Լեռնային ակնոց
Լեռնային ակնոցների կարևորությունը
Աչքերը մեր ամենանուրբ և ամենաբարդ օրգաններն են: Աչքը վնասելը շատ հեշտ է, իսկ վերականգնելը՝ դժվար: Արշավների ժամանակ արևապաշտպան ակնոց կրելը պարտադիր պայման է տարվա ցանկացած եղանակին: Հատկապես, եթե արշավը բարձրլեռնային պայմաններում է: Ինչպես գիտենք, լեռներում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է: Խնդիրն առավել վտանգավոր է դառնում ձյան շերտի առկայության դեպքում, քանի որ արևի ճառագայթներն, անգամ ամպամած եղանակին, կրկնակի ուժով անդրադարձվում են ձյան մակերեսից: Այսպիսի պայմաններում առանց ակնոց երկար գտնվելը կարող է տեսողական լուրջ խնդիրների հանգեցնել և անգամ առաջացնել ժամանակավոր տեսողության կորուստ՝ ձնային կուրություն: Այս ամենից խուսափելու համար, ինչպես արդեն նշվեց, պետք է կրել լեռնային ակնոց: Բայց ոչ գետնանցումներում վաճառվող ակնոցներից, այլ հատուկ ակնոցներ, որոնց ձևը, ոսպնյակների որակը, օգտագործված նյութերն ու տեխնոլոգիաները ապահովում են մաքսիմալ պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ինչպե՞ս ճիշտ լեռնային ակնոց ընտրել
Այսպիսով ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել լեռնային ակնոց ընտրելիս․
- Ակնոցի և ոսպնյակի կառուցվածքին
- Ոսպնյակի արևի ճառագայթները կլանելու հատկությանը
- Ոսպնյակների գույնին
- Լրացուցիչ հնարավորություններին
Լեռներում, բացի արևի անմիջական ճառագայթներից, հնարավոր է նաև արտացոլվող ճառագայթներ ձյան, սառույցի, մառախուղի կամ այլ անդրադարձնող մակերեսների վրայից: Այդ պատճառով ակնոցը պետք է կողքերից գրկի դեմքը՝ բոլոր կողմերից պաշտպանելով աչքերը: Սա նաև պաշտպանում է մեխանիկական ներգործություններից՝ փոշի, քամի, ձնամրրիկ և այլն: Ակնոցի կողային հատվածները կարող են լինել ինչպես բուն լինզայի շարունակությունը, այնպես էլ առանձին կաշվե կամ պլաստիկե ներդիրներից: Այստեղ սկզբունքային տարբերություն չկա, եթե այն ապահովում է բավարար պաշտպանություն և տեսանելիություն: Ամեն ինչ կախված է անմիջապես ակնոցի մոդելից:
Լեռնային ակնոցների դասակարգումը
Ակնոցների ֆիլտրերը՝ ոսպնյակները, դասակարգվում են ըստ կլանվող լույսի չափի: Ընդունված է բաժանել չորս կատեգորիայի.
- Փոխանցում են տեսանելի լույսի 43-80%-ը: Նախատեսված են քաղաքային պայմաններում ակտիվ սպորտով զբաղվելու կամ երեկոյան ժամերին կրելու համար:
- Փոխանցում են տեսանելի լույսի 18-43%-ը: Ունեն միջին մակարդակի մգացվածություն: Կարելի է կիրառել պարզ արշավների՝ ոչ բարձր լեռնային պայմաններում
- Փոխանցում են տեսանելի լույսի 8-18%-ը: Ամենաունիվերսալ տարբերակն է: Համապատասխանում է հիմնականում բոլոր նրանց, ովքեր այս, կամ այլ ակտիվ սպորտաձևով են զբաղվում: Կարելի է կրել միջին բարձրության լեռներում՝ ոչ ձնոտ եղանակին:
- Փոխանցում են տեսանելի լույսի 3-8%-ը: Սրանք արդեն լուրջ ալպինիստական և այլ ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար նախատեսված ակնոցներ են: Ունենում են առավելագույն պաշտպանություն բոլոր ներգործություններից: Քանի որ այս ակնոցները կլանում են լույսի մինչև 98%-ը, դրանք կարող են անհարմար լինել սովորական քաղաքային պայմաններում, կամ փոքր ինչ ամպամած եղանակին կրելու համար: Այսիպիսի ակնոց ընտրելիս, սովորաբար, մարդիկ վերցնում են ևս մեկ՝ ավելի պարզ ակնոց:
Ակնոցների ոսպնյակները կարող են տարբեր գույների լինել: Սա արված է գույների կոնտրաստը ուժեղացնելու համար: Կախված, թե ինչ պայմաններում եք կրում ակնոցը: Օրինակ՝
Դեղին՝ հարմար է լեռնադահուկային սպորտի ժամանակ: Դեղին գույնը ընդգծում է ձյան ռելիեֆը:
Շագանակագույն՝ ընդհանուր ուժեղացնում է գույների կոնտրաստը: Հարմար է ուժեղ արևի դեպքում, քանի որ հստակ ընդգծում է ռելիեֆը և կարողանում եք «կարդալ» հեռուն:
Մոխրագույն, սև՝ ունիվերսալ տարբերակ է, հարմար ցանկացած վայրում կրելու համար:
Կանաչ՝ ուժեղացնում է կանաչի երանգների միջև կոնտրաստը: Հարմար է կրել անտառներում և այլ կանաչապատ տարածքներում: Հաճախ կանաչ լինզաներով ակնոցներ օգտագործում են գոլֆի ժամանակ:
Վարդագույն, կարմիր՝ ուժեղացնում է գույների խորությունը: Հարմար է հեծանվասպորտի, կամ մեքենա վարելու համար:
Արևապաշտպան ակնոցների գործառույթները
Ակնոցների ոսպնյակները հաճախ ունենում են լրացուցիչ գործառույթ՝ տեսանելիությունն առավել բարելավելու համար:
- Պոլյարիզացիոն ֆիլտրեր՝ շատ հաճախ անրադարձվող լույսը բուն արևի լույսից ուժգին կարող է լինել: Հատկապես բարձր լեռնային պայմաններում, սառցադաշտից անրադարձող լույսը կուրացնում է և թույլ չի տալիս տեսնել ռելիեֆի առանձնահատկությունները՝ ստիպելով մարդուն աչքերը կկոցել, և ժամանակից շուտ հոգնացնել նրանց: Պոլարիզացիոն ֆիլտրերը լուծում են այս հարցը՝ պատկերը դարձնելով հանդարտ, հավասարակշռված լուսավորությամբ:
- Հակայուղային ծածկույթը հեշտացնում է ակնոցները յուղային հետքերից և փոշուց մաքրելու գործընթացը:
- Anti-fog ծածկույթն ինչ-որ չափով զերծ է պահում ակնոցը քրտնելուց:
- Հայելային ծածկույթ՝ մեղմում է անրադարձվող ճառագայթներն ու փայլքը, պոլարիզացիոն ֆիլտրի բացակայության դեպքում:
Նշվածներից առավել կարևոր է պոլարիզացիոն ֆիլտրը, քանի որ բնության մեջ կողմնակի օբյեկտներից արտացոլվող փայլք հաճախ ենք հանդիպում: Քանի որ ցանկացած գործառույթի ավելանալուց ապրանքի գինը նույնպես աճում է, մնացած հատկությունների դեպքում առաջնորդվեք ըստ ձեր նախասիրությունների և հնարավորությունների:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: