Արշավային գուլպաներ
Չեք հավատա, բայց լեռներ գնալու համար անգամ գուլպաներն են հատուկ լինում: Արշավային գուլպաներ ընտրելուն պետք է մոտենալ ոչ պակաս ուշադրությամբ: Թերմոգուլպաները լինում են սինթետիկ նյութերից՝ պոլիամիդ, պոլիեսթեր, նեյլոն, էլաստան նյութերից՝ անկար եղանակով: Երբեմն պատահում է, որ օգտագործվում է մերինոսի բրդի համադրությամբ գործվածքներ, եթե պետք է առավելագույն ջերմամեկուսացում ապահովել: Թերմոգուլպան պետք է ունենա երեք գործառույթ.
- Ջերմակարգավորում
- Քրտինքի հեռացում
- Կոմպրեսիոն հատկություն
Քրտինքի արդյունավետ հեռացում
Գուլպան պետք է արդյունավետ հեռացնի քտրինքը ոտքերից: Սա աշխատում է նույն սկզբունքով, ինչ թերմոներքնազգեստը: Սինթետիկ գործվածքը կլանում է քրտինքի կաթիլները և բաշխում առավելագույն մակերեսով, որպեսզի հնարավորինս արագ այն գոլորշիանա: Բացի այդ բարձրակարգ թերմոգուլպաները ունենում են գործվածքի վրա հատուկ ուղղորդող ալիքներ՝ ոտնաթաթից ճտքերով դեպի վերև: Սրանք ուղղորդում են քրտինքի գոլորշու հոսքը դեպի վեր՝ արագացնելով նրա հեռացումը կոշիկի միջից: Շատերին ծանոթ տհաճ զգացողություն է, երբ գուլպաները խոնավանում են, կռկվում և սկսում սառեցնել ոտքը, իսկ շոգ եղանակին` գնդվում և քրտնախաշ անում: Խոնավ ոտքերը նաև ցրտահարվելու և սառելու գլխավոր պայմաններից են: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ոտքերը չոր մնան:
Ճիշտ գուլպան պետք է ձմռանը չսառեցնի, իսկ ամռանը՝ չքրտնեցնի: Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ընտրել համապատասխան գուլպա: Արշավային գուլպաները բազմազան են լինում՝ կախված կիրառության վայրից և նշանակությունից: Եվ պետք է հիշել, որ հաստ չի նշանակում ավելի տաք: Օրինակ՝ լեռնադահուկային գուլպաներն ավելի բարակ են լինում, քանի որ դահուկների կոշիկները պետք է ամուր գրկեն ոտքը: Դե իսկ թրեքինգների և լեռնագնացության համար նախատեսված գուլպաները կարող են փոքր-ինչ ավելի հաստ լինել, անկախ ջերմային հատկություններից, որպեսզի միջանկյալ բուֆերային տարածություն ստեղծեն ոտնաթաթի և կոշիկի միջև: Սա կարևոր է, որպեսզի վայրէջքների ժամանակ մատերը չհարվեն:
Ջերմակարգավորում
Ջերմային հատկությունները կախված են լինում գործվածքի խտությունից, օգտագգործվող նյութերից և գործվածքի ձևից: Սովորաբար, գուլպայի որոշակի հատվածներում լինում են տաք գործվածքով ուժեղացումներ, որոնք նախագծվում են այնպես, որ առավել արդյունավետ դարձնեն ջերմամեկուսացումը: Առավել ցուրտ պայմանների համար նախատեսված գուլպաներում գործվածքի բաղադրության մեջ ավելացվում է մերինոսի բուրդ, որը զգալիորեն բարձրացնում է ջերմամեկուսիչ հատկությունները՝ նվազագույնս ազդելով «շնչողունակության» վրա: Գուլպաների պիտակների վրա նշվում է, թե ինչ ջերմաստիճանային պայմաններում հագնելու համար են դրանք նախատեսված: Ուշադրություն դարձրեք պիտակին գուլպա ընտրելիս:
Կոմպրեսիոն հատկություն
Չափազանց կարևոր կետ է կոմպրեսիոն հատկությունները: Եթե երկու բառով, ապա գործվածքը որոշակի հատվածներից սեղմում է մկանները, ինչի շնորհիվ կարգավորում է արյան շրջանառությունը: Անկար գործվածքը նպաստում է գուլպայի դիմացկունությանը և հարմարավետությանը: Ժամանակակից գրեթե բոլոր գուլպաներ արտադրվում են այս եղանակով: Այսպիսի գուլպաներ հաճախ են օգտագործում վազորդները, թեթև ատլետները, տրիատլոնիստները: Այս սպորտաձևերում հոդերը և մկանները շատ ծանրաբեռնված են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոմպրեսիոն գործվածքի օժանդակում՝ վնասվածքներից խուսափելու և ժամանակից շուտ չհոգնելու համար:
Թերմոգուլպաներն ունենում են ձախ և աջ կողմեր, դա նույնպես արված է առավելագույն անատոմիական ձև հաղորդելու համար: Կարևոր է ուշադիր լինել չափն ընտրելիս: Եթե գուլպան փոքր լինի այն կսեղմի ոտքը, կկակշկանդի ձեր շարժումները և կխոչընդոտի արյան շրջանառությունը: Եթե գուլպան մեծ լինի, այն կծալքավորվի և կգնդվի կրունկի, կամ մատների մոտ, կհավաքվի ոտքի ու կոշիկի արանքում՝ հարելով ոտնաթաթը: Ժամանակակից գուլպաների վրա նշվում է ոտքի չափսը, այն սովորաբար լինում է որոշակի միջակայքում, օրինակ 40-43 չափսի համար: Ուղղորդվեք այս ցուցանիշով և հնարավորության դեպքում փորձեք գուլպան հագնել, զգացեք, թե ինչպես է այն նստում ոտքին, հագեք այն կոշիկի հետ, որով պետք է արշավի մասնակցեք, որպեսզի հստակ պատկերացնեք դրանց համադրությունը: Նաև շատ կարևոր է, որ գուլպան լինի կոշիկի ճտքից մի փոքր ավելի բարձր, որպեսզի կոշիկի լեզվակը չհարի ոտքի սրունքը:
Թերմոգուլպաների խնամքը
Ինչպես թերմոներքնազգեստն, այնպես էլ գուլպաները կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Սակայն կան մի քանի նրբություններ: Ջուրը չպետք է շատ տաք լինի՝ առավելագույնը 40-50 աստիճան: Լվացեք մեղմ ռեժիմով, օգտագործեք լվացքի գելեր փոշու փոխարեն, մի օգտագործեք սպիտակեցնող միջոցներ և կոնդիցիոներներ: Լվացքից հետո քամել կամ չորացնող մեքենայով չորացնել չի կարելի: Պետք է թաց վիճակում կախել և թողնել, որ քամվեն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: