Արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում
Ազգային պարկերը միշտ եղել են ակտիվ հանգստի, էկո տուրիզմի և պարզապես բնության գրկում ժամանակ անցկացնելու ամենագեղեցիկ վայրերը: Հայաստանն ունի հարուստ կենսաբազմազանություն: Հայաստանի տարածքում կա չորս ազգային պարկ՝ Դիլիջան, Սևան, Արփի և Արևիք: Դրանցից հատուկ ուշադրության է արժանի «Դիլիջան ազգային պարկ»-ը: Այն ստեղծվել է դեռ 1958 թվականին, որպես արգելոց: Այնուհետև 2002 թվականին վերափոխվել է ազգային պարկի:
Դիլիջանը հայտնի է իր անտառներով, մեղմ, խոնավ կլիմայով և հանքային ջրի աղբյուրներով: Այս պայմանների շնորհիվ այն միշտ եղել է գրավիչ վայր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում: Անտառային արահետներն այստեղ շատ հարմար են քայլարշավների, ձիավարության և լեռնային հեծանվարշավների համար:
Կան մի քանի լեռնագագաթներ, որոնք շատ գրավիչ են վերելքների և պարապլանով թռիչքներ կազմակերպելու համար: 2019 թվականից Սառցապատ լեռան ժայռերին կան ժայռամագլցման պատրաստի երթուղիներ:
Այս հոդվածում մենք որոշեցինք առանձնացնել որոշ արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում:
Վերելք Ապակեքար լեռ
Ապակեքար լեռը գտնվում է Թեղուտ և Հովք գյուղերը միջև: Բարձրությունը շատ չէ՝ 1651 մետր, սակայն դրանից երթուղին չի կորցնում իր հետաքրքրությունը: Քանի որ վերելքի ընթացքում մեզ ուղեկցելու է Սառցապատի լեռնաշղթան՝ իր վեր խոյացող ժայռերով: Երթուղին անցնում է մարգագետիններով, որտեղ կտեսնենք արածող կենդանիների: Լեռան ստորոտից ճանապարհը մտնում է անտառի մեջ և դուրս գալիս ժայռերի վրա, որտեղ էլ հենց գտնվում է գագաթը: Երթուղու երկարությունը կազմում է մոտ 11 կիլոմետր:
Պարզ լճից Գոշ գյուղ
Այս երթուղին հավանաբար ամենահայտնին է: Երթուղու ընթացքում դուք հնարավորություն ունեք տեսնելու Դիլիջան ազգային պարկի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Պարզ և Գոշ լճերը: Ճանապարհն անցում է հաճարենիների խիտ անտառի միջով և հասնում Գոշ գյուղ, որտեղ գտնվում է Գոշավանքը: Երթուղու երկարությունը 7 կիլոմետր է, սակայն, եթե ցանկանաք, ևս 3 կիլոմետր վերև քայլելով, կհասնեք Գոշի լճին:
Ճանապարհին բաց մի թողեք հնարավորությունն այցելել «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն», որտեղ պարկը, «Կովկասի բնության ֆոնդի»(CNF) հետ միասին, ստեղծել է բազմացման կենտրոն՝ դրանց պոպուլյացիան վերականգնելու և ապագայում վայրի բնություն բաց թողնելու նպատակով: Ժամանակին այս անտառներում ապրել են ազնվացեղ եղջերուներ, սակայն որսագողերի պատճառով վերացել են:
Ջուխտակ վանքից Մաթոսավանք
Սա հավանաբար ամենակարճ երթուղին է՝ 3 – 3.5 կմ, սակայն այն ոչ պակաս հետաքրքիր է: Այս երկու վանքերը գտնվում են Բլդանի ձորի երկու կողմերում: Սկզբում բարձրանում ենք դեպի Ոսկեպարի հուշարձաններից մեկը՝ Ջուխտակ վանք, և այնտեղից շարունակում իջնել գետի հունով: Անցնելով գետը՝ դուրս ենք գալիս թավ անտառ, որտեղ էլ կանաչների մեջ թաքնված է Մաթոսավանքը: Այս երթուղու համար ձեզանից կպահանջվի 1-2 ժամ: Սա հարմար տարբերակ է նրանց համար, որվքեր ընդամենը մի քանի ժամով են գտնվելու Դիլիջանում:
Ջուխտակ վանքից Հաղարծին
Այս երթուղու երկարությունը 20 կիլոմետրից մի փոքր ավելի է: Այն անցնում է թավ անտառներով, բարձրանում դեպի Իջևանի լեռներ, անցնում ժայռերի արանքով և կրկին թավ անտառներով իջնում Հաղարծին վանք: Այս երթուղին նրանց համար է, ովքեր փնտրում են առավել բարդ և երկար քայլարշավներ:
Նյութում փորձեցինք ներկայացնել մի քանի արշավային երթուղիներ Դիլիջան ազգային պարկում: Հուսով ենք՝ նյութը օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արշավներ և ազգային պարկեր:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: