Հոռոմ ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. IX դարում` Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Այն այլ կերպ անվանվում է նաև Ուրարտական ցիտադել: Ամրոցը, որը գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք, ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցված` կիկլոպյան շարվածքով հատվածներ:
Ճարտարապետական նկարագիր
Ամրոցի հարավ-արևմտյան մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին` մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը քարարկղային դամբարաններ: Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձև հիմքերով, հիմնականում` մեկ, երբեմն` երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր:
Ամրոցի պեղումներ
1908 թվականին Բ. Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ:
Քարարկղային դամբարանների նյութերը ( նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ և այլն ) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես` մ.թ.ա. 9-8 դարերին:
1914 թվականին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ. Թորամանյանը: Նրա հետազոտական աշխատանքներից է նաև Երերույքի տաճարը:
1930-ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ա. Աջյանն ու Լ.Գյուզալյանը ( թվագրվել են մ.թ.ա. 13-10 դդ. ), 1967-ին` Տ.Խաչատրյանը: Հայտնաբերվել են մեծ մասամբ մ.թ.ա. 3-1 հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: