Դուք արդեն գնե՞լ եք ձեր իդեալական ուսապարկը: Սակայն հարմարավետ և թանկարժեք ուսապարկ ունենալը միայն գործի կեսն է: Պետք է իմանալ, թե ինչպես դասավորել ուսապարկը: Մեր արշավական իրերը լինում են տարբեր քաշի և չափսի, նաև տարբերվում են ըստ անհրաժեշտության: Ահա այս չափորոշիչների վրա հիմնվելով էլ պետք է դասավորել ուսապարկը: Մենք առանձնացրել ենք մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ դուք ուսապարկում քաշ և տարածք կխնայեք:
Ուսապարկը դասավորելու փորձը մարդիկ ձեռք են բերում ժամանակի ընթացքում՝ արշավից արշավ հմտանալով դրանում: Այնպես որ, եթե այս հոդվածը կարդալուց հետո ձեզ մոտ միանգամից չստացվի ճիշտ հավաքել ուսապարկը, ոչ մի դեպքում չհուսահատավեք:
Ներքևի նկարի սխեման հիմնականում վերաբերում է մի քանի օրանոց թրեքինգների համար նախատեսվող ուսապարկի դասավորությանը, քանի որ մեծ ծանրություների դեպքում քաշի ճիշտ բաշխումն առավել կարևոր է դառնում: Սակայն մեկօրյա արշավների ժամանկ էլ կարող եք առաջնորդվել հետևյալ սկզբուքնով: Պարզապես այդ ժամանակ ամեն ինչ ավելի հեշտ կլինի:
- Նախ ներկայացնենք ուսապարկը դասավորելու սկզբունքն ըստ իրերի․
- Ուսապարկի ներքևի բաժնում դնում ենք համեմատաբար թեթև, բայց չափսերով մեծ իրերը՝ քնապարկ, փոխնորդ հագուստից որոշ բաներ, փետուրե հագուստ, փչովի բարձ և այլն:
- Ամենածանր իրերը պետք է լինեն մեջքին կպած՝ գոտկատեղից մինչև թիակներն ընկած հատվածում, որպեսզի մեջքի և գոտկատեղի ուժեղ մկաններն իրենց վրա վերցնեն քաշը, իսկ մեջքին մոտիկ լինելու շնորհիվ, այն չշեղի ծանրության կենտրոնը: Եթե ծանրացնեք ուսապարկի հատակը, ապա այն ձեզ անըդնհատ կքաշի ներքև, եթե վերևը՝ ուսապարկը ճոճ կտա և կշեղի ծանրության կենտրոնը, բացի այդ մեջքից հեռու գտնվելու պատճառով դուք ավելի շատ կզգաք ուսապարկի ծանրությունը: Որպես կանոն մեջքին մոտիկ տեղավորում են երկաթյա իրերը, վրանը, փոխնորդ կոշիկները, ծանր քաշ ունեցող սնունդը: Դրա առջևում տեղադրում ենք ամենածանրից մի փոքր թեթև իրեր՝ հագուստ, սնունդ, տարբեր գործիքներ, սպասք:
- Հիմնական բաժնի վերևի մասում դնում ենք թեթև, փխրուն և առաջին անհրաժեշտության իրերը՝ լապտեր, power bank, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, ակնոց և այլն: Այնպիսի իրեր, որոնք պետք են գալիս քայլքի ընթացքում:
- Ուսապարկի գլխի գրպանում խորհուրդ ենք տալիս դնել դեղատուփը, որպեսզի պատահարի դեպքում ոչ մի բան չխանգառի ձեզ այն արագ հանել և օգտագործել:
- Կախված երթուղու երկարությունից և օրերի քանակից համապատասխան չափսի ուսապարկ ընտրեք: Ինչպես անհրաժեշտ չափսից փոքր ուսապարկը, այնպես էլ ավելորդ մեծ ուսապարկն անհարմարություններ կստեղծի:
- Մի՛ թողեք ուսապարկը հավաքելու գործընթացը վերջի պահին: Որքան էլ տրամաբանակ է հնչում, գրեթե բոլորը ծուլանում կամ չեն հասցնում դա նախօրոք անել: Իրերի ցուցակ կազմեք, դասավորեք ամեն ինչ ձեր առջև և հերթով տեղավորեք ուսապարկում: Ամեն իրը տեղավորելուց ցուցակում նշում կատարեք:
Այնուհետև կասկածեք, որ ինչ-որ բան մոռացել եք դնել, քանդեք, թափեք ամբողջ ուսապարկի պարունակությունը, համոզվեք, որ չէիք մոռացել և նորից ամբողջը տեղավորեք: Եվ այդպես ամենաքիչը երեք անգամ:
- Բացի քաշից, իրերը դասավորելուց առաջնորդվեք նաև ըստ անհրաժեշտության սկզբունքի: Այսինքն՝ վրանը, քնապարկը, ընթրիքի սնունդը, գազօջախը և մնացած ամբողջ ճամբարային գույքը դրեք խորքում, փոխնորդ հագուստը նույնպես: Իսկ թեթև սնունդը, քաղցրավենիքը, լապտերը, ձեռնոցը, գլխարկը, բաճկոնը և այլ նմանատիպ իրերը պետք է դնել վերևում, որպեսզի քայլքի ընթացքում ամբողջ ուսապարկը տակնուվրա չանեք դրանց հասնելու համար:
- Բաշխեք սնունդն ըստ օրերի՝ առանձին բաժիններով փոքր տոպրակների մեջ: Այդպես ավելի հարմար և խնայող կլինի, քան ամբողջ տուփով թեյը, սուրճը, վարսակը ձեզ հետ վերցնելը: Կարելի է փաթաթել կպչուն սննդային թաղանթով: Այդպես սնունդը պաշտպանված կլինի ջրից և հնրավորինս քիչ տարածք կզբաղեցնի։
- Անպայման ունեցեք անձրևապաշտպան թիկնոց ուսապարկի համար: Այլապես դուք վտանգում եք հորդառատ անձրևի դեպքում թրջել ներսում եղած ամեն ինչ: Ժամանակակից ուսապարկերը ստեղծվում են ջրադիմացկուն նյութերից, սակայն ջուրն, այնուամենայնիվ, կարող է ներթափանցել: Թրջվելով՝ ուսապարկը շուտ կմաշվի և կծանրանա:
- Աշխատեք զերծ մնալ ուսապարկի վրա դրսից իրեր կախելուց: Ոմանք, չգիտես ինչու, սիրում են իրերի մի զգալի մասը կախել ուսապարկից: Կոշիկներ, սպասք, վրան, ներքնակ, եթե վերջին երկուսը դեռ կարելի է հասկանալ, քանի որ իրենց չափսերով անհարմար են ներսում տեղավորելու համար, ապա կոշիկներ և սպասք կախելը բացարձակ անիմաստ մտահղացում է: Նախ, կոշիկները կարող են թրջվել և վնասվել, իսկ սպասքն անըդհտատ ձայներ է հանելու և նյարդայնացնի ձեզ: Այդ ամենը միասին շեղում են ծանրության կենտրոնացումը:
- Օգտագործեք կոմպրեսիոն պարկեր իրերն իրարից առանձնացնելու համար: Տեսակավորեք հագուստն ըստ նշանակության՝ գիշերային, թեթև քայլքի, տաք շորեր, փոխնորդ, կեղտոտված հագուստ: Այդպես ավելի հեշտ կլինի կողմնորոշվել:
- Վրանը նույնպես կարելի է ներսում տեղավորել՝ անկախ չափսերից: Դուք կարող եք վրանը տեղավորել կոմպրեսիոն պարկի մեջ, կամ ընդհանրապես առանձնացնել վրանն ու արտաքին տենտը և առանձին-առանձին տեղավորել փոքրիկ կոմպրեսիոն պարկերի մեջ: Իսկ աղեղներն ու մեխերը կարող եք կապել կողքի ճոպաններից։
- Միշտ մինչև վերջ ամուր ձգեք ճոպանները: Որպեսզի ամեն ինչ ամուր իրար կպած լինի և ուսապարկի պարունակությունը չշարժվի ներսում: Սա և՛ հարմար է, և՛ ապահով:
Կարծես թե այսքանը: Այս խորհուրդները կարդալուց հետո տանը փորձեք մի քանի անգամ ուսապարկը ճիշտ դասավորել: Փորձեք տարբեր կոմբինացիաներ՝ մինչև կհասկանաք ձեզ համապատասխան ձևը: Հետո փորձեք անհրաժեշտ իրն արագ գտնել ուսապարկում, առանց ամեն ինչ ներսում տակնուվրա անելու: Մտքում կրկնեք և փորձեք անգիր սովորել, թե ինչը որտեղ եք դրել: Սա կարող է շատ կարևոր լինել արտակարգ իրավիճակներում և ահռելի ժամանակ խնայել:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: