Արշավային տաբատ ընտրելիս ընդհանուր առմամբ պետք է առաջնորդվել նույն սկզբունքով, ինչ վերնահագուստի դեպքում: Առաջին հերթին, իհարկե, չենք մոռանում պահպանել երեք շերտի կանոնը՝ ցուրտ եղանակների դեպքում: Ամառային արշավներին պահանջները փոքր ինչ պակասում են: Այստեղ կարևոր է հիշել ոտքերի պաշտպանվածության մասին: Շոգ, արևոտ եղանակին մարդիկ հաճախ սիրում են հագնել կարճ տաբատներ՝ ինչն այնքան էլ լավ միտք չէ վայրի բնության պայմաններում: Նախ և առաջ կարճ տաբատը ձեզ չի պաշտպանելու շոգից, ըդնհակառակը, արևի ուղիղ ճառագայթներից դուք կարող եք արևային այրվածք ստանալ, ինչը կարող է հանգեցնել բավականին լուրջ հետևանքների: Բարակ, բաց գույնի կտորից տաբատով դուք ավելի հով կզգաք ձեզ՝ բաց գույնը կանդրադարձնի արևի ճառագայթները: Բացի այդ, տաբատը պաշտպանում է ձեր ոտքերը վնասվածքներից: Լեռներում կամ անտառներում քայլելիս տաբատը կպաշտպանի ձեր կոշիկները հողից և մանր քարերից, տարբեր միջատներից և ցեխոտվելուց: Շատ ցանկալի է, որ տաբատի փողքը մի փոքր ծածկի կոշիկները, որպեսզի լիովին փակի կոշիկների վերևի հատվածը:
Շատ ցանկալի է հագնել նաև զանգապաններ՝ առավելագույն պաշտպանության համար: Զանգապաններով դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր ոտքերը, այլ նաև կոշիկն ու տաբատը: Զանգապանն ավելի էժան է, քան տաբատն ու կոշիկը և, որպես կանոն, ավելի դիմացկուն նյութերից է պատրաստված: Այնպես որ, ավելի լավ է ամբողջ «հարվածը» զանգապանը վերցնի իր վրա:
Ինչպես ընտրել արշավային տաբատ
Արշավային հանդերձանք արտադրող բոլոր ընկերություններն իրենց տեսականու մեջ ունեն տարբեր տեսակի տաբատներ: Քանի որ ամառային տաբատներից մեծ պահանջներ չկան, մենք կառանձնացնենք մի քանի կարևոր գործառույթ, որի վրա պետք է ուշադրություն դարձնել:
- Համեմատաբար բարակ և բաց գույնի կտոր, սակայն ավելի պինդ կտորով ուժեղացումներ ծնկների, տազի և ոտքերի ստորին հատվածներում: Այս հատվածներն առավել շուտ են մաշվում և ավելի մեծ պաշտպանության կարիք ունեն:
- Առանձնացվող փողքեր, որի շնորհիվ կարելի է ստանալ կարճ տաբատներ: Շատ հարմար է ճամբարում հանգստանալիս, գետանցումների ժամանակ և դուք, պարզապես, ունենում եք միաժամանակ երկու տեսակի տաբատ, ինչը, համաձայնվեք, շատ հարմար է և տնտեսող:
- Գրպաններ, շատ գրպաններ, մեծ գրպաններ:
Եթե մասնագիտացված արշավային տաբատները թանկ են ձեզ համար, կարող եք որպես ժամանակավոր միջոց ուշադրություն դարձնել զինվորական տաբատներին: Խոսքը ժամանակակից արևմտյան բանակների համար ստեղծված տաբատների մասին է: Որոնց կրկնօրինակները կարող եք գտնել տեղի որսորդական և զինվորական խանութներում: Սրանք, իհարկե, կլինեն ավելի ծանր և անհարմար, բայց գոնե կպաշտպանեն ձեր ոտքերն արտաքին ազդեցություններից և շուտ չեն մաշվի:
Ցուրտ եղանակի և ալպինիստական տաբատներ
Այստեղ արդեն վերադառնում ենք բազմիցս քննարկված եռաշերտ համակարգին: Վերցնում ենք թերմո ներքնազգեստ, վրայից հագնում ֆլիսե կամ նմանատիպ այլ ջերմամեկուսիչ շերտ և երեսից մեմբրանե ջրադիմացկուն տաբատ՝ “hardshell” տեսակի: Այստեղ կա մի նրբություն: Քանի որ մեր ոտքերն ավելի քիչ են մրսում, քան իրանը, պետք է ուշադիր լինել ու չափից դուրս տաք չհագնվել, որպեսզի չքրտնեք և այնուհետև սառեք: Հայաստանում ձմեռային արշավների համար շատ հաճախ թերմո ներքնազգեստի և պինդ ջրադիմացկուն տաբատի համադրությունը բավարարում է: Սակայն լավ կլինի, եթե ձեռքի տակ ունենաք լրացուցիչ ֆլիսե տաբատ, անհրաժեշտության դեպքում որպես միջանկյալ շերտ հագնելու համար:
Մի քիչ ավելի մանրամասն արժէ խոսել երրորդ արտաքին տաբատի մասին:
- Դե արդեն գիտեք, որ պետք է լինի մեմբրանե շերտով
- Ջրադիմացկունությունը լինի ոչ պակաս, քան 5000մմ:
Այս տաբատների վրա ոտքերի ողջ երկայնքով լինում են շղթաներ, որոնք արձակելով կարելի է այն արագ հագնել և հանել, առանց կոշիկները հանելու: Սա շատ հարմար և կարևոր կետ է: Քանի որ հաճախ պետք է լինում այս շերտը հանել և մնալ սովորական տաբատով:
Ալպինիստական տաբատները նաև կարող են լինել փետուրե, կամ այլ տաքացնող լցոնումով: Դրանք պետք են գալիս ցուրտ եղանակին պասիվ աշխատանք կատարելիս, օրինակ՝ ձկնորսություն, կամ եթե ցուրտ պայմաններում բարձր լեռնային վերելք եք կատարում: Օրինակ՝ Արարատի վերելքի ժամանակ այն կարող է անհրաժեշտ լինել անգամ ամռանը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: