info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատն այսուհետ իմն է 

Արարատվածներ / Սյուզաննա Արզումանյան

Արարատվածներ / Սյուզաննա Արզումանյան

Արարատի վերելքի համար պատրաստվել եմ շուրջ 5 տարի, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ 2024 թվականի օգոստոսի 19-ին ԱրմՋեոյի հետ իրականացրի երազանքս:

Անկեղծ ասած ավելի հեշտ ու ռոմանտիկ էի պատկերացնում վերելքը, բայց իրականում շատ-շատ բարդ էր՝ 4200 մետր բարձրությունից սկսած, մինչև 5165 մետրը: Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց և անհասկանալի թուլություն ունեի: Դժվար էր նաև իջնելու ընթացքը, շատ մեծ քարեր էին, և պետք էր ուշադիր լինել: Ցավոք սրտի ոտքերս այտուցվել էին, և ամբողջ վայրէջքի ճանապարհը շատ բարդ էր ու տանջալից, սակայն Արարատի գագաթին կանգնելու, 5 տարի անվերջ մտածելու, երազելու, և վերջապես երազանքին շատ մոտ լինելու գաղափարն էր, որ օգնում էր բոլոր դժվարությունները հաղթահարել։

Մեր վերելքի օրը մառախլապատ էր, եղանակը լավը չէր, և ես այդպես էլ իմ պատկերացրած գագաթը չտեսա: Ճանապարհին ոչ մի երգ չեմ հիշել, ուղղակի ինքս ինձ կրկնում էի, որ պետք է բարձրանամ ու վերջ։

Ամեն տեղ Արարատ եմ փնտրում

Արարատը ոչ մի բանի հետ չեմ ասոցացրել, ուղղակի ցանկացել եմ հասնել և կանգնել նրա գագաթին: Այնտեղ հասնելուց հետո իմ ուժերի հանդեպ մեծ վստահություն եմ ձեռք բերել, և հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի դժվարությունից այլևս չեմ վախենում և չեմ վախենա:

Արարատվածներ / Սյուզաննա Արզումանյան

  

Արարատն ինձ փոխել է 5165 աստիճանով, ես մինչև բարձրանալն ուրիշ էի, հիմա շատ ուժեղ եմ զգում ինձ, շատ ինքնավստահ, վախերս ու կասկածներս հաղթահարած։ Վերելքից հետո  երեխաներիս ասում եմ, որ անհնարին ոչինչ չկա, միայն շատ մեծ կամք ու ցանկություն է հարկավոր: Եթե ես 55 տարեկանում կարողացա բարձրանալ Արարատ, ուրեմն աշխարհում ոչինչ անհնարին չէ, ընդամենը պետք է ունենալ նպատակ, և գնալ դրա հետևից:

Արարատի գագաթին ինձ կարող եմ բնութագրել հաղթանակած և երջանիկ բառերով

Արարատը ֆանտաստիկ գեղեցիկ է ու բարդ, հմայիչ է ու կամակոր: Եթե մի անգամ մտքովդ անցավ բարձրանալ, կամ շփվեցիր Արարատ բարձրացած մարդու հետ՝ վերջ, դու ընկնում ես «թակարդը»: Այդ միտքը սկսում է քեզ անվերջ հետապնդել, որ սարն էլ բարձրանաս, միևնույն է Արարատը քո մտքից դուրս չի գալիս: Ամեն տեղ Արարատ ես փնտրում: Արարատը հրաշք է և շատ միստիկ, անվերջ կարելի է նկարագրել, բայց  դա կարող է հասկանալ միայն վերելքը հաղթահարած  հայը:

Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը

Ես երբեք չեմ մոռանա ուղեկցորդ Հրաչ Արա-Իվանյանին: Եթե ինքը կողքիս չլիներ, ես գագաթ երբեք չէի հասնի: Ուժերս սպառվել էին, տառապում էի լեռնային հիվանդությամբ և բացարձակապես ի վիճակի չէի շարունակել վերելքը: Հրաչի բարձր ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է․ «Սյուզան հասել ենք, բան չի մնացել, դու կարող ես», ես հիշում եմ, որ արտասվելով ասացի Հրաչ ջան շատ եմ ուզում բարձրանալ, բայց էլ ի վիճակի չեմ, ինքը ձեռքս պինդ բռնեց և սկսեց ինձ իր ետևից տանել: Բանը նրանում է, որ այդպիսի բարձրության վրա բոլորն էլ վատ են զգում, գագաթից մի 200 մետր էր մնացել, որ հասնեինք, ես ուժասպառ էի եղել: 

Հետո տեսա մեր խումբն իջնում է, բոլորը շնորհավորում էին, բայց ես դեռ գագաթին չէի հասել ու մղձավանջի մեջ էի, երբ հասանք գագաթին, անհավատալի, աննկարագրելի զգացողություններ էին: Արտասվում էի, մինչև հիմա հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես հասա գագաթ։ Պառկել էի այնտեղ ու աչքերս փակել, ուզում էի հիշել, երբեք չմոռանալ հաղթանակի զգացողությունը: Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը և ասել իմն է, ոչ մեկին չեմ տա: Ուզում էի, որ գագաթին ոչ ոք չլիներ, միայն ես ու իմ Արարատը: Արարատն այսուհետ իմն է:

Ամեն ինչ կար Արարատում և՛ քարքարոտ, և՛ ցուրտ, և՛ տաք, իսկ գագաթին արդեն կարելի է ասել՝ արևոտ, բայց Արարատի մոտ այլևս չեմ գնա, ես իրեն հասել եմ, Արարատն այսուհետ իմն է, իսկ կյանքս հաստատ փոխվել է՝ ես եմ փոխվել 5165-ով։

Սյուզաննա Արզումանյան

Առաջիկա արշավներ