Հոռոմայր վանական համալիր
Հոռոմայր վանքը գտնվում է Լոռու մարզում՝ Օձուն գյուղի հարավ-արևելյան հատվածում: Վանքի թվագրման մասին վկայություններ չկան, սակայն վանքի մասին ամենահին վկայությունը պատկանում է 7-րդ դարին:
Ավանդազրույց
Մի շարք մասնագետների մոտ հանդիպում ենք վանքի անվան մասին մի ավանդազրույցի, ըստ որի, Հայաստանում ապրում էր Վասիդ անունով մի հույն իշխան, որը նաև դեսպան էր: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման նպատակով եկել էր վանք և Հովհան Օձնեցու աղոթքների շնորհիվ բուժվե՝ ճգնելով վանքի այրերից մեկում: Այդ դեպքից հետո նա հրաժարվում է աշխարհիկ կյանքից և վերակառուցում վանքը՝ մինչ կյանքի վերջ ճգնելով այնտեղ: Եվ նրա պատվին էլ վանքը հետագայում կոչում են նրա անունով: Բանն այն է, որ «հոռոմ» բառը հայերենի հին գործածմամբ նշանակում էր «հույն»: Այդպիսով վանքը ստանում է Հոռոմայր անվանումը՝ հունի այր, քարանձավ:
Հոռոմայր վանական համալիր
Հոռոմայրը բաղկացած է երկու՝ վերի և ստորին հուշարձանախմբերից, որոնց կառույցների մեծ մասը պատկանում են 12-13-րդ դարերին: Հուշարձանախմբերից վերինը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք, իսկ ստորինը՝ Սբ. Նշան կամ Ձորամիջի վանք անուններով:
Ձորաեզրի վանք կամ Վերին Հոռոմայր
Ձորաեզր վանք կոչվող վերին հուշարձանախումբն իր մեջ ներառում է երկու եկեղեցիներ, գավիթ ու վանքի շուրջը ձգվող գերեզմանատուն: Երկու եկեղեցիները, որոնք կառուցվել են 1206թ., միմյանցից բաժանված են կենտրոնաձիգ գավիթով: Հ. Եղիազարյանն իր «Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները» աշխատությունում գրելով վանքի մասին, շեշտել է նրա սիմետրիկ դասավորության մասին:
Բացի ճարտարապետական նման հորինվածքին, գավիթը նաև կապող օղակ է երկու եկեղեցիների համար, քանի որ դեպի եկեղեցիներ կարելի է մտնել միայն գավթի միջոցով, քանի որ եկեղեցու մուտքեը բացվում են գավթից: Ուշագրավ է, որ գավթի ճարտարապետական հորինվածքը տիպիկ չէ այդ ժամանակաշրջանի մյուս եկեղեցիների գավիթներին, ինչպես օրինակ Դեղձնուտի, Հաղպատի, Վարագավանքի դեպքում, որոնցում նկատում ենք ճոխ հարդարանք: Չնայած գավիթը պարզ է, սակայն զուրկ չէ արտաքին հարդարանքից: Բացի այդ, գավթի արևմտյան մուտքը բավականին մեծ է, որն առաջին հայացքից անհամապատասխան է թվում գավթի չափերի հետ, սակայն նման հորինվածքի շնորհիվ վարպետները լուծել են լուսավորության հարցը:
Ձորամիջի վանք
Ըստ Ս. Ջալալյանի, Ձորամիջի վանքի առաջին եկեղեցին կառուցել է Հերակլ կայսրը 7-րդ դարում, որը միայն 11-րդ դարում ստանում է Սբ. Նշան անվանումը, քանի որ եկեղեցում ամփոփում են Պետրոս Գետադարձի մասունքները:
Սակայն հանդիպում ենք նաև մեկ այլ վկայության, ըստ որի, Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1187թ. Իվանեի և Զաքարեի կողմից: Այն անվանում են նաև եկեղեցի-զանգակատուն: Եթե եկեղեցու կառուցման տարեթվի մասին անհամապատասխանության ենք հանդիպում, ապա զանգակատան կառուցման դեպքում ամեն ինչ ավելի հստակ է՝ այն կառուցվել է 1290թ.:
Ձորամիջի հուշարձանախմբի մասն են կազմում նաև երկու այլ եկեղեցիներ, Սբ. Աստվածածին ժամատունն ու օժանդակ շինությունները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: