Արշավների ազդեցությունը մարդու կյանքում
Արշավներն ամբողջությամբ կարող են փոխել մարդկանց կյանքը, սակայն իրականությունն այն է, որ դրանք մեզ ավելի են մոտեցնում մեր իրական պոտենցիալին: Բնությունն ու ֆիզիկական ակտիվությունն օգնում են մեզ լինել ավելի ներկա, ազատվել ավելորդ մտքերից ու զգալ մեր մարմինն ու դրա կարիքները: Երկար ժամանակ արշավներին մասնակցելով՝ դուք ուղղակի չեք կարող ապրել ձեր նախկին հոգսերով ու խնդիրներով: Այն բարձունքները կամ դժվարանցանելի ճանապարհները, որոնք դուք անցնում եք, մաքրում են ձեր հոգին ու բավարարվածության զգացում առաջացնում: Սարերում ու անտառներում հեռահաղորդակցման կապի խնդիրն այն ամենամեծ առավելություններից է, որ մեր օրերում կարող է գրավիչ համարվել նրանց համար, որոնք փորձում են ազատվել իրենց սոցիալական և հաղորդակցության կախվածություններից: Բնության հետ մարդու կապը փոխում է նրա կարիքներն ու օգնում լավացնել նրա վայելելու կարողությունը: Այդպիսով, արշավների ազդեցությունը նաև այն է, որ մարդը վերածվում է ավելի մինիմալիստ ու համեստ արարածի, որին շատ քիչ բան է անհրաժեշտ երջանիկ զգալու համար:
Արշավների ազդեցությունը մարդու առողջության վրա
Շատ բժիշկներ փաստում են, որ արշավները մի շարք դրական ազդեցություններ կարող են ունենալ մարդու առողջության ու ինքնազգացողության վրա: Մասնագետները նաև գտնում են, որ շատ հաճախ այս ապրելակերպն ավելի օգտակար կարող է լինել, քան պարզապես մարզասրահ գնալը: Դա պայմանավորված է նաև նրանով, որ լավ տրամադրությունն ինքնին կարող է նպաստել մեր առողջության լավացմանը: Այսպիսով, նշենք այն հիմնական դրական ազդեցությունները, որոնց կարող է ենթարկվել մարդու մարմինն արշավների արդյունքում:
- Իջեցնում է արյան ճնշումը
- Նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկերը
- Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը
- Կանխում է շաքարային դիաբետի առաջացումը
- Ամրացնում է մկանային համակարգը
- Օգնում է ազատվել ավելորդ քաշից
- Լավացնում է ճկունությունը և կենտրոնացվածությունը
Արշավների ազդեցությունը մարդու աշխարհայացքի վրա
Արշավային կյանքը մարդուն պակաս նյութական է դարձնում: Ինչպես նշեցինք, բնությունն ունի իր կանոնները, և մարդիկ սովորաբար հնազանդվում են դրանց՝ կա՛մ առանց իրենց ցանկության, կա՛մ ինքնակամ: Արշավները սովորեցնում են լինել գիտակից ու ավելի քիչ վնաս հասցնել ինքներս մեզ ու մեր շրջապատին, գնահատել այն ամբողջ հարստությունը, որն ունենք: Վստահորեն կարելի է ասել, որ մարդը բնության հետ երկար շփվելուց հետո սկսում է բուժվել նաև եսակենտրոն լինելուց ու ավելի շատ հոգ տանել բնության ու կենդանական աշխարհի մասին:
Ահա այն հիմնական հատկանիշները, որոնք ձեռք են բերում մարդիկ տևական ժամանակ արշավներին մասնակցելուց հետո․
- Նրբազգաց
- Ինքնավստահ
- Ուշադիր ու սիրող
- Գիտակից ու ազատամիտ
- Խաղաղ ու հանդուրժող
- Սթրեսակայուն
- Ստեղծագործող
- Արդյունավետ
- Արագաշարժ
Ովքե՞ր են Հայաստանում մասնակցում արշավների
Հայաստանում արշավներն աստիճանաբար դառնում են ամենատարածված հանգստի ու ժամանցի միջոցներից: Այնուամենային, հարկ է նշել, որ դրանց մասնակցում են հիմնականում 25-35 տարեկան հայերի այն հատվածը, որոնք առավել կայացած ու գիտակից են: Իսկ եթե խոսենք արտասահմանցիների մասնակցության մասին՝ Հայաստանում արշավներին մասնակցելու են գալիս գրեթե բոլոր զարգացած երկրներից, քանի որ այստեղ տուրիզմի այս ուղղությունն օրեցօր կատարելագործվում է: Դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենալով հարուստ բնաշխարհ՝ Հայաստանն ունի տուրիզմի այդ ուղղությունը զարգացնելու մեծ պոտենցիալ: Կարող ենք նաև փաստել, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտնում մանկական արշավները, ինչը շատ կարևոր է ավելի ազատ ու գիտակից հասարակություն ձևավորելու ճանապարհին: Այսինքն՝ արդեն փոքր տարիքից երեխաները սկսում են ինքնազարգացման ու ինքնամաքրման այդ ճանապարհը, որը կօգնի, որ հետագայում ավելի լավ մարդ ու քաղաքացի լինեն հասարակության համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: