info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ճանաչիր, որ սիրես․ մարդարշավ

արշավ արցախում

արշավ արցախում

Սարյան պուրակում ուսապարկերը գետնին են դրվում, ուսապարկերը կապվում են ամենագնացների տանիքներին, ուսապարկերից կախվում են քնապարկերը, իրար ճանաչող ու չճանաչող մարդիկ ձեռքով խնձոր են կիսում, ամենագնացի դուռը չխկում է, ու ճանապարհ ենք ընկնում:

– Նար, այ Նար, ծնունդդ շնորհավոր,- հարյուրերորդ անգամ ասում է ընկերուհիս. ես արդեն 7 ժամ 25 տարեկան եմ:

Արցախից վազել եմ Երեւան, որ վազեմ հետ՝ Արցախ՝ եռօրյա արշավի: Որ 25-ս դիմավորեմ հայրենիքն ավելի լավ, ինքս ինձ՝ ավելի լավ, հայրենիքը ճանաչելով սիրողներին՝ ավելի լավ ճանաչելով…

Ճանապարհը մառախուղի մեջ է, մեր երեք «Դելիկաները» մառախուղի մեջ գայլերի են նման՝ սպիտակ, գորշ ու էլի սպիտակ։

Մեր մեքենան մեջտեղում է, ու խոսելիս միշտ ասում ենք՝ երեք սպիտակ մեքենաները, հետո հիշում, որ մերը սեւ է. ընկերներս հումոր են անում՝ մեր քթից էս կողմ չենք տեսնում, էլի։

Մեր “սպիտակ” նժույգները

Սիսիանի ոլորաններում կանգ ենք առնում. մի մեքենա ճանապարհից շեղվել, թռել է մի քանի մետր։ Մինչ մենք կհասկանայինք՝ ինչ է եղել, մեր տղաները պարաններով, ջրով դուրս են վազում։ Մինչ վթարի ենթարկվածները կհասկանային՝ ինչ է պատահել, մեր տղաները ամենագնացից մեքենան կապելով, հրելով դուրս են քաշում ՃՏՊ-ի գլխավոր մասնակցին, մեր աղջիկներից մեկը վթարված մեքենայի վախեցած, իրար խառնված կանանցից մեկի ճակատին պահում է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցրած ձյունը, մյուսը՝ հանգստացնում է գլուխը դիմապակուն խփած աղջկան, ով վաղը պիտի նշանվի ու անընդհատ հայելու մեջ ուսումնասիրում է նոր վիրահատած քիթը։

Վարորդը կին է, տղաները սկսում են հավերժական հումորները կին վարորդների մասին, ամեն ինչ ավարտվում է կարծես։ Մեր տղաներից մեկն առաջարկում է մինչեւ Գորիս վարել մեքենան, քանի որ հուզված են բոլորը։ Երբ Կարենը մեքենա չի վերադառնում, ես մի քիչ-մի քիչ լցնում եմ աչքերս էս սովորական հոգատարությունից, մեզ անծանոթ, մեր կողքին ապրող մարդկանց հանդեպ հոգատարությունից, որի կարիքը մենք՝ որպես գլուխներս մեր ժամանակների դիմապակուն խփած հասարակություն, ունենք տոպրակի մեջ լցրած ձյան չափ, որ չայտուցվենք հանկարծ, չաղավաղվենք հանկարծ որպես ժողովուրդ։

Երբ կրկին հանդիպում ենք վթարի ենթարկված մեքենային, երբ Կարենը վերադառնում է մեր մեքենա, մեկ էլ ՃՏՊ-ի հերոսուհիներն են կանչում․

– Կարեն ջան, տե՜ս,- ու ցույց են տալիս, թե ինչպես են գցում ամրագոտիները։

Ծիծաղում ենք․ վթարը երբեմն դաստիարակչական նշանակության է լինում։ Տիեզերքում միանգամից պակասում է մի քանի նոր ավտովթար, ավելանում է մի քանի արված ու արվելիք բարի գործ։

Մեր առաջին կանգառը Խծաբերդ գյուղում է։ Տղաներից մեկի ազգականների տուն ենք գնում, որոնց ինքն էլ պիտի հանդիպի առաջին անգամ: Խծաբերդը՝ ծուռտիկ կիսափողոցներով, քարասալահատակ նեղ ճամփայով, ժեշտից կտուրներով՝ նրա պապական գյուղն է։ Ու մի տեսակ կիսաթաքցրած հուզվածություն կա նրա մեջ։ Ու նույնից՝ տատիկի շփոթված հայացքում, ում տան հատակին՝ վառարանի մոտ քսանից ավելի երիտասարդ է նստել, որոնցից մեկն իրենց ազգականն է, ում տեսնում են առաջին անգամ։ Մենք ծամծմում ենք համով չրերը, խոսակցությունը չենք ծամծմում…

Խծաբերդ գյուղում

Տան վերեւի հարկի պատշգամբում լուռ ու ծանր դրված է «սնարյադի» կանաչ արկղը։ Ես զարմացած եմ նայում արկղին, քիչ անց միայն հիշում, որ Արցախում ենք ախր։ Ու ուրախանում եմ թաքուն, որ Արցախն էս անգամ որեւէ կերպ պատերազմի հետ չենք կապել, որ քիչ-քիչ Արցախը պատերազմ ու սահմանից առաջ բացահայտվող հայրենիք նշանակությունն ունի։

Հասնում ենք Խանձաձոր։

Մեզ դիմավորում է խանձաձորցի Օքսաննան․ աչքերի մեջ սեւ-սեւ կրակներ կան, վայրի, վայրի գեղեցկություն ունի, ու հայացքից ժայռեր են կախված…

Խանձաձորցի Օքսաննան

Տեղավորվում ենք գյուղի «ակումբում»․ընդարձակ սենյակ է՝ հսկա վառարանով ու առիթի սեղան-իշաոտնուկներով։ Մտնելու պահից մտքիս մեջ ներկում եմ խունացած պատերը, ձեւափոխում պատշգամբը․էստեղ կարելի է վերադառնալ՝ գյուղի երեխաների հետ սիրունացնելու իրենց տուն-ակումբ ժամանցի վայրը։

Վառարանի վրա շերտ-շերտ հայտնվում է պլեճը, սենյակը լցվում է մարդահոտով։ Ու ես հասկանում եմ, որ էս արշավն անուն ունի՝ մարդարշավ։ Ու ես մարդկանց եմ տանելու ինձ հետ էս օրերից։

Պարզվում է՝ ընկերներս նույնիսկ տորթ են հասցրել գյուղ, ու, երբ չեմ սպասում, տորթը հայտնվում է։ Ես երազանք եմ պահում վերջապես, հասցնում եմ աչքի պոչով նայել երազանքի աչքերին, փչում եմ մի հատիկ մոմն, ու տարեդարձս ավարտվում է, քսանհինգս՝ սկսում նոր տողից։

Հսկա վառարանի շուրջ՝ նույն սենյակում քսան-քսանհինգ քնապարկ է փռված։ Մենք շարվել ենք իրար կիպ, խոսակցություններից թմրել է գլուխս, ու մինչեւ քնելս մի միտք եմ ծամծմում, փռթկացնում ինձ ու ինձ․տեսնես վերեւից ինչի՞ ենք նման՝ կաթսայի հատակին շարած տոլմայի՞, ու անպայման թփով տոլմայի, որովհետեւ քնապարկերի զգալի մասը կանաչ է։

Գիշերը Խանձաձոր գյուղում

Օր երկրորդ. Դիզափայտի հրաշքը

Լույսը չբացված՝ արթնանում եմ։ Գլուխս բարձրացնում եմ՝ մեկը ծնկել ու փայտ է ավելացնում վառարանի մեջ։ Գլուխս հետ եմ գցում, հիշում, որ արշավ չէր սա, մարդարշավ էր, որովհետեւ հոգատար մի ձեռք ամբողջ գիշեր փայտ է ավելացրել վառարանի մեջ… Լույսը միանգամից է բացվում։

Գնում ենք դեպի Հադրութ․ամբողջ ճանապարհին պատուհաններից դուրս ենք նայում։

Հադրութի ճանապարհներին

…Յուրաքանչյուրս մի ձեւ, մի արմատով, արյան մի կաթիլով կապված ենք էս հողին, ու երեւի զգում ենք հատ-հատ, թե ինչպես են աջ կողմում փռված դաշտերի  ձնծաղիկները մի քիչ էլ մեր ներսում բացվում:

Վերադարձին առջեւից գնացող մեքենան արգելակում է հանկարծ․դուրս ենք նայում… Չէ, դուրս ենք վազում։ Մեր շուրջն ամենուր ձյուն է, մեր դիմաց մառախուղի մի հատիկ ամպի մեջ Դիզափայտն է՝ գլուխը հպարտ հանած ամպի միջից, իսկ Դիզափայտի շուրջ արեւը մայր է մտնում ու մայր չի մտնում։ Ու մայր չի մտնում, մնում է մեր աչքերի, դեպի իրեն պարզած մեր ձեռքերի, հայացքների, հիշողության մեջ։ «Կապույտի մեջ։ Արեւի ոսկին։ Կապույտի մեջ… Կապույտի մեջ արեւի ոսկին…»։

Ամպերով փաթաթված Դիզափայտ լեռը

Ավելի չքնաղը երբեք չեմ տեսել․ նայում ես ու անգամ շնչառությունդ է պահում շունչն էդ գեղեցկությունից…

…Մենք գնում ենք ոչ թե ճանապարհով, այլ ստեղծելով ճանապարհ։ Մեքենայի անիվների տակից մարդաբոյ ցեխ է շպրտվում աջ ու ձախ։ Ամենագնացն իր տարերքի մեջ է. ասես խաղում է հողի, ցեխի, ձյան հետ։ Տղաներն օգնում են վարորդներին ճիշտ ուղղություն վերցնել, անասելի զգացողություն է, երբ տեսնում ես մարդու ու բնության կռիվն, ու վախ չկա։ Բնությունը թույլ է տալիս, որ մեքենան հաղթի իրեն։

Հադրութի ճանապարհներին

Տուն՝ Խանձաձոր ենք հասնում սառած։ Աղջիկներից մեկն ափսեներ է լվանում դրսի խողովակից եկող ջրի տակ։

Ափսեներ լվացող աղջկա մատները սառել, քարացել են: Աղջիկն իր շնչով տաքացնում է մատները, տղաներից մեկը, ով աղջկան մի քանի ժամ գիտի ընդամենը, կռացել ու կապում է աղջկա բատինկաների կապիչները: Աղջկա ձեռքերը դրանից ավելի շուտ են տաքանում:

Մեզ գյուղի երեխաներն են հյուր եկել։ Առավոտյան դպրոց էինք գնացել, ծանոթացել, ձնագնդի ենք խաղացել հետները, խոստացել էին, որ կգան։ Ու եկել են։ Սկզբում ամաչում, քաշվում էին, դպրոցում համարյա չէին խոսում, իսկ էստեղ՝ գյուղի «ակումբում» խոսում, հարցեր են տալիս, ծիծաղում, ուրախությամբ սովորում են մեր ազգային պարերից մեկը՝ Գյովնդը։ Պատմում են, որ որոշել են տուրիզմը զարգացնել իրենց գյուղում․ չգիտեմ՝ մինչեւ մեր գնալը մտածե՞լ էին դրա մասին, թե՞ չէ։ Բայց մտովի տեսնում եմ, թե Խանձաձորի գիժ եռյակը՝ Սասունը, Մանուշն ու Աննան, դպրոցից տուն ճանապարհին ինչպես են պլաններ կազմել, մտովի վերցրել մեր ուսապարկերի նման ուսապարկեր ու ամբողջ աշխարհին՝ հատ-հատ ծանոթացրել իրենց գյուղի հետ։

Խանձաձորի դպրոցում

Փոքրիկ, ամաչկոտ աղջիկներից մեկն ականջիս ասում է, որ մեզ երբեք չի մոռանա։ Խոստանում եմ, որ մի օր էլի կգնանք իրենց գյուղ։ Ինքս ինձ եմ խոստանում…

Վերադարձ տնից տուն․ ժայռափոր գյուղը

Մեր վերադարձի ճանապարհն անցնում է Հին Թաղեր գյուղով։ Հին-հին տներ են՝ շիկավուն շաղախով պատած։ Ամենուր կարմիր տանիքներ են, տեղ-տեղ՝ կղմինդրե։ Արցախն էս գյուղի ճակատին է ամփոփված։ Մեզ տեսնելուն պես մի կին տուն է հրավիրում։ Տան պատշգամբից կարպետն արեւին է տված՝ խիստ հայկական կարմրությունը ծալեծալ կլանում է արեւը։ Մենք էլ։

Մենք այնպես ենք բախում ու բացում տների դարպասները, ասես փնտրում ենք ինչ-որ մեկին։ Ու հա՝ փնտրում ենք… Այս տանն ապրող չկա, բայց երեւում է՝ վաղուց չեն հեռացել, որովհետեւ թելը, որով կապել են փայտե փոքր դարպասը, նոր է, դեռ սպիտակ, ամուր չէ։ Ուրեմն պիտի գան։

Հին Թաղեր գյուղում

Գյուղից մի տատիկ ասում է՝ «սա սուրբ հող ա, սա Դիզափայտի հողն ա»։ Ու Դիզափայտը՝ կատարին չքնաղ Կատարո վանքը, ասես հաստատում է։ Երազանքներիս մեջ մի կետ է ավելանում․էս սուրբ հողից հասնել մինչեւ Դիզափայտի գագաթ։

Քաշաթաղի հարավում տաք-տաք գարուն է։ Մենք քայլում ու փնտրում ենք շատերին անհայտ ժայռափոր մի գյուղ։ Մոտակա գյուղից մոտ երեք կիլոմետր քայլում ենք ու շշմում․մի քանի տասնյակ քարանձավ ուղիղ գծով, հավասար հերթականությամբ շարված է մեր դիմաց։ Բայց զավեշտ կա՝ քարանձավների մի մասի դիմացը ցանկապատած է, քարանձավների ներսից գառներ են մայում։ Էս պատմամշակութային հրաշքում ոչխար են պահում, եղբայր ջան, ոչխար, ոչխար։ Քարանձավներից մեկն անգամ գերժամանակակից են դարձրել հովիվները՝ դուռ-լուսամուտով, մահճակալներով։ Իսկ զբոսաշրջությունը Հայաստանում դեռ Գառնի-Գեղարդ-Տաթեւին է խփում ճակատն, ու մենք ոչխար ենք պահում քարանձավներում։

Դեռ լավ է՝ կարելի է փռվել կանաչող հողին ու կուլ տալ պանիր-հացդ…

Ժամանակակից կահավորված քարանձավի ներսում

Վերադառնում ենք տուն՝ տնից։ Ամբողջ ճանապարհին ծիծաղում ենք լացելու աստիճան, տխրում մի քանի րոպե, հետո նորից… Անին ասում էր՝ Արցախը կամ սիրում ես, կամ չես եղել։ Կիսաքնած՝ ես լսում եմ ամենակարեւոր կանոնը՝ ցանկացած սարի բարձունքին հասնելուց հրաժարվելուն պիտի պատրաստ լինես, եթե ընկերներիցդ մեկը ճանապարհի կեսից չի կարող բարձրանալ… Ու ափսոսում եմ, որ հնարավոր չէ լիովին պատմել, թե ինչ էր տեղի ունենում մեր եռօրյա համայնք-դելիկայում, ես պարզապես ուզում եմ ասել՝ հավաքեք ուսապարկերը, վեր կացեք, գնացեք ճանաչելու հայրենիքն ավելի շատ, վեր կացեք, գտեք ձեր տունը՝ անիվների վրա, գտեք մարդկանց՝ սարերում, գտեք արեւամուտներ՝ ամբողջ կյանքի համար, գտեք ինքներդ ձեզ՝ ավելի շատ սիրելու համար, ճանաչեք ձեզ, ճանաչեք, որ սիրեք…

 

Նյութի հեղինակ՝ Նարինէ Վարդանյան

Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Գևորգ Հարոյանի

Արշավն իրականացվել է Հայկական Աշխարհագրական Նախագծի շրջանակներում

Բլոգ Հայաստանի մասին