Կապտավանք
Կապտավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզում՝ Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք: Տեղակայված է Հախում գետակի աջ ափին՝ անտառածածկ լեռան լանջին: Ըստ նվիրատվական արձանագրությունների՝ համալիրը կառուցվել է 1234-1243թթ.:
Անվան ծագումը
Կապտավանք համալիրի մասին վկայությունները քիչ են: Ամեն դեպքում պահպանված բոլոր վկայություններում էլ Կապտավանքը հիշատակվում է «կաթողիկե», «վանք» կամ պարզապես «եկեղեցի» տարբերակներով:
Կապտավանք անվանումն ամենայն հավանականությամբ տարածում է գտել ավելի ուշ՝ կապված լինելով եկեղեցու կապտավուն բազալտե քարերի հետ:
Առանձնահատկությունը
Կապտավանք վանական համալիրը փոքր և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող կառույց է: Սակայն համալիրն այդ ժամանակների համար ուներ շինարարական մի առանձնահատկություն: Միջնադարյան հայկական եկեղեցիներն ունեցել են արդեն զարգացած և մեծ տարածում գտած արտաքին և ներքին զարդարանք: Սակայն Կապտավանքն այդ հարցում նույնպես աչքի չի ընկնում: Բանն այն է, որ Կապտավանք վանական համալիրը, դե առնվազն համալիրից կանգուն մնացած եկեղեցին, գրեթե ամբողջությամբ կառուցված է ոչ սրբատաշ քարերից:
Գուցե տարօրինակ է հնչում, սակայն հենց սրբատաշ քարերի գործածման շնորհիվ է Կապտավանքն առանձնանում և համարվում գեղարվեստական յուրօրինակ կառույց՝ լավագույնս ներդաշնակ լինելով բնության հետ: Բացի այդ, Կապտավանքի արձանագրություններից մեկում՝ 1242-1243թթ., հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է «գորգ» բառը: Չնայած 5-րդ դարից սկսած, հայկական գորգերի մասին վկայություններում, առավել գործածական է եղել «կարպետ» բառը:
Ճարտարապետություն
Երբեմնի վանական համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, միաբանության շենքերից և շուրջը տարածվող գերեզմաններից: Սակայն այս ամենից պահպանվել է միայն եկեղեցին: Այն արտաքինից քառակուսաձև, իսկ ներսից խաչաձև կառույց է: Պատերի հաստությունը միաչափ չէ՝ տատանվելով 0.8-1.7 մ միջև: Եկեղեցին ունի երկու մուտք՝ աևմտյան և հարավային կողմերից: Կառույցի միակ զարդարված հատվածը՝ գմբեթի վեղարի ներքևի հատվածն է, որը կերտվել է վարդագույն տուֆից:
Համալիրի մասին տեղեկությունները քիչ են և անհայտ է մնում նաև մեկ այլ հետաքրքիր փաստ: Ասում են, որ Կապտավանք վանական համալիրը կառուցել է ոչ հմուտ ճարտարապետ՝ առանց շինարարների հետ խորհրդակցման: Թե որքանով է այդ վարկածը համապատասխանում իրականությանը նույնպես անհայտ է: Բայց գուցե դա է պատճառը, որ եկեղեցին կառուցվել էր ոչ սրբատաշ քարերից, փոքր չափսերով՝ չպահպանելով իր երբեմնի տեսքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: