Ինչպե՞ս ստիպել զուգընկերոջդ զզվել արշավներից
Բոլորիս կյանքում էլ գալիս է մի պահ, երբ մենք ծանոթանում ենք մեկի հետ, ով պետք է լինի մեր ողջ կյանքի ուղեկիցը: Բնականաբար, մենք ցանկանում ենք նրան էլ ներքաշել մեր աշխարհ, որպեսզի նա ևս կիսի մեր հետաքրքրությունները: Սա հատկապես բնորոշ է արշավականներին, ովքեր ցանկանում են գնալ արշավ զուգընկերոջ հետ: Բայց դա շատ նուրբ հարց է, որին պետք է զգուշորեն մոտենալ, որպեսզի արդյունքում նա էլ ձեր նման սիրի լեռները և չվախենա դրանցից: Այդ պատճառով մի հետևեք այս խորհուրդներին:
- Հենց առաջին արշավին նրան բարդ տեղ տարեք, օրինակ՝ Արագածի Հյուսիսային գագաթ: Ոչ մի դեպքում չի կարելի սկսել հեշտ երթուղիներից՝ ինչպես, օրինակ՝ Գութանասարը: Թող մեկ օրում սեփական մաշկի վրա զգա արևահարումից, ջրազրկումից, լեռնային հիվանդությունից և ոտքերի կոշտուկներից կազմված փունջը:
- Անպայման պատմեք նրան ձեր հեռանկարների մասին․ Էլբրուս, Կազբեկ, միգուցե նաև ինչ-որ 7000 մետրանոց սար: Անպայման պատմեք, թե որքան դժվար ու, ամենակարևորը, որքան վտանգավոր լեռ է: Անպայման նշեք մահվան ելքով դեպքերի վիճակագրությունը՝ աղջիկները սիրում են մաթեմատիկոսներին:
- Հրավիրեք ձեր ընկերուհուն տուն՝ երեկոյան ֆիլմ դիտելու: Նա կգա գեղեցիկ երեկոյան զգեստով, իսկ դուք հագեք ձեր ալպինիստական կոշիկները, վերցրեք սառցահատը և այդպես նստեք ֆիլմը դիտելու: Դուք հենց ֆիլմ դիտելու համար եք չէ՞ հավաքվել: Իսկ ի՞նչ ֆիլմ դիտել: Ճի՜շտ է: Անպայման ընտրեք կամ «Էվերեստ»-ը, կամ «Հյուսիսային պատ»-ը: Թող ձեր ընկերուհին վախից դեմքն ափերի մեջ թաքցնի, իսկ դուք, իսկական տղամարդու նման, սփոփեք նրան և վերջում անպայման նշեք, որ դուք նույնպես ցանկանում եք բարձրանալ այդ լեռները:
- Ձեր գաղափարակից ընկերների հետ նրան հավաքույթի հրավիրեք: Ամբողջ երեկո ձեր ընկերների հետ խոսեք լեռների, սպառազինության և հանդերձանքի մասին: Որքան շատ անհասկանալի տերմիններ օգտագործեք, այնքան լավ: Թող նա ոչ մի բան չհասկանա և զգա, թե իրենից ինչքան շատ բան գիտեք: Անպայման անցյալից տարբեր պատմություններ վերհիշեք, թե ինչպես եք մառախուղի մեջ կորել, ինչպես եք վրանում խմել, ինչպես եք գյուղացիների տանը հյուրընկալվել և այլն: Թող նա զգա, թե ինչքան ամուր ընկերություն ունեք, և ինչքան դեռ պիտի աշխատի իր վրա, որպեսզի արժանանա ձեզ:
- Եթե ձեր ընկերն արշավային փորձ չունի, ապա նրան ձեզ հետ արշավ տարեք՝ հնարավորինս երկար ու բարդ: Թող նա ուժասպառ սողա ձեր ետևից, իսկ դուք, քարերի վրա թռչկոտելով շարունակեք ճանապարհը և այդպիսով նրան ցույց տվեք, թե ինչքան ուժեղ եք: Ոչինչ տղամարդուն այդքան չի մոտիվացնում, որքան ոտնահարված ինքնասիրությունը:
- Հրավիրեք ձեր զուգընկերոջն առավոտյան վազքի․ վաղ առավոտյան․ շատ վաղ՝ ժամը 6-ին: Թող նա տեսնի՝ ինչ առողջ ապրելակերպ եք դուք վարում: Հենց սկզբից տանջամահ արեք երկար ու ձանձրալի նախավարժանքով, այնուհետև, անպայման, մանրամասն և երկար բացատրեք նրան ճիշտ վազքի կանոնները, կարդիո վրաժությունների մեծ դերը, աերոբ և անաէրոբ վարժությունների տարբերությունը: Դա այնքան ժամանակ պետք է տևի, մինչև նա կանգնած տեղում քրտնած սառի: Եթե նա ասի, որ ընկերների հետ մարզասրահ է գնում, անպայման հեգնեք և ծաղրեք նրանց, քանի որ իրական մարզիկները դրսում են մարզվում, այդպես չէ՞:
- Եթե նա մարզվելիս սկսի շնչահեղձ լինել, ոչ մի դեպքում մի կանգնեք և հնարավորություն մի տվեք, որ հանգստանա: Հակառակն, անընդհատ կրկնեք. «Ոչ մի դեպքում չկանգնել, շարունակի՛ր»: Ցանկալի է ասել բարձր՝ մուննաթ պարունակող առոգանությամբ, որպեսզի նա զգա սեփական ոչնչությունը: Պետք չի ճիշտ, հավասարակշռված մարզումների պլան մշակել՝ կախված նրա մարզավիճակից: Դուք մարզվեք ըստ ձեր մակարդակի: Եթե ձեզ սիրում է, պիտի ձգտի հասնել ձեզ:
Եթե նա, այնուամենայնիվ, հավանեց արշավները, մի օր ձեզ խնդրի գիշերակացով արշավի տանել իրեն, կամ խոսի բարձր լենռերի՝ Արարատի, Կազբեկի և Սաբալանի մասին, ապա այստեղ դուք՝ ձեր կաստային բնորոշ մեծամտությամբ, պատասխանեք. «Չես կարող»: Պետք չէ նրան սովորեցնել՝ լեռները միայն ընտրյալների համար են, իսկ նա չի կարող:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին