Ընտանեկան արշավները Հայաստանում
Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ արշավն օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի և ադրենալինի չափաբաժինը, որը նպաստում է դրական մտածողության զարգացմանը: Ընտանեկան ավանդույթների մեջ պետք է լինի նաև ամսական առնվազն մեկ ընտանեկան արշավի իրականացումը: Քանզի երեխաները սիրում են արկածներ և նոր բացահայտումներ և սա ևս մեկ առիթ է ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ: Հատկապես երեխաների համար ողջ կյանքի հիշողություն է մնալու ծնողի հետ բնության մեջ քայլելն ու որոշ դժվարություններ հաղթահարելը։
Ընտանիքի անդամների նախասիրություններից կախված կարող են տարբեր լինել ընտանեկան արշավների կազմակերպման ձևերը։ Ցանկալի է սկսել մեկօրյա արշավներից։
Ճիշտ երթուղու ընտրությունն ու մշակումը
Անկախ արշավի տևողությունից և բնույթից անհրաժեշտ է մանրակրկիտ պատրաստվել դրան։
Տարբեր տարիքի և սեռի մարդկանց համար կազմակերպված արշավները պետք է ունենան մեկ ընդհանուր նպատակաուղվածություն:
Որքան լավ է մշակված երթուղին և նրա շարժման գրաֆիկը՝ ճշտված են հանգստի, գիշերակացի, դադարների վայրերը, շարժման տեմպը, դժվարին հատվածների հաղթահարման ձևերը, այնքան հեշտ կլուծվեն բոլոր խնդիրները։
Ընտանեկան արշավների ժամանակ կարևոր է նաև պահեստային երթուղին ունենալը։ Քանի որ բնության գրկում պատահարի, եղանակի կտրուկ փոփոխության կամ սննդամթերք ձեռք բերելու համար մասնակիցները հնարավորություն կունենան ընտրել ամենակարճ երթուղին մոտակա բնակավայր հասնելու համար։ Ինչպես նաև երթուղու փոփոխությունը երեխաների մեջ անմիջապես վերացնում է հոգնածությունը և բարձրացնում նրանց տրամադրությունը։
Արշավի ժամանակ կարևոր է նաև հանգստի և դադարի ճիշտ կազմակերպումը։ Դադարները պետք է կազմակերպել այն վայրերում, որտեղ կան գեղեցիկ բնապատկերներ։ Դադարների ժամանակ նաև հնարավոր է ինչ-որ գրառումներ կատարել տեղանքի վերաբերյալ, նկարել և ուսումնասիրել տեղանքը։
Դադարների հաճախականությունը կախված է մասնակիցների տարիքից և ֆիզիկական պատրաստվածությունից։ Բնական արգելքների հաղթահարումը ընտանիքի մի անդամի համար կարող է լինել հեշտ, մյուսի համար դժվար: Արշավին ճիշտ նախապատրաստվելն ու երթուղու ընտրությունն ինչպես ասում են արդեն գործի կեսն է։
Արշավային հանդերձանք
Ընտանեկան արշավ իրականացնելիս մասնակիցների ուշադրության կենտրոնում պետք է լինի հանդերձանքի և գույքի ընտրությունը, քանի որ այն նպաստում է արշավի ճիշտ կազմակերպմանը։
Անհրաժեշտ է ճիշտ ընտրել գույք և հանդերձանք, որպեսզի ավելորդ իրերը չխանգարեն արշավի բնականոն ընթացքին։ Ընտանեկան արշավի դեպքում յուրաքանչյուր անդամ պետք է ունենա լրացուցիչ համազգեստ և անջրանցիկ թիկնոց՝ որը կպաշտպանի անձրևից և քամուց։ Բարձր լեռնային շրջաններում արշավների ժամանակ գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների միջին տատանումը բարձր է և ճիշտ ընտրված հանդերձանքից է կախված մասնակիցների հարմարավետությունը։
Դեռահասների օրգանիզմը նման տատանումների հանդեպ ավելի զգայուն է ուստի արշավի առաջին օրերին՝ ցերեկը արևահարությունից խուսափելու համար հարկավոր է հագնել ունենալ երկարաթև վերնաշապիկ, արևապաշտպան գլխարկ, մուգ ակնոց և այլ պարագաներ։
Պետք է կատարել գույքի և հանդերձանքի և սննդի ճիշտ բաշխում, որովհետև յուրաքանչյուր սեռի և տարիքի մասնակցի համար սահմանված է ուսապարկի համապատասխան կշիռ։
Արշավն ու երեխաները
Երեխաների դաստիարակության գործում շատ կարևոր է սիրո սերմանումը դեպի բնությունը, գյուղը և այնտեղ ապրող մարդը։
Վաղ տարիքում արշավը երեխայի մոտ առաջացնում է հետաքրքրություն բնության, այնտեղ կատարվող երևույթների և բազմաթիվ արարածների հանդեպ: Եվ եթե երեխան արշավի ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի ինչ-որ առարկա, ապա ցանկալի է, որ ծնողները երեխայի հետ միասին դիտարկեն և ուսումնասիրեն այն:
Բացի այդ երեխային պետք է անընդհատ ոգեշնչել՝ ասելով, թե ինչքան լավ և արագ է նա քայլում, անգամ եթե դա այդպես չէ: Հատկապես, երբ երեխան առաջին անգամ է արշավի մասնակցում, պետք է ամեն կերպ խրախուսել նրան:
Երեխային ընտանեկան արշավի նախապատրաստելը պետք է սկսվի քայլքի ճիշտ ուսուցումից։ Սովորաբար քայլքը հարթ տարածություններում պետք է սկսել դանդաղ, համաչափ և ազատ՝ առանց մկանային լարվածության։
Ճիշտ քայլքը արշավականին չի հոգնեցնի։ Քայլքին բնորոշ և առողջարար հատկությունը նրա մեջ է, որ մարմինը հաջորդաբար մեկ ոտքից մյուսին է հենվում երբեք չկտրվելով գետնից:
Հայաստանում ընտանեկան արշավ կազմակերպելու համար անհրաժեշտ է քաջատեղյակ լինել երթուղիներին։ Քանի որ սխալ երթուղու ընտրությունը կամ արշավի ոչ ցանկալի ընթացքը կարող են հիասթափություն առաջացնել երեխաների և խմբի սկսնակ անդամների մոտ: Նման ռիսկերից խուսափելու համար ցանկալի է դիմել մասնագետի, ով տեղյակ է մանրամասներին կամ պարզապես արշավ իրականացնել փորձառու խմբի հետ:
Ընտանեկան արշավները հրաշալի տարբերակ են առօրյա հոգսերից կտրվելու, բնությանը մոտ լինելու և միևնույն ժամանակ ընտանիքի կողքին հանգիստը վայելելու համար: Իսկ Հայաստանն էլ իր լեռներով և բնությամբ բարենպաստ պայմաններ է ստեղծում ընտանեկան անվտանգ արշավներ իրականացնելու համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: