կոմպոզիցիոն լուծումների: Հիմնականում գերակշռում են կենդանիների ֆիգուրները (43%), մնացածը տեղաբաշխված են հետևյալ հարա- բերությամբ. անտրոպոմորֆ` (28%), նշանային պատկերներ` (24%) և անորոշ գծեր՝ (5%) :
Նյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ աղբյուրից։