info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ / Հստակեցնենք տերմինները

արշավ և թրեքինգ

արշավ և թրեքինգ

Հայերենում ասում ենք քայլարշավ՝  բնութագրելով բնության գրկում ակտիվ ժամանցը, որի ընթացքում ենթադրվում է քայլք անտառային կամ լեռնային արահետներով: Սակայն կան քայլարշավ երևույթի տարբեր տեսակներ: Ավելի շուտ կա քայլարշավ և նմանատիպ այլ սպորտաձևեր կամ այլ կերպ ասած հոբիներ: Հայերենում ընդհանրացված ասում ենք քայլարշավ, նույնկերպ ռուսերենում՝ “поход”, իսկ անգլերենից եկած ունենք թրեքինգ (trekking) և (hiking) տերմինները, որոնք իրարից տարբերվում են: Այս նյութում որոշեցինք հստակ սահմանել արշավ և թրեքինգ երևույթների միջև տարբերությունը, ինչպես նաև խոսել լեռնագնացության, ժայռամագլցման և լեռնային տուրիզմի միջև առկա տարբերությունների մասին: Կխոսենք նաև Հայաստանում դրանցից յուրաքանչյուրի զարգացման պոտենցիալի մասին:

Եկեք առանձին դիտարկենք արշավ և թրեքինգ երևույթները և փորձենք հասկանալ նրանց միջև առկա տարբերությունները:

Նախ նշենք, որ երկուսն էլ իրենից ենթադրում են քայլք բնության գրկում և կարող են անցնել անտառներով, լեռներով և անգամ լեռնագագաթներով: Թերևս այստեղ ընդհանրություններն ավարտվում են և սկսում ենք խոսել տարբերությունների մասին:

Քայլարշավներ

Քայլարշավ

Չնայած կարող են լինել մի քանի օրանոց, քայլարշավներ նույնպես: Աշխարհում կան քայլարշավային հայտնի երթուղիներ, որոնք տևում են մինչև 7 օր: Բանն այն է, որ քայլարշավի ժամանակ գիշերակացը հիմնականում արվում է գյուղական տներում, հյուրատներում, կամ երթուղու վրա հատուկ պատրաստված ճամբարային կացարաններում: Սնունդը ձեռք է բերվում և պատրաստվում տեղում, կամ մոտեցվում է ուղեկցող ամենագնաց մեքենայով:

Քայլարշավների ժամանակ ավտոնոմության մակարդակը ցածր է, այդ իսկ պատճառով դուք հիմնականում վերցնում եք անձնական իրեր և առաջին անհրաժեշտության գույք՝ (դեղարկղիկ, power bank, ջուր և թեթև սնունդ):

Թրեքինգներ

Թրեքինգի ժամանակ դուք առավելապես վայրի բնության մեջ եք: Ճանապարհին, որպես կանոն, չկան ցուցատախտակներ, կամ էլ նրանք մի քանիսն են՝ օրինակ երթուղու սկզբում և վերջում:

Կարող են տևել երկու երեք օրից մինչև մեկ ամիս և ավելի: Օրական միջինը անցնում եք 13-15 կիլոմետր, առանձին օրերի այն կարող է գերազանցել 20 կիլոմետրը:

Թրեքինգ

Դուք ձեր ուսերին եք կրելու ձեր ողջ սնունդը, սպասքը, վրանն ու քնապարկը: Դուք հիմնականում գիշերում եք ձեր վրաններում, ինքներդ պատրաստում ձեր նախաճաշն ու ընթրիքը: Այնուամենայնիվ հնարավոր է, որ երկար երթուղու ընթացքում որևէ բնակավայրով անցնելիս դուք գիշերակաց իրականացնեք որևէ հյուրատանը: Որտեղ կլողանաք, կլվաք կեղտոտ հագուստը, լիարժեք կսնվեք և թարմ ուժերով կշարունակեք ձեր երթուղին:

Հաշվի առեք, որ այս սահմանումները հստակ չեն և կարող են միախառնվել: Մենք առանձնացրեցինք հիմնական առանձնահատկությունները, որպեսզի արշավ և թրեքինգ տերմինները ավելի պարզ լինեն ձեզ համար:

Լեռնային տուրիզմ կամ լեռնագնացություն (ալպինիզմ)

Այս երկու հասկացություններն էլ միմյանց են շատ նման և մարդիկ հաճախ շփոթում են դրանք: Չնայած որ երկուսն էլ անցնում են միատեսակ լեռնային տեղանքներով, նրանց միջև նույնպես կան սկզբունքային տարբերություններ:

Լեռնագնացության (ալպինիզմի) նպատակը լեռնագագաթ հասնելն է՝ հաղթահարելով երթուղու բարդությունները՝ սառցադաշտեր, ժայռեր և սառցե պատեր և այլն: Լեռնագնացության երթուղիները  ունենում են բարդության աստիճաններ, նշվում են 1-ից 6 թվերով և a, b ինդեքսներով: Եթե լեռնագագաթը չունի բարդության աստիճան, այն լեռնագնացություն չի համարվում: Ինչպես օրինակ Թեղենիսի կամ Խուստուփի գագաթ բարձրանալը լեռնագնացություն չի համարվում:

Լեռնային տուրիզմ

Լեռնային տուրիզմում մարդիկ քայլում են լեռնային երթուղիներով, որոնք կարող են անցնել սառցադաշտերով, լեռնանցքներով, ջրբաժաններով, սարահարաթերով և լեռնագագաթներով նույնպես: Սակայն որևիցե գագաթ հասնելը չի հանդիսանում քայլքի նպատակը: Լեռնային տուրիզմի երթուղիները կարող են գնալ դեպի որևիցե մեծ լեռան բազային ճամբար, օրինակ շատ հայտնի է դեպի Էվերեստի բազային ճամբար թրեքինգը: Նպատակակետ կարող են լինել նաև լեռներում թաքնված լճերն ու ջրվեժները, բնության որևէ հուշարձանի, սառցադաշտի,  հասնելը, լեռնաշթղաներ, ջրբաժաններ հաղթահարելը:

Հայաստանում չկան լեռնագնացության բարդության աստիճան ունեցող լեռնագագաթներ, սակայն լեռնային տուրիզմով հնարավոր է զբաղվել: Մասնավորապես Արագածում, Գեղամա լեռներում և Սյունիքի մարզում:

Ժայռամագլցում

Ժայռամագլցումը ժամանակին միայն ալպինիզմի բաղկացուցիչ մաս էր: Բայց ժամանակի ընթացքում այն առանձնացավ և դարձավ առանձին ուղղվածություն, այնուհետև օլիմպիական սպորտաձև:  ժայռամագլցման ժամանակ մասնակիցները մագլցում են բնական ժայռերը կամ արհեստականորեն ստեղծված ժայռապատերը։ Նպատակը լեռանգագաթին կամ նախապես սահմանված երթուղու վերջնակետին հասնելն է։ Ժայռամագլցումն անվտանգ անց կացնելու համար օգտագործվում են ապահովության համակարգեր՝ պարան, ամրագոտի, զսպանակակեռիկներ և այլ հարմարանքներ:

Սառցամագլցումը նման է ժայռամագլցմանը, սակայն հաղթահարվում են սառցե պատեր, սառած ջրվեժներ, սառցադաշտի ուղղահայաց հատվածներ: Սառցամագլցման համար բացի ապահովության համակարգերից օգտագործվում են հատուկ կատվիկներ և սառցե գործիքներ՝ սառուցի մեջ մխրճվելու և այդպես բարձրանալու համար:

ժայռամագլցում

Սառցամագլցումն ու ժայռամագլցումը, ինչպես առանձին սպորտաձևեր են, այնպես էլ լեռնագնացության անբաժան տարր: Կախված լեռան գագաթ տանող երթուղու բարդության աստիճանից, առանձին հատվածներում անհրաժեշտ է լինում կիրառել սառցամագլցման և ժայռամագլցման տարբեր տեխնիկաներ:

Հայաստանում կան ժայռամագլցման համար տարբեր բարդության մշակված երթուղիներ Նորավանքի կիրճում, Դժոխքի ձորում, Արզնու ձորում, «Դիլիջան ազգային պարկում»՝ Սառցապատի լեռնաշղթա: Սառցամագլցումը նույնպես տեսականորեն հնարավոր է, մասնավորապես ջրվեժների վրա: Սակայն այդ ուղղությամբ փորձեր մեզ մոտ առայժմ չեն եղել: Միակ արհեստական սառցամագլցման պատը պատրաստվել է Ջերմուկում:

Արշավային գույք և հանդերձանք