Արարատն այսուհետ իմն է
Արարատի վերելքի համար պատրաստվել եմ շուրջ 5 տարի, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ 2024 թվականի օգոստոսի 19-ին ArmGeo-ի հետ իրականացրի երազանքս:
Անկեղծ ասած, ավելի հեշտ ու ռոմանտիկ էի պատկերացնում վերելքը, բայց իրականում շատ-շատ բարդ էր՝ 4200 մետր բարձրությունից սկսած, մինչև 5165 մետրը: Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց և անհասկանալի թուլություն ունեի: Դժվար էր նաև իջնելու ընթացքը: Շատ մեծ քարեր էին, և պետք էր ուշադիր լինել: Ցավոք սրտի, ոտքերս այտուցվել էին, և ամբողջ վայրէջքի ճանապարհը շատ բարդ էր ու տանջալից, Արարատի գագաթին կանգնելու, 5 տարի անվերջ մտածելու, երազելու և վերջապես երազանքին շատ մոտ լինելու գաղափարն էր, որ օգնում էր բոլոր դժվարությունները հաղթահարել։
Մեր վերելքի օրը մառախլապատ էր, եղանակը լավը չէր, և ես այդպես էլ իմ պատկերացրած գագաթը չտեսա: Ճանապարհին ոչ մի երգ չեմ հիշել, ուղղակի ինքս ինձ կրկնում էի, որ պետք է բարձրանամ ու վերջ։
Ամեն տեղ Արարատ եմ փնտրում
Արարատը ոչ մի բանի հետ չեմ ասոցացրել, ուղղակի ցանկացել եմ հասնել և կանգնել նրա գագաթին: Այնտեղ հասնելուց հետո իմ ուժերի հանդեպ մեծ վստահություն եմ ձեռք բերել և հիմա վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի դժվարությունից այլևս չեմ վախենում և չեմ վախենա:
Արարատն ինձ փոխել է 5165 աստիճանով: Ես մինչև բարձրանալն ուրիշ էի: Հիմա շատ ուժեղ եմ զգում ինձ, շատ ինքնավստահ՝ վախերս ու կասկածներս հաղթահարած։ Վերելքից հետո երեխաներիս ասում եմ, որ անհնարին ոչինչ չկա, միայն շատ մեծ կամք ու ցանկություն է հարկավոր: Եթե ես 55 տարեկանում կարողացա բարձրանալ Արարատ, ուրեմն աշխարհում ոչինչ անհնարին չէ: Ընդամենը պետք է ունենալ նպատակ, և գնալ դրա հետևից:
Արարատի գագաթին ինձ կարող եմ բնութագրել հաղթանակած և երջանիկ բառերով
Արարատը ֆանտաստիկ գեղեցիկ է ու բարդ, հմայիչ է ու կամակոր: Եթե մի անգամ մտքովդ անցավ բարձրանալ, կամ շփվեցիր Արարատ բարձրացած մարդու հետ՝ վերջ, դու ընկնում ես «թակարդը»: Այդ միտքը սկսում է քեզ անվերջ հետապնդել: Որ սարն էլ բարձրանաս, միևնույն է Արարատը քո մտքից դուրս չի գալիս: Ամեն տեղ Արարատ ես փնտրում: Արարատը հրաշք է և շատ միստիկ: Անվերջ կարելի է նկարագրել, բայց դա կարող է հասկանալ միայն վերելքը հաղթահարած հայը:
Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը
Ես երբեք չեմ մոռանա ուղեկցորդ Հրաչ Արա-Իվանյանին: Եթե ինքը կողքիս չլիներ, ես գագաթ երբեք չէի հասնի: Ուժերս սպառվել էին, տառապում էի լեռնային հիվանդությամբ և բացարձակ ի վիճակի չէի շարունակել վերելքը: Հրաչի բարձր ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է․ «Սյուզա՛ն, հասել ենք, բան չի մնացել, դու կարող ես»: Ես հիշում եմ, որ արտասվելով ասացի՝ «Հրաչ ջա՛ն, շատ եմ ուզում բարձրանալ, բայց էլ ի վիճակի չեմ»: Ինքը ձեռքս պինդ բռնեց և սկսեց ինձ իր ետևից տանել: Բանը նրանում է, որ այդպիսի բարձրության վրա բոլորն էլ վատ են զգում: Մոտ 200 մետր էր մնացել, որ հասնեինք գագաթին, ու ես ուժասպառ էի եղել:
Հետո տեսա, որ մեր խումբն իջնում է, բոլորը շնորհավորում էին, բայց ես դեռ գագաթին չէի հասել ու մղձավանջի մեջ էի: Երբ հասանք գագաթին, անհավատալի, աննկարագրելի զգացողություններ էին ինձ մոտ: Արտասվում էի ու մինչև հիմա էլ հուզվում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես հասա գագաթ։ Պառկել էի այնտեղ ու աչքերս փակել: Ուզում էի հիշել, երբեք չմոռանալ հաղթանակի զգացողությունը: Ուզում էի երկու ձեռքով գրկել Արարատը և ասել իմն է, ոչ մեկին չեմ տա: Ուզում էի, որ գագաթին ոչ ոք չլիներ, միայն ես ու իմ Արարատը: Արարատն այսուհետ իմն է:
Ամեն ինչ կար Արարատում: Այն և՛ քարքարոտ էր և՛ ցուրտ և՛ տաք, իսկ գագաթին արդեն կարելի է ասել՝ արևոտ: Բայց Արարատի մոտ այլևս չեմ գնա: Ես իրեն հասել եմ: Արարատն այսուհետ իմն է, իսկ կյանքս հաստատ փոխվել է… ես եմ փոխվել 5165-ով։
Սյուզաննա Արզումանյան
Վերելք Արարատ
Առաջիկա արշավներ