Կապանու լեռ
Կապանու լեռը Ծաղկունյաց լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղից հյուսիս-արևելք: Լեռան լանջին է գտնվում «Թուխ Մանուկ» («Վերի վանք») սրբավայրը (7-րդ դար): «Թուխ Մանուկ»-ի տարածքում կա բուժիչ աղբյուր: Տեղացիներն այն լույս տվող աղբյուր են կոչում, ջուրը խմում են, քսում աչքերին, վերցնում իրենց հետ: Այս վայրից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արագած լեռը:
Լուսագյուղի մոտ կա ևս մի հետաքրքիր սրբավայր, որին գյուղացիները Մխեյի վանք են ասում: Մխեյի վանքը թվագրվում է 4-րդ դար: Կա վարկած, որ այն հեթանոսական կառուց է եղել, հետագայում վերածվել է քրիստոնեական վանքի և ծառայել որպես իջևանատուն: Այստեղով անցել և իրենց հանգիստն ու գիշերակացն են կազմակերպել շատ օտարազգի ճամփորդներ:
Գյուղից 1,5 կմ հյուսիս-արևելք՝ «Ձախի ձոր» կոչվող բարձունքի վրա է գտնվում «Ավեր բերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.): Արգիշտի արքայի սեպագիր արձանագրություններից (786թ. ք.ա.) կարելի է ենթադրել, որ շատ հին է այս վայրը: Այն բազմաթիվ երկրաշարժերի ու պատերազմների հետևանքով շատ է ավերվել, հորերն ու թունելները փակվել են մեծ քարերով, մնացած շերտերն էլ մնացել են հողի տակ:
Կապանու լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Արագած, Արա, Գեղամա, Ծաղկունյաց լեռները: Կապանուից դեպի հարավ-արևելք գտնվում է Ճանճիկ լեռը:
Անտառներն այստեղ ընդհանուր առմամբ հինգ հազար հեկտար տարածք են զբաղեցնում։ Իշխող ծառատեսակներից են կաղնին, թխկին, կեչին, կան նաև սոճու պուրակներ։ Անտառներում աճում են վայրի խնձորենի և տանձենի։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Անի Բաղդասարյանի, Հասմիկ Բեգլարյանի և Տիգրան Շահբազյանի