Քայլարշավային երթուղիները Սևան ազգային պարկում
Սևանա լիճը զբաղեցնում է «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը: Սևանա լիճը հայերի ամենասիրելի վայրն է ամառային հանգստի կազմակերպման համար: Այն նաև գրավում է մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: Սակայն ի՞նչ կարող է մեզ առաջարկել Սևանը: Լիճն այցելող մարդկանց ճնշող մեծամասնությունը պասիվ հանգստի սիրահարներ են և միայն մի ստվար զանգվածին է հայտնի, թե ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է առաջարկել այս լիճը:
Սևանը տեկտոնահրաբխային ծագման լիճ է: Դա նշանակում է, որ դրա շուրջ պետք է լինեն բազմաթիվ հրաբուխներ և ոչ միայն: Իսկ որտեղ լեռներ՝ այնտեղ էլ քայլարշավներ:
Վերելք Արտանիշ լեռ
Արտանիշ հրաբխային լեռը գտնվում է համանուն թերակղզում: Լեռան բարձրությունը կազմում է 2461 մետր, իսկ հարաբերական բարձրությունն ընդամենը 560 մ է:
Սա նշանակում է, որ վերելքը ձեզանից ոչ մի լուրջ ջանք չի պահանջի, անգամ ձմռանը՝ եթե եղանակային պայմանները նպաստավոր են: Արտանիշն ուշագրավ է նրանով, որ գտնվում է մեծ և փոքր Սևանների հատման հատվածում, և գագաթից երևում է գրեթե ողջ Սևանը: Մենք՝ Armenian Geographic-ում, ունենք ավանդույթ՝ ձմռանը կատարել վերելք Արտանիշ լեռ, որից հետո ամենախիզախները լողում են ձմեռային սառցե Սևանում:
Վերելք Արմաղան լեռ
Արմաղանը հանգած հրաբուխ է Գեղամա լեռների հյուսիսարևելյան հատվածում: Լեռան գեղեցիկ շրջակայքը և գագաթի հրաբխային ծագում ունեցող լիճը դարձնում են այն Հայաստանի տեսարժան վայրերից մեկը:
Ավանդույթի համաձայն Գեղամա լեռների ամենանշանավոր ուխտատեղին Արմաղանն է: Վարդավառին Արմաղանի խառնարանային լճում լողալու էին գնում բազմաթիվ մարդիկ, լոգանքից զերծ չէին մնում նաև կենդանիները:
Արմաղանի բացարձակ բարձրությունը 2829 մետր է, հարաբերականը՝ 600: Արմաղան լեռը շատ հարմար վայր է ոչ միայն վերելքների, այլ նաև ջիփինգի, լեռնային հեծանիվ և մոտոցիկլետ վարելու, ինչպես նաև ձիարշավների համար:
Հեծանվարշավ Արեգունու լեռներում
Այս երթուղին մեզ տանում է դեպի Դրախտիկ գյուղ: Երթուղու ողջ ընթացքում մի կողմից մեզ ուղեկցում են դեպի Սևանա լիճը բացվող տեսարանները, մյուսից՝ Դիլիջան ազգային պարկի սաղարթախիտ անտառները: Կարծես թե վերջնակետի անվանումն ինքնին արդեն վկայում է, թե ինչ է ձեզ սպասվում այս երթուղու ավարտին:
Ծովագյուղից Գոշի լիճ և Գոշ գյուղ
Այս քայլարշավի ընթացքում դուք կզգաք, թե ինչպես է Սևանի սառնաշունչ լեռնային կլիման աստիճանաբար փոխվում Դիլիջանի մեղմ, անտառային, խոնավ կլիմայի:
Ճանապարհին կայցելենք լքված Ճերմակավան բնակավայրը, այնուհետև Գոշի լիճը և, օրվա վերջում, կհասնենք Գոշ գյուղ, որտեղ էլ գտնվում է համանուն վանքը: Այս երթուղին կարելի է քայլել հակառակ ուղղությամբ՝ Գոշից Ծովագյուղ: Այս դեպքում դուք երեկոյան կկարողանաք վայելել մայրամուտը Սևանա լճի վրա:
Այս բոլոր երթուղիները ուշագրավ են նրանով, որ հնարավորություն են տալիս բացահայտել «Սևան ազգային պարկ»-ը և տեսնել Սևանն անսովոր անկյուններից և նորովի ճանաչել բոլորիս համար սիրելի դարձած լիճը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: