Հայաստանի ամենահայտնի 5 արշավային ուղղությունները
Քանի որ ամեն տարի Հայաստանում այցելվող վայրերի հետաքրքրվածությունը որոշակի փոփոխություններ է կրում, առանձնացրել ենք արշավային ուղղություններ, որոնք շատ կարճ ժամանակում դարձան ամենապահանջվածն ու սիրելին մեր արշավականների կողմից: Իհարկե, այս ուղղությունները եղել են մեր մշտական իրականացվող արշավների ցանկում երկար տարիներ, սակայն դրանցում հետաքրքրվածությունն այս տարի նշանակալի էր: Ահա այդ պատճառով կարևոր համարեցինք անդրադառնալ ու ճանաչելի դարձնել նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել և համալրել իրենց արշավային ցանկը նոր ուղղություններով:
Իսկ թե ինչու են այս ուղղությունները դարձել ամենապահանջվածը, կծանոթանաք մեր արշավների մասնակիցներից, ովքեր մեզ հետ կիսվել են իրենց ամենաանկեղծ տպավորություններով ու զգացողություններով:
Դիմաց լեռ. Շաղոտ ջրվեժ
Դիմաց լեռը (2378 մ) գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում: Գագաթը, գուցե, առանձնապես չտպավորի իր բացառիկությամբ, սակայն գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռնաշղթայի ժայռոտ պատը և Աղստևի կիրճը ՝ կստիպեն մոռանալ տևական ճանապարհի հաղթահարած բարդությունը և վայելել բացվող տեսարանն իր ողջ հմայքով:
Դիմաց լեռը շատերի կողմից սիրելի և ճանաչելի դարձավ նաև Ֆռֆռ քարի բացառիկությամբ: Իրականում այս ժայռը չունի պաշտոնական անուն: Անունը հանդիպվում է «Ռանչպարների կանչը» վեպում, և անվանադրումը նպատակ ուներ հինը վերածնելու և տեղանքին նոր շունչ հաղորդելու: Այս ուղղության մեջ է ներառված նաև Շաղոտ ջրվեժը՝ տեղակայված Իջևանի լեռների ժայռոտ պատերի խորշում:
Տպավորություններ արշավից.
«Շատ էի լսել արշավի դժվարության և միևնույն ժամանակ հիասքանչ բնության ու աննկարագրելի տեսարանների մասին, և չնայած տարակուսում էի բարդությունից, բայց ոչ մի վայրկյան չեմ զղջում որոշմանս համար»:
«Կարծում եմ, որ Դիմացը ամենապահանջվածներից է դարձել՝ համացանցում տարածված գեղեցիկ նկարների շնորհիվ, որոնք ուղղակի պարտավորեցնում են լինել այնտեղ»:
«Ինձ հատկապես տպավորել էին տեսարանը, լեռները, անսահման կանաչը, գույները»:
«Ցանկացած արշավային արահետ յուրահատուկ է: Դիմացի արահետը հետաքրքիր է նրանով, որ և՛ անտառով ենք անցնում, և՛ բաց տարածություններով»:
Ռապի լիճ, Մթնալիճ, Աստղկան
Այս երեք լճերը Արագած լեռան բարձրլեռնային լճերից են: Իրարից ոչ շատ հեռու գտնվելը հնարավորություն է տալիս ներառել մեկ արշավային ուղղության մեջ:
Արագածի լճերը գտնվում են ծովի մակարդակից 3000 մետրից բարձր: Լճերից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Արագածի հյուսիսային պատը, իսկ լճերի արտացոլքում կարող եք վայելել Արագածի չքնաղ պատկերը:
Տպավորություններ արշավից.
«Շատ տպավորեց Մթնալիճը՝ ջրի յուրօրինակ կապտականաչավուն երանգ, շուրջը անհամասեռ քարերի դասավորություններ, Արագածի հյուսիսային պատի արտացոլքը, ամպերի ու մառախուղի անվերջ խաղերը շատ տարբերվող են դարձնում լճի տարածքը»:
«Իմ ընկալմամբ մարդկանցից շատերը չեն կարողանում շատ մեծ բարդության սարեր բարձրանալ, մի մասը ուղղակի սիրում է լեռնային լճեր և գալիս է վայելելու լեռնային լճերում լողալու հաճույքը: Այս ուղղությունը բարձրադիր հատվածից տեսարաններ վայելելու, լճերում լողալու, և արշավի ողջ ընթացքում Արագածի հյուսիսային պատի ուղեկցությամբ մի լճից մյուսը քայլելու համադրություն է»:
«Հարմար է շատերին, քանի որ երթուղին այնքան էլ բարդ չէ)»:
«Չգիտեմ ինչից էր, բայց էյֆորիայի մեջ էի Մթնալճի ափին: Աշխարհը կատարյալ էր թվում կամ կատարյալ էր))»:
Մանթաշի ջրվեժ
Մանթաշ ջրվեժը գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին: Իհարկե, այն երևելի բարձրություն չունի, սակայն ալպիական մարգագետիներով դեպի ջրվեժ տանող արահետը՝ արշավը դարձնում է էլ ավելի տեսարժան և հետաքրքիր, ինչով էլ հենց պայմանավորված է այս ուղղության բացառիկությունը:
Տպավորություններ արշավից.
«Մանթաշի ջրվեժը իմ կարծիքով շատ է տարբերվում Հայաստանյան մյուս ջրվեժներից։ Նրա կանաչ երանգը արտասովոր տեսք է տալիս նրան: Ջրվեժի վերևի մասում գնտվող քարը նույնպես առանձնանում է իր սուր կտրվածքով։ Այդ ուղղանկյունաձև կտրված քարը, կանաչ խոտերը և ջրվեժը չքնաղ կոմպոզիցիա են ստեղծում։ Այդ պատկերը ես նմանեցնում եմ Ացտեկների բնակավայրերից տեսած նկարներին (կարող է սխալվում եմ , բայց իմ կարծիքն է)։ Մի քիչ կրկնվում եմ, բայց մի խոսքով ջրվեժն ունի տարբերվող տեսք»:
«Սա զովացնող արշավ է, քանի որ արշավը սկսվում և ավարտվում է Քարի լճի մոտից, իսկ արշավի ընթացքում հանգստանում ես հենց բուն ջրվեժի մոտ»:
«Կարծում եմ, որ ուղղությունը ամենապահանջվածներից է դարձել, քանի որ ոչ այնքան բարդ ու կարճ երթուղի է, ֆանտաստիկ տեսարանով»:
Մեծ Փարախադեմ
Մեծ Փարախադեմ լեռը Ուրծի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը 1955 մետր է: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուրծի լեռներն ու Մեծ ու Փոքր Մասիսները:
Տպավորություններ արշավից.
«Ուրծի լեռներն ու հատկապես Մեծ Փարախադեմը ինձ միանգամից գերեցին իրենց գույներով։ Հայաստանը երբեք այդպիսի բնապատկերով չէի տեսել։ Վստահ եմ, որ Ուրծի լեռներում դեռ շատ բացահայտումներ ունեմ անելու, ու դեռ վերադառնալու եմ այնտեղ»։
«Տպավորիչ էր գագաթից բացվող Արարատի տեսարանը»:
«Գույները գրավող ու անսովոր էին, ինչպես որ տիրող տրամադրությունն ու բացվող տեսարանը»:
«Քանի որ հիմա առավել շատ եմ արշավում ու վերհիշում եմ երթուղին, այն բարդ չէր, իսկ գույներն ու տեսարանները շատ ուժեղ էին։ Գեղեցիկ նկարներ, լավ տրամադրություն և իդեալական վայր՝ Արարատի հայացքը վայելելու համար։ Կարծում եմ սրանք են այն պատճառները, որոնք ուղղությունը դարձրել են ամենապահանջվածներից»:
Ծակքարի լիճ
Ծակքար լիճը քիչ այցելվող վայրերից է, սակայն իր ալպյան բացառիկ լանդշաֆտի շնորհիվ այն ոչ ոքի անտարբեր չի թողնում: Այն Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր լճերից մեկն է: Գտնվում է 3272 մ բարձրության վրա: Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար կամ Ծաղկարի:
Տպավորություններ արշավից.
«Ծակքարը առանձնահատուկ էր նրանով, որ այն սահմանակից է Նախիջևանին, և որ լճի գույնը տարբերվում է մնացած լեռնային լճերի գույներից»:
«Չափազանց շատ էին տպավորիչ տեսարանները 2 օրվա համար , դեռ չեմ հավատում աչքերիս: Այս արշավը մյուսներից տարբերվում էր նրանով, որ շատ ջրային արշավ էր: Լիճքում իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվում են չորս՝ մեկը մյուսից տարբեր ու հրաշք ջրվեժներ: Ու մեծ առավելությունն այն էր, որ եղանակը թույլ էր տալիս լողալ ու ավելի վայելել պահը: Սովորաբար լեռներում եղանակը սառն է, ինչի պատճառով չես տրամադրվում լողալ և բավարարվում ես միայն հեռվից նայելով»:
«Քայլում ես, երկու կողմդ Զանգեզուրի հրաշք լեռներն են ու Ծակքարի լիճը` պարզ, մաքուր ջրով, փիրուզագույն երանգի, վերևում էլ անառիկ ժայռերը»:
«Ինձ թվում է արշավների նախընտրություններն ու արշավի տպավորությունները շատ անհատական են, բայց սա այն ուղղություններից է, որ շատ տեսնելու բան կա: Ես բոլոր արշավական ընկերներիս համոզում եմ, որ անպայման գնան Ծակքարի լիճ»:
Արշավներից իրենց տպավորություններով կիսվեցին` Արթուր Զարբաբյանը, Հարություն Ումրշատյանը, Գայանե Գրիգորյանը, Հասմիկ Ստեփանյանը, Լիլի Խաչատրյանը, Նելլի Կեսոյանը, Դիանա Տոնոյանը, Մերի Մուրադյանը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: