info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կապուտջուղ լեռ / Զանգեզուրի լեռներ

Զանգեզուրի լեռները սկսվում են Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3906 մ)։ Լեռնաշղթայի հյուսիսային մասը ցածր է: Այստեղ է գտնվում Որոտանի լեռնանցքը (2345 մ), որը կապում է Արփայի հովիտը Որոտանի հովտին, իսկ Սիսիանի լեռնանցքը՝ Զանգեզուրը Նախիջևանին:

Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Ծակքար, Կապտաչ և Կապուտան լճերը: Լեռների հարավարևելյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր:

Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը

Ծակքարի լիճ / Զանգեզուրի լեռներ

Շատ թույլ պահպանված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ են արտահայտված Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում: 

Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան, Այրիջուր և մի շարք այլ գետեր:

Քաջարանի լեռնաբազուկը Ողջի և Գեղի գետերը բաժանում է միմյանցից: Այս լանջերը հողմատակ են, իրենց վրա են կրում Կասպից ծովի ազդեցությունը և միջին բարձրության գոտում ամենաանտառապատն են, ավելի վեր մեծանում է տեղատարման պրոցեսը, որի հետևանքով լանջերը լերկ են և պատված քարաթափվածքներով: Լեռնաշղթայի արևմտյան լանջերն աչքի են ընկնում չոր կլիմայական պայմաններով: Ցածր մասերում տարածվում է կիսաանապատային բուսականությունը, ավելի բարձր՝ տափաստանային բուսականությունը: Լանջերին շատ են սողանքային պրոցեսները:

Զանգեզուրի լեռնաշղթա

Կապուտջուղ լեռ

Զանգեզուրի լեռներ

Բարձրությունը՝ 3906 մ

Կոորդինատները՝ 39.159589, 46.003586

Կապուտջուղ լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին՝ Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

Կապուտջուղ լեռը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի

Հայաստանի բնաշխարհը