Ջրաբերդ ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում՝ Թարթառ և Թրղի գետերի միախառման տեղում: Տեղակայված է հսկայածավալ ժայռազանգվածի վրա՝ շրջապատված անտառոտ լեռնակույտերով: Ամրոցը պաշտպանված է ջրային պատնեշներով և գրեթե ուղղաձիգ բարձրացող ժայռերով: Արցախում քիչ են նմանատիպ ժայռակերտ և դժվարանցանելի հատվածները: Եվ բացի բնության ստեղծած պաշտպանական դիրքից, ամրոցը հավելյալ նաև պարսպապատ է՝ կրկնելով ժայռերի ուրվագիծը:
Ջրաբերդ ամրոցը հայտնի է նաև Չարաբերդ կամ Ջերմուկ անուններով: Ջրաբերդ անունը կապված է ամրոցի տեղանքի հետ: Շրջապատող ուղղաձիգ ժայռերը փակում են դեպի բերդ տանող ճանապարհը: Բացի այդ Ջրաբերդը գտնվում է առանձին ժայռի գլխին և երեք կողմերից շրջապատված է Թարթառի և Թրղի գետերի ջրային հոսանքներով: Իսկ Ջրաբերդ անվանումը լավագույնս ներկայացնում է բերդի աշխարհագրական առանձնահատկությունը:
Պատմություն
Ջրաբերդ ամրոցի հիմնադրման մասին որևէ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն ամրոցի մասին հիշատակության հանդիպում ենք Մովսես Կաղանկատվացի(10-րդ դար) պատմիչի «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ:
Գրքում նա մանրամասն նկարագրել է Արցախ և Ուտիք նահանգների պատմությունը: Անդրադառնալով Ջրաբերդի ամրոցին, նա գրում է, որ Աղվանից Վիրո կաթողիկոսը (596-629թթ.) Չարաբերդ ամրոցում գտնվող գրիչներին, գավառների ներկայացուցիչներին, պատմիչներին կանչում է իր մոտ:
Այս վկայությունը համարվում է առաջինն ու ամենահինը, և ըստ այդմ ստացվում է, որ 7-րդ դարասկզբին ամրոցն արդեն կառուցված էր և հայտնի լայն շրջանակներում:
Ջրաբերդ ամրոցին անդրադարձել է նաև Րաֆֆին՝ «Բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթառը և Թըրղին»։
Ջրաբերդի մելիքության առաջին տերերը եղել են Մելիք-Իսրաելյանները՝ նրանց իշխանությունը տարածված էր նաև Ինը մաս անապատի տարածքում, որտեղ ունեին իրենց պատկանող մեկ այլ բերդ-ամրոց:
Պաշտպանական կառույց
Ջրաբերդ ամրոցի տարածքում և շրջապատող հատվածներում դժվար է գտնել որևէ հարթ մակերես, ամենուր ժայռեր են և գետեր: Չնայած բերդի կառուցման մասին տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ տեղանքը պատահական ընտրված չի եղել: Այն ուղղակիորեն կապված է եղել ամրոցի պաշտպանական նշանակության հետ:
Բերդի և մոտակա կառույցների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվում է այդ վարկածը, քանզի Ջրաբերդի կառույցը ոչ մի կերպ չի համապատասխանում հայկական եկեղեցաշինության կամ այլ հոգևոր կենտրոնների շինարարական հորինվածքին: Չկան եկեղեցիներին բնորոշ շինությունների ավերակներ կամ հետքեր:Ամրոցն ունի երբեմն մինչև ձորն իջնող բրգավոր պարիսպներ, որոնք ունեն անկանոն հատակագիծ։ Բացի պարիսպներից պահպանվել են նաև գետն իջնող թաղածածկ գետնուղիներ: Այդտեղ է գտնվում նաև բերդի միակ մուտքը՝ դարպասները: Ջրաբերդից դեպի Երից Մանկանց վանական համալիր տանող թունելը փորվել է հետպատերազմյան տարիներին:
Բացի այդ բերդը փոքր արահետներով կապված է եղել մի շարք այլ հոգևոր կենտրոնների (Դադիվանք, Գանձասար) և երեք տասնյակից ավել գյուղական համայնքների հետ: Ջրաբերդ ամրոցն այդպիսով համարվել է ապաստարան և պաշտպանական կառույց, քանզի սուղ վկայությունները փաստում են՝ Արցախի ամենահզոր պաշտպանական բերդը խաղաղ ժամանակներում դատարկ է եղել և չի գործել: Վերջին անգամ՝ 1789թ. այստեղ պատսպարվել են Ջրաբերդի մելիք Մեջլումի հարազատները:
Չնայած Ջրաբերդ ամրոցը նշվում է որպես պաշտպանական հզոր և նմանը չունեցող կառույց, այնուամենայնիվ, այդ առումով բերդը մնացել է չուսումնասիրված՝ 7-18-րդ դարերի ընթացքը թողնելով անհայտ:
Կառուցվածք
Ջրաբերդ ամրոցը բաղկացած է արևելյան և արևմտյան սենյակաշարքերից: Արևմտայն սենյակաշարքը բաղկացած է երեք սենյակներից, որոնցից երկուսը գրեթե միաչափ են և խորքի պատերում ունեն պահարանախորշեր ու բուխարիներ, իսկ մուտքերը բացվում են միջանցքից։ Համեմատաբար ավելի մեծ է երրորդ սենյակը, որը մուտքի դիմաց ունի խոշոր բուխարի, իսկ պատեզրի պատուհանը նայում է Թրղի գետի հովտին և Երից Մանկանց վանքին։
Արևելյան սենյակաշարքի կառույցները անկանոն հատակագծեր ունեն և, ի տարբերություն առաջին սենյակաշարքի կառույցների, առավել վատ են պահպանված: Հարավային կողմում կա մի սենյակ, որից պահպանվել են բուխարու և խորշերի պահպանված մնացորդներ։ Իսկ հյուսիսային հատվածում պահպանված են ևս երկու կառույցներ, որոնք միմյանց հետ կապված են միջանկյալ սրահով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: