info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կաչաղակաբերդ / Արցախ

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդ

Ստեփանակերտի Գանձասարի տանող ճանապարհով անցնելիս անհնար է չնկատել անտառներից վեր խոյացող ժայռի կտորը, որը երբեք չես խառնի մեկ այլ գագաթի հետ, դա Կաչաղակաբերդ լեռնագագաթն է: Այն հայտնի է եղել նաև Խաչենի ամրոց անունով:

Կաչաղակաբերդի տարածքը

Կաչաղակաբերդը գտնվում է Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռնագագաթը բոլոր կողմերից շրջապատված է ուղղաձիգ ժայռերով, միայն հարավային կողմից է հնարավոր մտնել բերդի տարածք: Բերդին հասնելը հեշտ չէ և վերջին հատվածը ջանքեր է պահանջում:

Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքn ավելի փոքր է թվում, քան կա իրականում: Բերդը որպես այդպիսին չի պահպանել իր տեսքը, բայց տեղ-տեղ պահպանված պարսպի կտորներին նայելով կարող եք պատկերացում կազմել երբեմնի հզոր շինության մասին:

Այն ինչ մնացել է Կաչաղակաբերդից

Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, քար նետելու հրակնատներ: Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվել են անձրևաջրերով:
Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:

Կաչաղակաբերդի լեգենդը

Ըստ ավանդության բերդը կարող էր պաշտպանել մեկ մարդ, քանի որ դեպի բերդ տանող կածանով կարող էր անցնել միայն մեկ մարդ: Այդ ավանդությունը նաև պատմում է,որ Կաչաղակաբերդը պաշարած մի զավթիչ, երբ համոզվում է, որ ամրոցն անառիկ է ու իր զորքը չի կարողանա հասնել այնտեղ ու կոտորել այնտեղ մագլցած ու ինքնապաշտպանվող ժողովրդին, հրաժարվում է այն հարձակումով գրավելու մտքից: Որոշում է սպասել, մինչև պաշարվածները սովից ինքնակամ կհանձնվեն:

Անցնում է երկար ժամանակ, սակայն բերդի պաշտպանությունը մնում է անառիկ, քանի որ պաշարումից այդպես էլ ոչ ոք դուրս չի գալիս, չի հանձնվում։ Զավթիչը, համոզվելով, որ բերդում տեղակայված ինքնապաշտպանները սննդի պաշարները ձեռք են բերում անտառի բարիքներից, նահանջի հրաման է տալիս։ Վերջին անգամ հայացք ձգելով չնվաճված ու չգերված աննկուն բերդին, նա, սակայն, տարօրինակ մի բան է նկատում․ բերդի վրա հանգրվանած աննկարագրելի մեծ քանակությամբ կաչաղակներ։

Կաչաղակաբերդ

Սա զավթիչին հուշում է մի բան, որի մասին նա անգամ ենթադրել չէր կարող։ Իր կասկածների մեջ համոզվելու համար նա ամրոց է ուղարկում մի քանի զինվոր։ Եվ երբ տեղ են հասնում զինվորները, նրանց ներկայությունից անհանգստացած թռչունները, որոնցով լի էր ոչ միայն բերդի գագաթը, այլ նաև ներսը, ցրվում են՝ բացելով զարհուրելի տեսարանը․ կաչաղակներին այդտեղ էին հավաքվել սովից նահատակված քաջերի մարմիններով սնվելու համար: Այսպիսով կաչաղակների որկրամոլությունը, որն արդյունքում դարձավ դավաճանության խորհրդանիշ, թշնամուն հուշում է, որ գագաթի վրա ողջ մնացած պաշտպան չկա, և զավթիչն առանց դիմադրության հանդիպելու, տիրանում է անառիկ ամրոցին։ Ահա այս պատմությունը հիշելու համար էլ մարդիկ ամրոցն անվանեցին այդ թռչունների անունով։

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում