Արշավային ձեռնափայտեր՝ սրանք հատուկ մշակված են ակտիվ տուրիզմով և սպորտով զբաղվողների համար: Մարդիկ միշտ օգտագործել են ձեռնափայտ՝ հատուկ կարիք ունեցող մարդիկ, հովիվները, 19-րդ դարի արիստոկրատները, կամ ֆենտեզի ստեղծագործություններում հաճախ է հանդիպում, երբ ծեր իմաստունը կամ հրաշագործը քայլում է մեծ ձեռնափայտի օգնությամբ: Մարդիկ վաղուց են հասկացել, որ երկարատև քայլքի ժամանակ արժե ստեղծել լրացուցիչ հենման կետ՝ մարմնի քաշն առավել արդյունավետ բաշխելու և ոտքերը փոքր-ինչ բեռնաթափելու համար: Այսպիսով, կխոսենք արշավային ձեռնափայտերի և արշավների ժամանակ դրանց կարևորության մասին։
Արշավային ձեռնափայտերն իրենց ժամանակակից տեսքով հայտնվել են 1974 թվականին “Leki” ընկերության կողմից: Նրանք մոդելն անվանեցին “Makalu”՝ հայտնի ութհազարանոց լեռան անունով: Դրանից հետո 90-ականներից սկսած այլ ընկերություններ նույնպես սկսեցին արտադրել արշավային ձեռնափայտեր: Դրանք շատ մեծ տարածում գտան և շարունակում են լինել ամենապահանջված իրերից մեկը լեռնային տուրիստների շրջանում:
Ինչի համար են անհրաժեշտ արշավային ձեռնափայտերը
Ծանր ուսապարկով քայլելը մեծ ծանրաբեռնվածություն է ողնաշարի և ոտքերի վրա: Հատկապես թեքության վրա քայլելիս շատ դժվար է պահել հավասարակշռությունը երկու կետով՝ ոտքերով: Դա ստիպում է լարել ոտքի և մեջքի մկանները, ինչի պատճառով էլ դուք շուտ եք հոգնում: Արշավային ձեռնափայտերով քայլելիս դուք ձեր քաշի մի մասը փոխանցում եք ձեռքերին՝ այդպիսով լիցքաթափելով ոտքերն ու ողնաշարը:
Քայլելիս միշտ ունենում եք երրորդ հենման կետ, ինչի շնորհիվ ավելի լավ եք պահում մարմնի հավասարակշռությունը: Դադարի ժամանակ կարող եք մարմնով հենվել ձեռնափայտերի վրա և հանգստանալ: Միգուցե մեկօրյա թեթև քայլարշավների ժամանակ դրանք պարտադիր չեն, սակայն բազմօրյա բարդ արշավների ժամանակ, երբ դուք ծանր ուսապարկով եք, արշավային փայտիկներն անփոխարինելի են: Շատերին թվում է, թե ձեռնափայտերը պարտադիր չեն, նույնիսկ ավելորդություն են և խանգարում են: Վստահեցնում ենք, որ դա այդպես չէ: Ճիշտ է, փայտիկներով քայլելուն դեռ պետք է սովորել, որպեսզի ոտքերի և ձեռքերի շարժումը ճիշտ կարգավորեք միմյանց հետ: Սակայն հենց ընտելանաք դրան, կզգաք, թե ինչքան է հեշտանում ձեր քայլքը:
Արշավային ձեռնափայտերի տեսակները
Ավանդական ձեռնափայտերը լինում են տելեսկոպիկ՝ այսինքն իրար մեջ մտնող մի քանի սեգմենտներից բաղկացած, որոնցով էլ կարգավորում եք դրանց երկարությունը:
Համեմատաբար նոր տեսակի ծալովի փայտիկներ՝ սրանք կառուցվածքով նման են վրանի աղեղներին: Առանձին կտորները միմյանց միացված են էլաստիկ պարանով, որն էլ ձգվելով միմյանց է միացնում այդ կտորները: Այս տարբերակն ի սկզբանե նախատեսվում էր սկանդինավյան քայլքի և թեթև քայլարշավների համար, սակայն սկսեցին տարածվել նաև ալպինիստների և լեռնային տուրիստների շրջանակներում՝ թեթև քաշի շնորհիվ: Սակայն դրանք նաև լուրջ թերություն ունեն՝ չափսը հնարավոր չէ կարգավորել, ինչը շատ կարևոր է հատկապես լեռնային ուղիների և վերելքների ժամանակ, երբ տարբեր թեքության լանջերի վրա կարիք է լինում կարգավորել ձեռնափայտերի բարձրությունը: Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ընտրություն կատարել դասական՝ տելեսկոպիկ ձեռնափայտերի միջից:
Պետք է նաև ուշադրություն դարձնել ամրացման ձևին և կոթին
Ամրացումները լինում են պտուտակավոր և փականով։
Պտուտակավոր ձեռնափայտը ներսում ունի սեպանման մեխանիզմ՝ մոտավորապես պատի մեջ դրվող դյուբելների նման: Ձգելով փայտիկը մեխանիզմը բացում է սեպանման թերթիկները և այդպես ամրանում: Սա հին տեխնոլոգիա է և գրեթե ոչ մի առավելություն չունի փականի հանդեպ: Ձյունը կարող է սառել մեխանիզմի մեջ և դժվարացնել այն թուլացնելը կամ ձգելը: Քայլելու ընթացքում այն ինքնաբերաբար պտտվում և քանդվում է, այն նաև ավելի ծանր է:
Փականով ձեռնափայտը հեշտ է կարգավորել անգամ ձեռնոցներով: Այն թեթև է, ավելի հուսալի և երկարակյաց: Ընտրեք հենց այսպիսի ձեռնափայտեր:
Ի տարբերություն դահուկային փայտիկների, արշավայինները կարող են լինել ավելի երկար, որպեսզի տարբեր դիրքերով ավելի հարմար լինի օգտագործելը: Նաև հնարավոր է լրացուցիչ կոթի առկայությունը: Սա շատ հարմար է երկարատև երթուղիների ընթացքում, հատկապես լեռան լանջով իջնելուց, երբ ամեն վարկյան չես կարող փոխել փայտիկի երկարությունը, այլ պարզապես ձեռքի դիրքը փոխելով կարող ես կառավարել այն: Երկարությունը պետք է այնպես կարգավորել, որ արմունկները նախաբազուկների հետ կազմեն ուղիղ անկյուն, այսինքն՝ 90°: Այս դիրքը ամենաարդյունավետն ու հարմարն է համարվում:
Արշավային ձեռնափայտերը պատրաստվում են հիմնականում դյուրալյումինե համաձուլվածքներից կամ կարբոնից: Կարբոնը, գրեթե նույն ամրությունն ապահովելով, անհամեմատ ավելի թեթև է, բայց նաև թանկ: Թեթև քայլարշավներին մասնակցելու համար չարժի մեծ ծախս անել և կարբոնե ձեռնափայտ գնել: Սակայն եթե դուք սկսում եք զբաղվել ալպինիզմով և երկարատև բարդ արշավներով՝ այն ձեզ պետք կգա:
Կոթերը պատրաստվում են կաուչուկից, խցանից, նեոպրենից, պոլիուրետանից, EVA փրփուրից: Հարմար են խցանից, նեոպրենից և EVA փրփուրից կոթերով ձեռնափայտերը: Շնորհիվ փափուկ և ծակոտկեն մակերեսի դրանք ձմռանը տաք են պահում, իսկ ամռանը կլանում քրտինքը ձեռքի ափից: Խցանը լավագույն տարբերակն է: Այն ամենից լավ է շնչում և ձեռքերը միշտ չոր պահում: Սակայն, միևնույն է պետք է ուշադիր լինել: Պատահում է, որ էժան մոդելներում չափից շատ սոսինձ է օգտագործվում խցանե կոթերի մեջ, ինչի պատճառով այն կորցնում է իր շնչող հատկությունները: Հնարավորության դեպքում միշտ փորձեք վերցնել փոքր-ինչ ավելի թանկ մոդել:
Արշավային ձեռնափայտերի կառուցվածքը
Ձեռնափայտերն ունենում են տակից ամրացվող սկավառակներ: Սրանք նրա համար են, որ ձեռնափայտերը չխրվեն ձյան կամ ավազի մեջ: Ձյան համար լինում են մեծ սկավառակներ, որպեսզի քաշը բաշխվի մեծ մակերեսի վրա: Ավազի, հողի և այլ պարզ պայմանների համար օգտագործվում են փոքր չափսի սկավառակներ:
Ձեռնափայտի ծայրը պատրաստվում է ամուր համաձուլվածքներից՝ սովորաբար կոբալտ և վոլֆրամ: Ծայրը պետք է լինի չափազանց ամուր և կայուն հարվածների նկատմամբ: Իսկ ատամնավոր ձևը ապահովում է մակերեսի հետ ամուր կպչունությունը: Ծայրի մաշվելուց հետո պետք է փոխել փայտիկը կամ դրա ծայրը, եթե այն փոխվող է: Մաշված ծայրը կարող է սղլիկ դառնալ, ինչը անթույլատրելի է:
Արշավային ձեռնափայտերը հաճախ ունենում են ամորտիզացիոն համակարգ, որպեսզի փայտիկի վրա հենվելուց այն մեղմի ճնշումներն ու հարվածնները: Սա իրականացվում է ամրացման հատվածներում զսպանակների կամ ամորտիզացիոն ռետինե շերտերի կիրառմամբ: Երկար քայլքի ժամանակ ձեռնափայտերի հարվածներից հնարավոր է ձեռքերը բռնվեն դաստակների հատվածում և ցավան: Ամորտիզացիան թեթևացնում է այդ ծանրաբեռնվածությունը և ձեր ձեռքերը քիչ են ցավում: Սակայն պետք է հաշվի առնել որ սա ծանրացնում է ձեր ձեռնափայտը: Նաև շատ լեռնագնացներ չեն սիրում ամորտիզացիոն տարբերակը, պատճառաբանելով, որ ամորտիզացիայի պատճառով գետինը լավ չի զգացվում և ավելի շատ էներգիա ես գործադրում փայտիկի վրայից քեզ հրելու համար (անձամբ ես համաձայն եմ այս պնդման հետ և չեմ օգտագործում այդպիսի ձեռնափայտեր): Սակայն խորհուրդ ենք տալիս փորձել նշված բոլոր տարբերակները և գտնել ձեզ համար ամենահարմարը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: