Արշավային ուսապարկ
Եթե դուք կարդում եք այս նյութն, ապա, ամենայն հավանականությամբ, դուք արդեն մեկ կամ երկու անգամ գնացել եք արշավ, և ձեզ դա շատ է դուր եկել: Այժմ որոշել եք զինվել առավել պրոֆեսիոնալ գույքով, որպեսզի գալիք արշավներն ավելի հարմար և անվտանգ լինեն։ Եվ, իհարկե, ձեր նոր ուսապարկով ու բաճկոնով նկարներն ավելի լավ կստացվեն: Մենք լավ գիտենք, թե ինչքա՜ն եք սիրում նկարվել: Ասեմ, որ շատ ճիշտ եք արել, որ որոշել եք ուսապարկից սկսել: Հատուկ արշավական կոշիկների հետ միասին ուսապարկը հանդիսանում է ձեր հանդերձանգի ամենակարևոր բաղկացուցիչը: Սխալ ուսապարկով կամ կոշիկով արշավների մասնակցած մարդիկ դա լավ կհասկանան: Ուսերդ բռնվում են, ողնաշարդ կորանում ու ցավում, ուսապարկի մեջ գտնվող իրերի կոշտ հատվածները ցավեցնում են մեջքդ, իսկ կոշիկները հարում և վերքեր ու կոշտուկներ են առաջացնում ոտնաթաթերին: Մենք դեռ անպայման կանդրադառնանք արշավային կոշիկներին, բայց այժմ ուսապարկերի մասին: Եվ այսպես, ինչպես ընտրել արշավային ուսապարկ, և ինչ տեսակի են դրանք լինում․
Ինչպիսին են լինում ուսապարկերը
Տուրիստական և արշավային ուսապարկերը տարբերվում են առօրյա քաղաքային ուսապարկերից: Ժամանակակից բոլոր ուսապարկերը պատրաստված են հետևյալ սկզբունքով․ դրանք ունեն կոշտ մեջք՝ կազմված պլաստիկ թիթեղից, կամ դյուրալյումինե ձողերով կարկասից, հատուկ կախոցային համակարգից, գոտիով և ուսաթոկերով: Կախոցային համակարգը նախագծված է այնպես, որ մեջքը պահող հատվածի և գոտու շնորհիվ քաշը ճիշտ բաշխվի ամբողջ մարմնով: Քաշի 70-80%-ը պետք է ընկնի գոտու վրա, քանի որ գոտկատեղի և տազային հատվածի մկաններն ավելի ուժեղ են, քան ուսերի մկանները: Ուսաթոկերի ֆունկցիան ուսապարկը մարմնին առավել մոտ պահելն է:
Եկեք ուսապարկերը բաժանենք ըստ չափսերի և նշանակության: Ուսապարկի տարողունակությունը չափվում է լիտրերով: Սակայն պետք է հիշել, որ այստեղ չկան չափման հստակ ստանդարտներ, և, կախված ֆիրմայից և մոդելից, նույն լիտրաժի ուսապարկերը կարող են զգալիորեն տարբերվել չափսերով: Այդ իսկ պատճառով ուսապարկ ընտրելիս պարտադիր պետք է փորձել այն, ստուգել կախոցային համակարգը, արդյոք չափսը քեզ հարմար է, թե ոչ: Խանութում խնդրեք վաճառող-խորհրդատուին և բարձեք ուսապարկն այնքան, որքան այն մոտավորապես պետք է կշռի արշավների ժամանակ և այդպես կարգավորեք այն ըստ ձեր մարմնի:
Կարգավորել պետք է հետևյալ հերթականությամբ.
Միայն բարձված վիճակում ուսապարկը կընդունի իր ճիշտ տեսքը և դուք կզգաք, թե որքանով է այն ձեզ հարմար:
- Թուլացրեք բոլոր թոկերը և այդպես հագեք ուսապարկը։
- Սկզբում կարգավորեք գոտկատեղի թոկն այնպես, որ գոտին ողջ մակերեսով գրկի ձեր գոտկատեղը, սակայն չափազանց ամուր էլ չսեղմի։
- Կարգավորեք ուսաթոկերը և ետգցովի թոկերը այնպես որ ուսաթոկերն ամուր նստեն ուսերին․ ոչ շատ հետ կախվեն, ոչ էլ սեղմեն ուսերը՝ դեֆորմացվելով:
- Մեծ չափսի ուսապարկերն ունենում են նաև մեջքի բարձրությունն ըստ հասակի կարգավորելու համակարգ: Կարգավորեք սա, մինչև նախորդ երկու կետերը համապատասխանեն պահանջներին:
Ինչպես ընտրել ուսապարկի ճիշտ չափսը
Ուսապարկի չափսն ընտրելիս պետք է առաջնորդվել ըստ օգտագործման վայրի և նպատակների.
- 20-35 լիտր – հարմար են մեկ օրանոց արշավների համար: Որպես կանոն լինում են առավել պարզ համակարգով, առավել փափուկ նյութերից, քանի որ մեծ պահանջներ էլ նրանց առջև չեն դրվում:
- 40-55 լիտր – երկուսից երեք օրանոց, ոչ շատ երկար արշավների և ճամփորդությունների համար: Ուսապարկը ճիշտ դասավորելու դեպքում այսպիսի ուսապարկում կարելի է տեղավորել փոքր չափսի վրան և քնապարկ, մի քանի կոմպլեկտ փոխնորդ հագուստ և սնունդ երկու-երեք օրվա համար, կամ մեկ շաբաթով արտասահման ճամփորդության գնալու համար ամբողջ անհրաժեշտ իրերը։
- 60-70 լիտր – նախատեսված են մինչև մեկ շաբաթ տևողությամբ արշավների համար: Այսպիսի ուսապարկերից ենթադրվում են առավել մեծ պահանջներ: Նրանց կախոցային համակարգը պետք է լինի առավել ամուր և առավել մանրակրկիտ մշակված անատոմիայով, պետք է ունենա լրացուցիչ թոկերով կախոցներ թրեքինգային փայտիկներ, սառցահատ, արշավային գորգ և այլ իրեր ամրացնելու համար:
- 80-100+ – Այսպիսի ուսապարկերը նախատեսված են երկարատև թրեքինգների և էքսպեդիցիաների համար: Սխեմատիկ շատ չեն տարբերվում նախորդ դասից: Բնականաբար ավելանում է կոմֆորտը և մասերի ամրությունը, հնարավոր է ավելանան լրացուցիչ գրպաններ և տարբեր մանրուքներ, որոնք մեծացնում են հարմարավետությունը օգտագործման ժամանակ, սակայն պետք է հիշել՝ չափսի և ցանկացած լրացուցիչ օպցիայի հետ ուղիղ համեմատականորեն մեծանում է նաև ուսապարկի զանգվածը:
Սկզբնական փուլում հիմնականում առավելագույնը 35-40 լիտրանոց ուսապարկը բավարար է: Սկսնակ արշավականները, որպես կանոն, դժվարանում են ուսապարկը կոմպակտ դասավորել և նրանց միշտ տեղը չի հերիքում: Սակայն ժամանակի հետ փորձ ձեռք բերելով սովորում են ճիշտ և կոմպակտ դասավորել ուսապարկը:
Արշավային ուսապարկերն ըստ նշանակության
Կախված, թե ինչ սպորտաձևի համար է նախատեսած ուսապարկը, այն կարող է կոնստրուկտիվ տարբերություններ ունենալ: Եթե ընտրում եք ուսապարկ ամռանն արշավների ժամանակ օգտագործելու համար, ապա ուշադիր եղեք, որպեսզի մեջքի կարկասը լինի ցանցով: Դրա շնորհիվ մեջքի և ուսապարկի միջև մնում է դատարկ տարածություն, ինչը թույլ է տալիս մեջքին շնչել և չքրտնել: Սա շատ կարևոր է շոգ, արևոտ եղանակների համար, սակայն անհարմար կլինի ցուրտ ու քամոտ եղանակներին: Իսկ, օրինակ, ալպինիզմի կամ դահուկային սպորտի համար ուսապարկերն ամուր նստում են մեջքին:
Ալպինիզմի համար սովորաբար վերցնում են երկու ուսապարկ՝ 60-70 լիտրանոց հիմնական իրերը մինչև ճամբար հասցնելու համար և 25-35 լիտրանոց ուսապարկ ակլիմատիզացիոն ելքերի և դեպի գագաթ վերելքի օրվա համար: Այստեղ առաջնահերթ է քաշը, քանի որ բարձրլեռնային պայմաններում օրգանիզմը թուլանում է մթնոլորտային ցածր ճնշման, ցրտի և անընդմեջ կատարվող ֆիզիկական աշխատանքի պատճառով։ Ցանկացած կիլոգրամ ավելի ծանր է թվում, քան ստորոտում: Նաև շատ կարևոր է, որպեսզի ուսապարկն ունենա կախոցներ սառցահատի, թրեքինգային փայտիկների, գորգի, վրանի և այլ իրերի համար:
Նաև պետք է ուշադրություն դրաձնել մի քանի լրացուցիչ հնարավորությունների վրա, որոնք ուսապարկերը կարող են ունենալ: Օրինակ՝ ջրի պարկի համար նախատեսած գրպան, խողովակը դուրս հանելու անցքով, անձրևապաշտպան ծածկ, լրացուցիչ փոքր գրպաններ, գրպաններ գոտու վրա, ուսաթոկերի վրա ռացիա կամ GPS սարք ամրացնելու տեղեր և այլն…
Ուսապարկի քաշը
Պետք է նաև կողմնորոշվել քաշի հարցում: Կան ուլտրաթեթև ուսապարկեր: Օրինակ՝ 70 լիտրանոց ուսապարկը, որը կշռում է կիլոգրամից մի փոքր ավել: Սակայն նմանատիպ ուսապարկերը չեն ունենում լրացուցիչ հնարավորություններ, գրպաններ, պատրաստված են լինում առավել բարակ նյութերից: Այս ամենի արդյունքում տուժում է ամրությունը, երկարակեցությունն ու կոմֆորտը։ Սակայն գերթեթև քաշը կարող է շատ տեղին լինել երկարատև արշավների կամ վերելքների մեջ: Կան բազում կարգավորումներով, մետաղական ամրակներով, տարբեր գրպաններով և հաստ, փափուկ ուսաթոկերով ու գոտիով ուսապարկեր: Սրանք կարելի է շատ ճշգրիտ կարգավորել ըստ ձեր մարմնի, շատ հարմար են, սակայն ծանր: Նույն չափսի ուսապարկը կարող է կշռել 3.5 – 4 կգ:
Սկզբի համար ավելի ճիշտ է չընկնել ծայրահեղությունների մեջ և ընտրել միջին տեսակի որևէ բան: Իսկ ժամանակի հետ փորձ հավաքելով արդեն կհասկանաք և կգտնեք ձեր ոճը:
Սկսնակները հայկական շուկայում կարող են նայել “Quechua” և “Снаряжение” ֆիրմաների ուսապարկերը: Երկուսն էլ ունեն բավական լայն տեսականի: Կան նույնիսկ ալպինիստական վերելքների համար ուսապարկեր: Սակայն նման միջոցառումների համար խորհուրդ կտամ դիտարկել առավել առաջադեմ ֆիրմաների:
Ավելի որակյալ և առաջադեմ մոդելներ կարող եք ընտրել “Red Fox”, “Deuter”, Osprey, Arcteryx ֆիրմաների մոդելային շարքից: Սրանց միջից Red Fox-ը համեմատաբար պարզ և բյուջետային տարբերակ է։ Deuter-ը տեխնոլոգիապես ամենաառաջադեմներից է, որակյալն ու հարմարը, սակայն այս բրենդի ուսապարկերը համեմատաբար ավելի ծանր են և թանկ:
Բնականաբար բրենդերի և տեսակների ցանկը այսքանով չի սահմանափակվում: Սակայն այսքան տեղեկությունը բավարար է նախնական պատկերացում կազմելու և խանութում մեծ ընտրանու առջև չշփոթվելու համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: