Անցյալում շատ առասպելներ, զրույցներ և հեքիաթներ են հյուսվել կրակի մասին: Բազմաթիվ երկրների ժողովուրդներ պաշտամունքի առարկա դարձնելով կրակը՝ դարեր շարունակ գիշեր ու ցերեկ մշտավառ են պահել այն, որովհետև կրակ ձեռք բերելը նախկինում կապված է եղել աներևակայելի դժվարությունների հետ: Հենց այդ ժամանակներից էլ մեզ են հասել «ծուխդ շեն մնա», «կրակդ վառ մնա» հինավուրց օրհնությունները, որոնք խոսում են մարդկության կյանքում կրակի ունեցած նշանակության մասին:
Մեր օրերում կրակի ստացման տարբեր եղանակներ գիտի ամենափոքր դպրոցականն անգամ: Սակայն այդ իմացածը լիովին բավարար համարել և կրակի հետ ցանկացած ձևով վարվել չի կարելի, որովհետև անզգուշության դեպքում կրակը կարող է բազմաթիվ չարիքների պատճառ դառնալ: Իզուր չի ասված՝ կրակի հետ ճիշտ վարվելու դեպքում այն քո բարեկամն է, սխալվելու դեպքում՝ մեծագույն թշնամին:
Խարույկ՝ արշավի անբաժան մասնիկը
Դժվարին անցումներից հետո անհնար է արշավը պատկերացնել առանց խարույկի, դրա շուրջ հանգստանալու, զրույցներ պատմելու, խաղեր կազմակերպելու և, իհարկե, առանց խարույկի վրա եփած ծխահամ թեյի:
Արշավի յուրաքանչյուր մասնակից պետք է կարողանա խարույկի համար համապատասխան վայր ընտրել, վառել այն՝ բնության պահպանման և հակահրդեհային միջոցների բոլոր կանոններին համապատասխան: Բնության գրկում, մանավանդ անտառաշատ վայրերում, հրդեհից խուսափելու համար պետք է ունենալ խարույկ վառելու որոշակի կարողություններ: Հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել արգելոցներում, աչալուրջ հետևել, կարդալ բոլոր ցուցիչներն ու զգուշացումները և խարույկ վառել այնպիսի տեղում, որտեղ թույլատրվում է:
Խարույկի ճիշտ պատրաստումը
Պետք է հիշել, որ խարույկն անհրաժեշտ է պատրաստել շինություններից, վրաններից ու ծառերից 8-10 մ հեռու՝ բաց տարածությունում: Անվտանգությունն ապահովելու համար խարույկի շուրջը հարկավոր է փորել 15-20 սմ խորությամբ և նույնքան լայնությամբ փոսեր, որպեսզի կրակը չոր խոտերի, տերևների ու ճյուղերի միջոցով չտարածվի դեպի անտառի խորքը: Նպատակահարմար է խարույկը պատրաստել գետի, լճի, աղբյուրի մոտ կամ ավազուտ տեղում: Վտանգավոր ու անթույլատրելի է կրակ վառել ծառի արմատների, քարաքոսների, խոտի դեզերի և մրջնանոցների մոտ: Այդպիսի տեղերում կրակը պահպանվում է երկար ժամանակ և կարող է տարածվել ու հրդեհի պատճառ դառնալ:
Խարույկի տեղը պատրաստելուց հետո, պետք է ընտրել չոր ճյուղեր և դասավորել իրար վրա՝ խաչաձև: Պետք է հիշել, որ կաղնու, լորենու, գիհու, ընկուզենու և կեչու ճյուղերը շատ ջերմություն չեն տալիս և քիչ ծուխ են արձակում: Եղևնու, մայրու, շամի չոր ճյուղերը շատ ծուխ են արձակում և այրվելիս կայծեր սփռում շուրջը. դա վտանգավոր է:
Որպեսզի խարույկը շուտ բոցավառվի, կարելի է օգտագործել կեչու կեղև, թուղթ, չոր քարաքոսեր, լաստենու ճյուղեր կամ չոր ճյուղերից պատրաստված վառիչներ:
Արգելավայրերում բաց խարույկ վառելն արգելվում է: Այստեղ հարկավոր է օգտագործել գազայրիչ(պրիմուս), որ խումբը պետք է ունենա իր հետ:
Խարույկի տարբեր ձևերը
Կան խարույկի մի քանի ձևեր՝ «հյուղակ», «ջրհոր», «աստղաձև» և այլն:
«Հյուղակ» ձևի խարույկի փայտերն իրար վրա դասավորվում են ուղղահայաց՝ վերևի ծայրերը դեպի ներս թեքված: Նրա վրա ոչ միայն կարելի է կերակուր պատրաստել, այլև լուսավորել ճամբարի շրջակայքը: Բայց այն նախատեսված է ոչ մեծ թվով մասնակիցների համար:
Խարույկի մյուս ձևը «ջրհորն» է: Փայտերն իրար վրա դասավորում են զուգահեռ, և մի քանի շարք դասավորելուց հետո՝ այն նմանվում է ջրհորի: «Ջրհորի» փայտերն այրվում են շատ դանդաղ, բայց տաքությունը շատ է և հարմար ճաշ պատրաստելու, տաքանալու և հագուստ չորացնելու համար:
«Աստղաձև» խարույկի դեպքում հաստ ճյուղերը դասավորում են աստղի ձևով. որքան այրվում են ճյուղերը, այնքան դրանք կարելի է առաջ հրել: Կրակը հիմնականում կենտրոնանում է մեջտեղում և հնարավոր է օգտագործել ճաշ եփելու համար: Պղինձը կամ դույլը պետք է կախել խարույկի վրա միայն այն ժամանակ, երբ այլևս բոց չի բարձրանում:
Խարույկի հանգցնելը
Եթե խարույկը այլևս պետք չէ` հարկավոր է կրակը հանգցնել, իսկ չայրված փայտերը հավաքել իրար վրա: Խարույկի մոտից պետք է հեռանալ միայն այն ժամանակ, երբ խարույկը մարված է և անվտանգ է շրջապատի համար: Խարույկը մարելու համար կրակը պետք է տարածել և ջրով մարել: Եթե շրջապատում ջուր չկա, հարկավոր է կրակի վրա լցնել 10-15 սմ հող կամ ծածկել ճիմով:
Իզուր չէ ասված, որ մեկ ծառից կարելի է պատրաստել միլիոնավոր լուցկիներ, բայց մեկ լուցկու հատիկը կարող է այրել հազարավոր ծառեր: