info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Որդուս հետ՝ Ուխտասարում

Որդուս հետ սարերում

Որդուս հետ սարերում

«Սա եղավ որդուս հետ առաջին գիշերակացով արշավը»,- պատմում է արշավական Ռուբեն Զաքոյանը՝ խոսելով Ուխտասարում տեղի ունեցած երկօրյա արշավի մասին:

Armenian Geographic-ը շաբաթ-կիրակի օրերին գիշերակացով արշավ էր կազմակերպել Սյունիքի բարձրավանդակի Ուխտասար հնավայրում: Առաջին օրը բարձրացանք Ուղտասար լեռը, հաջորդ օրը՝ Ծղուկը:

Ռուբեն Զաքոյան

Արշավ դեպի Ուխտասար

Մեր արշավականներից Ռուբեն Զաքոյանն արշավ դեպի Ուխտասար ճամփորդությանը որդու հետ էր մասնակցում: Նա նշում է, որ արշավը շատ լավ էր կազմակերպված և շատ հետաքրքիր անցավ. «Հանդիպեցի վաղեմի և նոր ընկերներիս, ստացա նոր տպավորություններ, ստացա նոր փորձ։ Իմ համար սա շատ սպասված արշավ էր։ Վերջապե՜ս»։

Ռուբենը պատմում է, որ տարիներ առաջ եղել է Ուխտասարում, սակայն միայն զբոսնել է լճի շուրջ և դիտարկել ժայռապատկերները. «Սակայն ամենատպավորիչը, իհարկե, Ուղտասարն էր՝ միանգամից գրավեց ինձ, և, ասես, կանչում էր։ Ո՜նց էի ուզում բարձրանալ… Այդ պահին ես գիտեի, որ վերադառնալու եմ։ Իմ կարծիքով՝ Ուղտասարը և Ծղուկն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսարաններով և մթնոլորտով։ Իհարկե, Հայստանում շատ աննկարագրելի սարեր, ժայռեր և վայրեր կան, բայց Ուղտասարը և Ծղուկը բացառիկ տարբերվողներից են։ Իմ եղած սարերից ոչ բոլորը երկրորդ անգամ կգնամ, Ուխտասար հաստատ էլի գնալու եմ»։

Ռուբեն Զաքոյանը որդու հետ Ուխտասարում

Ռուբենի համար այս ճամփորդությունն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ որդու հետ էր մասնակցում գիշերակացով արշավի: Նա պատմում է, որ ինքն առաջին անգամ Ուխտասարում է եղել ընտանիքի հետ, ու որդին նույնպես տպավորված է եղել տեսարաններով. «Երբ իմացավ, որ գնում եմ արշավ դեպի Ուխտասար, ասաց, որ իրեն էլ տանեմ։ Սա եղավ որդուս հետ առաջին գիշերակացով արշավը։ Մոտս խառը զգացմունքներ էին՝ մի կողմից գիատկցում էի, որ որդիս՝ Ռաֆայելը, արդեն հասուն երիտասարդ է, և հատուկ անհանգստանալու կարիք չկա, մյուս կողմից՝ որպես հայր՝ չէի կարողանում ձերբազատվել տագնապի զգացումից և երբեմն անտեղի շատ հոգատարություն էի ցուցաբերում, ինչն ընդհանրապես դուր չէր գալիս որդուս: Ինչպես նշել էի, սա շատ սպասված արշավ էր, բայց իրականությունն ավելի պայծառ ստացվեց՝ բացահայտեցի նաև Ծղուկը։ Ի՜նչ տեսարաններ բացվեցին, ի՜նչ գույների համադրություն, մի խոսքով, շատ տպավորիչ էր»։

Ռուբեն Զաքոյան

Արշավականը նշել է, որ իր ունեցած արշավային փորձն իրեն թույլ է տալիս ճիշտ պլանավորել արշավները. գիտի՝ կոնկրետ արշավի համար ինչ պարագաներ են անհրաժեշտ՝ ինչ քանակի. «Բացառություն չէր նաև այս արշավը՝ տեղանքին ծանոթ էի, պատկերացնում էի՝ ինչ պայմաններ են լինելու, և ըստ այդմ հավաքեցի իմ և Ռաֆայելի իրերը։ Սակայն սարերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք անկախատեսելի են, և պետք է հարգալից վերաբերվես նրանց։ Ցուրտ էր, շատ ցուրտ։ Այդպիսի ցուրտ գիշեր ես իմ կյանքում դեռ չէի անցկացրել։ Ինչ շոր-մոր ունեի, հագել էի. հագել էի բաֆս, ձեռնոցներս, չեմ հիշում, բայց երևի կոշիներս էլ չէի հանել, և ամենացավալին այն էր, որ չէի հասկանում՝ ինչո՞ւ եմ այդպես մրսում, չէ՞ որ, ես ամենը նախատեսել էի, տաք շոր էի վերցրել, ունեի քնապարկ, վրանի մեջ էի։ Առավոտ կանուխ սկսեցի բոլորին հարց ու փորց անել, թե գիշերը ո՞նց էր, հո, չե՞ն մրսել։ Պարզվեց, որ ավելի փորձառու արշավականներն էլ են մրսել, մի քիչ հանգստացա»:

Այ, սրանք իմոնք են

Ռուբենը նշում է, որ ամեն անգամ նոր արշավից հետո ինքը ևս «հարյուրերորդ» անգամ համոզվում է, թե ինչ «աննկարագրելի գեղեցիկ, գրավիչ, երբեմն ֆանտաստիկ» բնություն ունենք. «Հաճախ անգամ աչքերիս չեմ հավատում, որ սենց պատկերներ գոյություն ունեն բնության մեջ։ Միշտ փորձել եմ նկարել այդ տեսարանները, որ հետո հիշեմ, բայց ոչ մի նկար չի համեմատվի իրականի հետ։ Մարդիկ, ովքեր սիրում են բնությունը, Հայաստանը, սիրում են արկածներ և նոր տպավորություններ, ուղղակի գնում են արշավների»։

Ռուբեն Զաքոյանն ու Տիգրան Վարագը

Նա նաև պատմեց, որ ArmGeo-ի հետ սկսել է արշավների գնալ իր վաղեմի և լավ ընկերոջ շնորհիվ, որի անունը Լուսինե Արշակյան է. «Այդ ժամանակ մի քանի ընկերներով (որոնց մեջ կար նաև Լուսինեն) փորձում էինք ինքնակազմակերպվել և գնալ արշավների։ Ունեցանք մի քանի հաջող արշավ, սակայն ամեն անգամ չէր, որ հաջողվում էր խումբը հավաքել։ Շատ ծանր էի տանում, որ չէր հաջողվում խումբը հավաքել, և մի օր Լուսինեն ասաց՝ «ինչո՞ւ ես ծանր տանում, թե ուզում ես արշավել մի լավ ակումբ կա, արի ծանոթացնեմ հետները, գնա»։ Ասեց ու արեց։ Տենց հայտնվեցի իմ ArmGeo-ում։ Լուս ջան, անչափ շնորհակալ եմ։ Ու այդ ժամանակից էլ սկսվեց իմ արշավային բուռն կյանքը։ Հատկանշական է, որ երկրորդ, թե երրորդ արշավից հետո հասկացա, որ «այ, սրանք իմոնք են», միանգամից ձևավորվեցին ջերմ և մտերմիկ հարաբերություններ ակումբի անդամների հետ, ինչը, ի վերջո, վերածվեց ընկերության։ Այժմ իմ մոտ խառը զգացմունքներ են՝ չգիտեմ՝ արշավ գնում եմ արշավի՞ համար, թե ընկերներիս հանդիպելու»։

Արշավական ընկերներ

Մենք հետաքրքրվեցինք, թե Ռուբենն ինչո՞ւ է մասնակցում արշավների և ի՞նչ է փնտրում լեռներում: Ի պատասխան՝ նա ասաց, որ արշավական լինելն ապրելակերպ է, մտածելակերպ է, գաղափարախուսություն է, մարդու տեսակ է. «Ես այդպիսինն եմ։ Փնտրո՞ւմ… Չգիտեմ։ Չեմ փնտրում, ես ուղղակի քայլում եմ, նայում եմ, երբեմն տանջվում եմ, հիանում եմ բնությամբ, նոր փորձ եմ ձեռք բերում և, ամենակարևորը, կիսում եմ իմ տպավորությունները և հույզերը ԼԱՎ մարդկանց հետ»։

Ճամփեքը կոփել են

Ռուբենը վաղ մանկությունից էլ արշավում է։ Պատմում է, որ փոքր տարիքում ծնողները գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի տանում էին իրեն «քաղաքից դուրս»՝ բնության գիրկ. «Մինչ կպատրաստվեին ավանդական խորովածն ու խաշլաման, ես իմ համար վազվզում էի անտառներում, դաշտերում կամ սարերում ու ինձ համար ինչ-որ արկածներ էի հորինում։ Հետո, որ մեծացա, ուզում էի «գեոլոգ» դառնալ, որ ուսապարկ հագնեի ու սարերով թափառեի (խորհրդային կինոների ազդեցությունն էր)։ Երազնքներս իրականացան՝ հագնում եմ ուսապարկս ու սարերում թափառում»։

Ռուբենը գտնում է, որ արշավների արդյունքում նրա բնավորությունը մի քիչ մեղմացել է, դարձել է ավելի հանդուրժող. «Սկսել եմ ավելի արագ ճանաչել մարդկանց՝ արշավի դժվարությունների և տարբեր իրավիճակների ժամանակ միանգամից հասկանում ես՝ ով ով է։ Արշավը չի հանդուրժում եսասիրություն, էգոիզմ, անտարբերություն, արշավի ժամանակ բոլորս կարծես մի օրգանիզմ ենք, և ամեն մեկիցս է կախված մեր անվտանգությունը։ Ու ամենակարևորը հասկացա, որ կարևորը սար բարձրանալը չէ, կարևորը սարից ողջ-առողջ տուն վերադառնալն է»։

Ռուբեն Զաքոյան

Արշավականը նշում է, որ արշավելիս տարբեր դժվարությունների է հանդիպել ու հանդիպում. «Որ նոր էի սկսում արշավել և չունեի համապատասխան փորձ, չէի կարողանում ճիշտ պլանավորել արշավս՝ մե՛կ ջուրն էր քիչ, մե՛կ ուսապարկս էր շատ ծանր, մ՛եկ մրսում էի, չէի պատկերացնում արշավի բարդության աստիճանը և այլն, ինչի պատճառով չէի կարողանում լիովին վայելել արշավը։ Կամաց-կամաց սաղ ընկավ տեղը. այժմ արշավից առաջ ուսումնասիրում եմ տեղանքը, նայում եմ եղանակին, կախված հարաբերական բարձրությունից և արշավի երկարությունից՝ կարողանում եմ կանխատեսել արշավի բարդությունը»։

Ռուբենը հիշում է իր մի քանի «դաժան» արշավները, որոց ժամանակ ուղղակի լացն է եկել, իրեն թվացել է, որ այդ պահին կպառկի ու կմեռնի. «…Բայց զգացողությունը, որ ես մենակ չեմ, ընկերներս կողքիս են, ինձ ոգևորում և ուժ էր տալիս չկանգնելու և շարունակելու»։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում