Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին
Դուք որոշել եք իրականացնել ձեզ համար շատ կարևոր երազանք ու բարձրանալ Արարա՞տ: Հիանալի որոշում է: Արարատը յուրօրինակ լեռ է: Բարձրությունը 5165 մետր է, ինչն արդեն ալպինիստական լուրջ բարձրություն է: Բայց միաժամանակ, ամենահեշտ ու ապահով 5000-անոց լեռներից է աշխարհում: Սա կապված է իր աշխարհագրական դիրքի, կլիմայի և երթուղու վրա մշակված ենթակառուցվածքների հետ: Սակայն պետք է հիշել, որ գնում ենք վայրի բնություն՝ բարձրալեռնային գոտի: Գագաթի մթնոլորտային ճնշումը ստորոտի համեմատ ցածր է, օդը՝ սառը և չոր: Պետք է օրգանիզմը պատրաստել այդ պայմաններին: Օրգանիզմը բարձրությանը նախապատրաստելու լավագույն միջոցը կլիմակայվարժեցումն է, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր հոդվածում:
Այս հոդվածում ներկայացրել ենք, թե ինչպես պատրաստվել Արարատի վերելքին: Ներառել ենք հիմնական կետերն ու անհրաժեշտ պարագաների ցանկը, որոնք ձեր վերելքը կդարձնեն լիարժեք:
Կարգավորեք ձեր կենսակերպը
Վերելքից առնվազն մեկ ամիս առաջ սկսեք առավել կայուն և առողջ ապրելակերպ վարել: Կարգավորեք ձեր քնի ռեժիմը, սննդակարգը, հնարավորինս փորձեք զերծ մնալ ալկոհոլից և ծխախոտից: Ալկոհոլ օգտագործելուց հետո սպիրտը դեռ երկար ժամանակ մնալու է ձեր օրգանիզմում:
Դա ամենևին չի նշանակում, որ վերելքի ժամանակ դուք դեռ գինովցած եք լինելու, բայց օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու համար՝ արժե զերծ մնալ ալկոհոլից:
Մարզվեք
Հիանալի կլինի, եթե մարզումների գրաֆիկ կազմեք՝ համապատասխան սննդակարգով և քնի ռեժիմով: Երբեմն դժվար է առօրյան կտրուկ փոխել և հետևողան լինել այդ ամենին: Խորհուրդ ենք տալիս սկսել փոքր քայլերից: Աստիճանաբար կարգավորեք ձեր սննդակարգը և մարզումները:
Իսկ հետո փորձեք ավելի խիտ գրաֆիկի անցնել: Ֆիզիկական պատրաստվածությունը միանշանակ դրական ազդեցություն կունենա ձեր կենսակերպի վրա:
Գնացեք արշավների
Շատ արշավների մասնակցեք Հայաստանում: «Armenian Geographic» – ն ամեն շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է քայլարշավներ և լեռնային վերելքներ: Մեզ հետ արշավների մասնակցելով՝ դուք կմարզվեք գալիք վերելքի համար: Հատկապես ձմեռային արշավները ամենալավ փորձն են տալիս։ Քանի որ ձմռանը Հայաստանի լեռներում կլիման մոտավորապես նույնն է, ինչ ամռանն Արարատի գագաթին։ Նաև սեփական փորձով կհասկանաք, թե ինչ հանդերձանք ընտրել՝ տարբեր եղանակային պայմաններում։
Արշավների ընթացքում կգտնեք գաղափարակից ընկերներ: Կշփվեք փորձառու արշավականների հետ, ովքեր կկիսվեն ձեզ հետ արժեքավոր խորհուրդներով և իրենց վերելքների փորձով:
Անցեք բժշկական զննում
Ստուգեք թոքերի և սրտի աշխատանքը: Եթե ունեք որևէ առողջական խնդիր՝ ախտահարված ատամ, մրսածություն կամ խրոնիկ հիվանդություններ, ապա անպայման լուծեք այդ խնդիրները: Հիշեք, որ լեռներում մարդու օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է: Անգամ ամենաաննշան բանը կարող է բացասաբար անդրադառնալ:
Իրատեսորեն մոտեցեք այս հարցին: Խորհրդակցեք բժիշկների հետ և եթե ունեք հակացուցումներ, անպայման մեզ տեղյակ պահեք: Իմացեք, որ այս հարցում առաջին պատասխանատուն դուք եք:
Վերելքի համար անհրաժեշտ պարագաների ցանկ
Արարատի վերելքը սկսվում է 2200 մետր բարձրությունից։ Եվ քանի որ ամռանն այս բարձրության վրա բավականին շոգ է, պետք է պաշտպանվել արևահարվելուց։ Բարձր լեռնային գոտում արևային ռադիացիան ավելի ուժեղ է և առաջին հերթին պետք է փակել մարմնի բոլոր մասերը։ Խստորեն հետևեք ուղեկցորդների ցուցումներին և վերելքը ավելի հեշտ կստացվի:
Գլուխն ու վիզը փակում ենք հատուկ արշավային գլխարկով: Եթե ձեր գլխարկը չի ծածկում վիզը՝ կարող եք ծածկել բաֆով։ Վերելքի սկզբում ձեզ պետք չեն պրոֆեսիոնալ բարձրալեռնային կոշիկներ։ Մինչև երկրորդ ճամբարը կարող եք բարձրանալ սովորական արշավային կոշիկներով։ Կարևոր է, որ դրանք լինեն հաստ տակացուներով և կոճից բարձր, որպեսզ ամուր պահեն կոճն ու սրունքը: Արարատը բավականին քարքարոտ լեռ է և ոտքը ոլորելու վտանգ կա։
Առաջին օրը բարձրանալու ենք հարաբերական 1000 մետր։ Վերելքը տևում է մոտ 4 ժամ։ Բարձրանում ենք թեթև հանդերձանքով։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Ձեզ հետ վերցնելու եք միայն փոքր ուսապարկ։ Ուսապարկի մեջ լինելու են միայն մի քանի ժամվա համար անհրաժեշտ պարագաներ. դեղատուփ, թեթև բաճկոն, գլխարկ, ջուր և սնունդ՝ կանգառների ընթացքում թեթև սնվելու համար: Նաև հիշեք, որ մարմինը ջրազրկվելու հատկություն ունի, և ջուր օգտագործելը վերելքի ընթացքում պարտադիր է։ Աշխատեք ճամբարից ճամբար բարձրանալիս խմել առնվազն 1-1,5 լիտր ջուր։
Երկրորդ օրվա առավոտյան կլիմայական պայմանները գրեթե նույնն են։ Սակայն որքան բարձրանանք վերև, այդքան զգալու ենք ջերմաստիճանի փոփոխությունը։ Երկրորդ օրվա հանդերձանքը նույնն է, ինչ նախորդ օրվանը: Միայն պետք է վերցնել ավելի տաք բաճկոն, տաք ձեռնոց ու գլխարկ։
Եվ այսպես, մոտեցանք ամենակարևոր օրվան։ Երկրորդ ճամբարը գտնվում է 4200 մետր բարձրության վրա։ Հենց այստեղից է սկսվում երազանքի վերելքը, և հենց այս օրվա համար ենք այդքան երկար պատրաստվում։
Վերելքը սկսվում է գիշերը ժամը 1-ին։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է լինում, և որքան բարձրանանք, այդքան նվազելու է։ Պետք է ճիշտ ընտրել ադ օրվա հանդերձանքը։
Ի՞նչ հագնել վերելքի օրը
Գոյություն ունի շերտերով հագնվելու հասկացություն։ Դա նշանակում է, որ հագնում եք ոչ թե մեկ շատ հաստ բաճկոն, այլ մի քանի շերտ հագուստ: Սովորաբար այն բաղկացած է լինում երեք շերտից, շատ ցուրտ պայմաններում՝ չորս կամ հինգ: Դրանցից ամեն մեկն ունի իր դերը: Առաջին շերտը թերմոներքնազգեստն է, որը պահում է մարմնի ջերմաստիճանը և իր շնչող հատկության շնորհիվ՝ մարմնից հեռացնում է քրտինքն ու այն չոր պահում:
Երկրորդը՝ ֆլիսե բաճկոնն է: Այս շերտը ապահովում է հիմնական տաքությունը:
Երրորդը՝ քամուց և ջրից պաշտպանող բաճկոնն է, որը նույնպես կարող է տաքացնող բաղկացուցիչ շերտ ունենալ:
Անհրաժեշտ պարագաների ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Եթե Արարատ բարձրանալն այլևս անիրական երազանք չեք համարում, ունեք ցանկություն ու պատրաստակամություն, ապա՝
Միացեք մեր Արարատ 2025-ի վերելքին
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: