Ինը մաս անապատ
Ինը մաս անապատը գտնվում է Արցախում՝ Մարտակերտի շրջանի Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի միջև: Այն տեղակայված է բլրի վրա՝ Հին Մոխրաթաղ գյուղատեղիից 500 մ դեպի արևելք: Շրջապատված է ջրային հոսանքներով և անտառներով, որոնք բնական պատնեշ են դառնում անապատի համար:
Պատմություն
Հին Մոխրաթաղ գյուղը ժամանակին եղել է խոշոր բնակատեղի և մելիքական նստավայր՝ ունենալով մինչև 700 տուն բնակչություն: Այս փաստը բացատրում է այն հանգամանքը, որ հենց այդ գյուղատեղիում է կառուցվել Ինը մաս անապատը:
Անապատի մասին իրենց աշխատություններում վկայություններ են արել Ս. Ջալալյանը, Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը: Նրանց պնդմամբ Ինը մաս անապատը եղել է տեղացիների և շրջակա գյուղերի բնակիչների սիրված ուխտատեղին:
Ճարտարապետություն
Ենթադրվում է, որ Ինը մաս անապատը կառուցվել է 12-րդ դարում, ինչի մասին են վկայում գլխավոր եկեղեցու պատերին ագուցված 12-13-րդ դարերին պատկանող խաչքարերը: Անապատից պահանվել է գլխավոր եկեղեցին, Մելիք-Իսրաելյանների բերդ-ամրոցը, բնակատեղիի ավերակները, գերեզմանատունը և տապանքարեր: Անապատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, անընդհատ վերանորոգվել, ինչը նաև անդրադարձել է անապատի ճարտարապետական հորինվածքի վրա:
Անվան ծագման հետ կապված տեղեկություններ ցավոք սրտի չկան, միայն կարող ենք ենթադրել, որ ինչպես Օխտը եղցի վանքի դեպքում, Ինը մասը նույնպես ուղղակիորեն հուշում է անապատի տարածքում՝ թվով ինը եկեղեցիների կամ հոգևոր այլ կառույցների երբեմնի գոյության մասին: Ըստ որոշ աղբյուրների՝ ասում են, թե Ինը մաս անապատը գոյություն է ունեցել մինչ 12-րդ դարը: Եվ վկայում մի ավանդության մասին՝ այդպիսով բացատրելով անապատի անունը:
Ըստ այդ ավանդության՝ անապատի տարածքում սպանվել են 9 եղբայրներ, որոնք հետագայում դասվել են սրբերի շարքին: Կանայք, ովքեր գալիս էին անապատ ուխտագնացության պատմում էին, որ այնտեղ գիշերելու ժամանակ, երազում տեսնում էին միանման հագնված և ձիերի վրա նստած 9 եղբայրներին: Սակայն անհայտ է, անապատն են դրանից հետո կոչել Ինը մաս, թե այն արդեն կրում էր այդ անունը:
Գլխավոր եկեղեցի
Ինը մաս անապատից պահպանվել են եկեղեցու և գավթի պատերը, եկեղեցու տանիքն ամբողջությամբ ավերվել է, պահպանված է նաև բեմի մի փոքր հատված: Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով թաղածածկ կառույց է:
Կա պահպանված արձանագրություն, որը համարվում է անապատի կառուցման գլխավոր արձանագրությունը, ըստ որի՝ համալիրը վերակառուցվել է 1881թ. վարդապետ Հովսեփ Պնաչյացի օրոք:
Բերդ-ամրոց
Գլխավոր եկեղեցուց դեպի արևմուտք գտնվում է Մելիք-Իսրաելյանների բերդ-ամրոցը, որը կառուցվել է 1771թ.: Քանի որ Հին Մոխրաթաղ բնակատեղին գրեթե միշտ եղել է մելիքական նստավայր՝ մելիքներին պատկանող կառույցները շատ տարածված են եղել:
Եպիսկոպոս Մ. Բարխուդարյանցը վկայել է, որ բերդն ունեցել է 12 սենյակ՝ ընդգծված հյուրասենյակով, ընդունարանով, ննջասենյակներով, դատական հանդիպումների համար նախատեսված հատուկ սենյակով: Յուրաքանչյուր սենյակ ունեցել է տարբեր և յուրահատուկ հատակագիծ՝ իրենց բնորոշ չափսերով և կառուցողական նրբություններով:
Մելիք-Իսրաելյանները սերել են Հասան-Ջալալյաններից, ովքեր եղել են նաև Ջրաբերդի մելիքության առաջին տերերը:
Խաչքար
Ինը մաս անապատից դեպի հարավ-արևմուտք՝ բլրի վրա տարածվում են գերեզմանոցները, որոնցից շատերը կորցրել են իրենց նախնական տեսքն ու հորիվածքը: Գերեզմանատան հյուսիսային կողմում թաղված են եղել Մելիք-Իսրալյանների տոհմի նրկայացուցիչները:
Սակայն մոտակայքում կա մի մեծ կաղնի, որին հենված վիճակում կարելի է նկատել մի խաչքար, որն իր հորինվածքի և ձեռագրի շնորհիվ՝ ուսումնասիրողները թվագրում են 9-10-րդ դարեր:
Ավանդություն
Տեղացիների փաստմամբ՝ նախկինում, երբ կենդանիների շրջանում ինչ-որ հիվանդություն էր տարածվում, Կուսապատից և շրջական գյուղերից բնակիչներն իրենց կենդանիներին բերում էին Ինը մաս անապատի տարածքում գտնվող Սուրբ ծառի մոտ:
Նրանք հավատում էին, որ ծառը բուժում է կենդանիների հիվանդությունները: Անասունները պետք է պտտվեին ծառի շուրջ երեք անգամ, իսկ հովիվներն իրենց գավազանները ջարդում էին և մի հատված կախում ծառից՝ հավատալով, որ ծառի շուրջ երեք անգամ պտտվելուց հետ այն կբուժի կենդանիների հիվանդությունները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: