Մասնագիտություն (ինչո՞վ ես զբաղվում)
Մասնագիտութամբ (կրթությամբ) իրավաբան եմ: Աշխատում եմ «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերությունում:
Ի՞նչը ստիպեց քեզ առաջին անգամ մասնակցել արշավի, ի՞նչ էիր զգում առաջին անգամ քո «հարմարավետության գոտուց» դուրս գալուց
Արշավների մասնակցում եմ շատ վաղուց, սկզբնական շրջանում հիմնականում էքսկուրսիոն արշավներ էին և նպատատակն էր առավելապես հայրենաճանաչությունը: Լեռնային արշավների ավելի ուշ միացա: Սկիզբ հանդիսացավ երազանքիս Լեռը բարձրանալը, չնայած մինչ այդ էլ եղել էին մի քանի վերելքներ, բայց ամեն ինչ սկսվեց 2014թ. ձմռանը, երբ տեսա ArmGeo-ի հայտարարությունը Արարատի գագաթ բարձրանալու վերաբերյալ, անմիջապես մեկ հեռախոսազանգ, երկար զրույց, ոգևորություն, և 2014թ. օգոստոսի 20-ից կյանքս փոխվեց 5165 °-ով, արշավական կյանքս էքսկուրսիոնից փոխվեց լեռնայինի:
Առաջին անգամ «հարմարավետության գոտուց» դուրս գալու հիշողություններ չեն պահպանվել ))) Ավելին՝ տարիների ընթացքում «հարմարավետության գոտին» փոխատեղվել է: Յուրաքանչյուր վերելքից հետո, իջնելով ներքև, ավելի ու ավելի է խորանում այն գիտակցումը, որ մեր հզորության մի մասն ու հպարտության մեծ մասը մնաց այնտեղ, վերևում: Լեռներում ես ինձ զգում եմ:
Ինչո՞ւ ես լեռներ բարձրանում, ի՞նչ են տալիս քեզ լեռները
«Երջանկությունը ոչ թե սարերի հետևում է, այլ սարերում» հայտնի արտահայտությունը լեռնագնացների համար ոչ թե այն հումորների շարքից է, որն ունի ճշմարտության հատիկ, այլ կարգախոս է, որի հետևում տասնյակ գագաթներ են, հարյուրավոր կիլոմետրեր, զարմանահրաշ մարդիկ, ապրած կյանք…
Արշավների ընթացքում յուրաքանչյուրը տարբեր զգացումներ է ունենում: Իմ համար բարձրության զգացումը ամենախենթն է, ամենահրապուրիչը, ազատությունն՝ ամենացանկալին: Գագաթներից բացվող հորիզոններն են, որ ապահովում են ազատության ամենակատարյալ զգացումը: Դե, լեռների կատարներն էլ հեռացնում են այն հորիզոնը, որ փակ է թվում լեռան ոտքի տակ՝ ընդլայնելով ազատության սահմանները:
Այս ամենն ընդամենը կցկտուր փորձ է պատասխանելու, թե ինչու եմ բարձրանում լեռներ, իսկ թե ինչ են տալիս լեռները… Չգիտեմ էլ՝ պարտադի՞ր է արդյոք, որ ինչ որ բան տան լեռները: Այդպիսի ակնկալիքը ավելի շատ գալիս է ամեն ինչի նկատմամբ մարդու՝ սպառողական մոտեցումից: Միևնույն ժամանակ, երբ անվերջ փնտրտուքների մեջ ես, բայց լեռներում զգում ես ներդաշնակություն և լեռներում հասնում ես ինքնաճանաչողության որոշակի մակարդակի, զգում ես, որ այնուամենայնիվ լեռներն ավելի «բարձր» են մեր մոտեցումներից. նվիրում են ու տալիս առանց ակնկալիքի:
Մարդն ինքնաճանաչողության ճանապարհին հաճախ է ստուգում սահմանն իր հնարավորությունների: Ո՛ւ երբ սպառված են ուժերդ և մնացել է միայն կամքը և նպատակին հասնելու անկասելի վճռականությունը, ո՛ւ երբ զգում ես, որ լեռներում տարերքին տրված պատրաստ ես ցանկացած մարտահրավերի, ավելի շատ ես ձգտում կրճատել դեպի լեռներ տանող ճանապարհները…
Ակամա հիշեցի Վարդգես Պետրոյանի հետևայալ տողերը.
«Լեռներում … միայն ապրել կարելի է: Ու դրա համար էլ ինձ թվում է, թե միայն դիակներն են, որ փախչում են լեռներից: Եվ լեռներն ինձ ասացին՝ մարդը ապրում է որոնելու համար, թեկուզ ամբողջ կյանքում ոչինչ չգտնի…»:
Ունե՞ս սիրելի մեջբերում լեռների մասին
Շա՜տ…
Դե լեռների թեման գրեթե բոլոր հեղինակների մոտ առկա է, բայց փորձեմ իմ սիրելի հեղինակից.
Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով… (Պ. Սևակ)
Նաև Նիցշեի հեևյալ տողերն եմ մշտապես հիշում. «…ով ամենաբարձր լեռներն է բարձրանում, նա ծիծաղում է կյանքի և բեմի բոլոր ողբերգությունների վրա…»:
Ունե՞ս ավելի բարդ ու բարձր լեռներ նվաճելու ցանկություն
Քանի դեռ լեռները կան, գոյություն ունեն, լեռնագնացի հայացքը միշտ վեր է ուղղված…
Այո՛, ինչ խոսք, անգամ ցանկ ունեմ կազմած, չնայած ցանկում ընդգրկված ոչ բոլոր լեռներն են արդեն բարձրացածներից բարդ ու բարձր, բայց կան նաև այդպիսք:
Պետք է նշեմ սակայն, որ ինձ համար լեռներն ինքնանպատակ չեն ու զուտ զանգվածներ չեն միայն, լեռները նաև մարդիկ են՝ լեռնագնացներ, ընկերներ, ում հետ ճանապարհ ես անցնում, դժվարություններ ես հաղթահարում, ում վրա հույս ես դնում, ում հետ կիսում ես գագաթ հասնելու բերկրանքը, ովքեր լցնում են ու իմաստավորում ապրածդ օրը, ում հետ պատրաստ ես հետագայում ավելի բարդ ու բարձր լեռներ բարձրանալ: Նաև մարդիկ՝ որոնց հանդիպում ենք գյուղերում, լեռներում: Հողագործներ, հիմանականում անասնապահներ՝ պարզ, ուղղամիտ, սրտաբաց, պատրաստակամ, ովքեր և հիշարժան են դարձնում այդ գյուղը, տարածաշրջանը, և անընդհատ ուզում ես վերադառնալ:
Ո՞րն է քո ամենահիշարժան արշավը և ինչո՞վ է այն հիշարժան
Երբ տարվա ընթացքում ավելի քան 50 օր անցկացնում ես լեռներում, իսկ 2017-ը այդպիսիններից էր, դժվար է առանձնացնել մեկը: Փորձեմ գոնե 3 դրվագ, այն էլ միայն 2017-ի արշավներից.
- Բաղացսարի գագաթը 3249 (իմ բարձրացած ավելի քան 100 լեռներից թերևս միակը, որի գագաթին ունեցած զգացողություններս չեն կրկնվել ոչ մի այլ տեղ. ես երբեք չեմ զգացել այդքան ուժեղ ու այդքան մաքուր ուրախություն)
- Ծարասարի վերջալույսը (այդ օր ես քառասուներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում (Un jour, j’ai vu le soleil se coucher quarante-trois fois! Saint-Exupéry))
- Կուսանացի երեք օրերի յուրաքանչյուր վայրկյանը (ինչպես Ծիգոն))) է հաճախ ասում. «Արցախը կամ սիրում ես կամ Արցախում չես եղել…», դրա համար թերևս առանց բացատրություննների կամ էլ պոետիկ.
Ինչ որ լավ է այս աշխարհում`
Բոլորն էլ կա Ղարաբաղում,
Բոլորն էլ կա և ավելին,
Սար չի հասնի մեր սարերին…
Ինչպես մայրն իմ ողջ աշխարհի
Մայրերից էլ լավն է, բարի,
Այդպես էլ հողն իմ Ղարաբաղի
Քաղցր է, և թող Աստված պահի,
Եվ կպահի, մի կասկածիր,
Աստված էլ է ղարաբաղցի…))))
Այս երեքի յուրահատկությունը շեշտելու համար ուզում եմ նշել, որ 2017-ի է եղել Փոքր Իշխանասարի վերելքը, տարին սկսվել և ավարտվել է Արցախում դիմավորած արշավական, արմջեոական, ոչ ավանդական ամանորով և վերջապես Սիփանը:
Սակայն փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր արշավ գերազանցում է նախորդներին, հետևաբար` լավագույններն առջևում են, այնպես որ եղե՛ք մոտ բնությանը, արշավե՛ք, այն ձեզ հնարավորություն կտա անվեջ բացահայտել Հայաստանը:
Ի՞նչ խորհրդով կօգնես այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ ուզում են սկսել արշավել, բայց այդպես էլ չեն համարձակվում
Այն, որ ուզում են դա արդեն լավ է ))), կարծում եմ, ցանկությունը առաջնային նախապայմանն է: Երբեք ուշ չէ, վերցրեք հեռախոսը, հավաքեք 5165, չմոռանալով սկզբում 043 00…., և, վստահ, ձեր կյանքն էլ կփոխվի 5165 °-ով. բնությունը, լեռները օպերային ներկայացում չեն, որ կա՛մ սիրես, կա՛մ ոչ, մեկ վերելքը բավարար է, որ սիրտդ թողես լեռներում…
Ուզու՞մ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:
Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.