10 տարածված արշավային սխալ, որ թույլ են տալիս սկսնակները
Դուք հիանալի որոշում եք կայացրել, եթե մտադրվել եք դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց ու կյանքում առաջին անգամ մասնակցել արշավի: Դա կարող է իսկապես փոխել ձեր կյանքը, տալ ամենաուժեղ ու վառ զգացողությունները, որ հնարավոր է երբևէ ունենալ: Որպեսզի ձեր արաշավային առաջին փորձն անցնի հիանալի և անմոռանալի, կարելի է խուսափել այն հիմնական սխալներից, որ մարդիկ անում են արշավների ընթացքում անփորձության պատճառով: Այժմ կներկայացնենք 10 տարածված արշավային սխալ, որ մարդիկ թույլ են տալիս՝ լինելով սկսնակ այս բնագավառում:
Կոշիկի ընտրություն
Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ սովորական սպորտային կոշիկը հարմար է արշավելու համար: Սակայն այս դեպքում շատ կարևոր է, որ կոշիկները լինեն ոչ միայն սպորտային, այլև՝ հաստ տակացուով և բարձր ճտքերով: Սարեր բարձրանալն այնքան էլ հեշտ բան չէ, ու այդ քարքարոտ ու խորդուբորդ ճանապարհները կարելի է անվնաս անցնել միայն հարմար կոշիկներով, այլապես հնարավոր է՝ վնասեք ձեր ոտքերը: Իհարկե, կան հատուկ արշավային կոշիկներ, ու ցանկալի է, որ հենց այդ կոշիկներով սար բարձրանաք, սակայն անգամ եթե նման կոշիկ չունեք, ձեր ունեցած կոշիկներից ընտրեք առավել համապատասխանը: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային կոշիկ, կարող եք ծանոթանալ մեր հետևյալ հոդվածում:
Արևապաշտպան քսուքի և ճիշտ հանդերձանքի բացակայություն
Լեռնային արևը կիզիչ է ու կարող է այրվածքներ առաջացնել: Շատերը թերագնահատում են այս հանգամանքը և արշավների են գալիս առանց համապատասխան հանդերձանքի և արևապաշտպան քսուքի: Հետագա բարդություններից ու այրվածքներից խուսափելու համար՝ շատ կարևոր է կրել գլխարկ, ձեռքերը և ոտքերը ծածկող հագուստ, ինչպես նաև դեմքին ու մարմնի այլ բաց հատվածներին քսել արևապաշտպան քսուք:
Հագուստի սխալ ընտրություն
Երբեք արշավների մի մասնակցեք ձեր շարժումները կաշկանդող, ու ինչպես նախորդ կետում նշեցինք, բաց հագուստով: Սա արշավային սխալ է, որը շատ հաճախ ենք նկատում սկսնակ արշավականների մոտ: Ջինսե կամ կոշտ գործվածքով տաբատներն ընդհանրապես դժվարացնում են քայլելը: Արշավական հագուստը պետք է լինի ազատ, հանգիստ ու շարժումները չկաշկանդող: Հարկ է նաև հաշվի առնել, որ լեռնային բարձր հատվածներում եղանակը կարող է ցուրտ լինել, ու կարևոր է ունենալ համապատասխան տաք հագուստ:
Արշավից առաջ կամ դրա ընթացքում շատ ուտելը
Սնունդն արաշվի ընթացքում կարևոր դեր ունի, քանի որ այն էներգիայի հիմնական աղբյուրներից է, սակայն պետք է իմանալ՝ ինչպես ու ինչքան սնվել: Քանի որ արշավը համարվում է սպորտաձև, այստեղ նույնպես գործում է դրանով զբաղվելուց առաջ ու հետո թեթև սնվելու սկզբունքը: Հասկանալի է, որ եթե դուք շատ կերած լինեք, քայլելն ավելի դժվար է տրվելու, քանի որ դուք ծանրաբեռնել եք ձեր օրգանիզմի աշխատանքը: Արշավից առաջ կարելի է ընդունել շատ դյուրամարս ու թեթև սնունդ, իսկ արդեն մեծ հանգստին նորմալ սնվել:
Ուսապարկի սխալ ընտրություն ու ծանրաբեռնվածություն
Եթե դուք առաջին անգամ եք արշավի մասնակցում, հնարավոր է՝ չունենաք արշավային ուսապարկ: Ձեր ունեցած ուսապարկերի մեջից ընտրեք այն մեկը, որն առավել հարմար է ձեր մեջքին, ու որում իրերն ավելի թեթև են թվում: Երբեք մի մոռացեք այն հանգամանքը, որ արշավների ընթացքում նորմայից մի քանի անգամ շատ եք քայլելու, ու ձեր ուսապարկը պետք է լինի հարմար ու թեթև: Հարկ չկա ուսապարկը ծանրաբեռնել ավելորդ ու ոչ անհրաժեշտ իրերով:
Ուսապարկում տեղավորենք միայն այն բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք ձեզ պետք են գալու արշավելու ընթացքում: Եթե ուսապարկը ծանր է ու անհարմար, քայլելը դառնում է ավելի դժվար ու տհաճ: Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ուսապարկ, կարող եք կարդալ հետևյալ հղումով:
Ֆիզիկական պատրաստվածության սխալ գնահատում
Արշավը տուրիստական այց կամ զբոսանք չէ: Ուրեմն՝ հաշվի առեք, որ հանգստի այս ակտիվ միջոցը որոշակի ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում: Թեկուզ եթե սպորտով չեք զբաղվում, կարևոր է, որ առօրյայում ունենաք որոշակի ֆիզիկական ակտիվություն: Նստակյաց կյանք վարող մարդկանց օրգանիզմի համար արշավելը կարող է սթրեսային լինել: Այնպես որ, եթե մտադրվել եք մասնակցել արշավի, սկսեք ավելացնել ձեր ֆիզիկական ակտիվությունը: Իրենց ֆիզիկական տվյալները սխալ գնահատող մարդիկ շատ հաճախ դժվարանում են քայլել արշավների ընթացքում ու այս հիանալի սպորտաձևից սխալ տպավորություններով հեռանում: Իրականում հարկավոր է ընդամենը մի քիչ պատրաստվել սրան, ու ամեն ինչ հրաշալի կանցնի:
Շարքով չքայլել ու ընդհանուր քայլարշավի տեմպից շեղվել
Մի կետից մյուսը հասնելու համար հարկավոր է քայլելու համապատասխան տեմպ ու դինամիկա, որին ոչ պրոֆեսիոնալ արշավականները չեն տիրապետում: Լեռնային ուղեկցորդները ոչ միայն խումբը ղեկավարելու, ճանապարհը ցույց տալու համար են, այլև խմբի քայլելու տեմպը որոշելու ու կանոնակարգելու: Երբ դուք շարքից դուրս եք գալիս, սկսում եք քայլել ձեր սեփական տեմպով, ինչը քաոս կարող է ստեղծել: Այնպես որ, շատ կարևոր է շարքով քայլելն ու ընդհանուր խմբի տեմպին ենթարկվելը:
Բավարար քանակությամբ ջրի բացակայություն
Սա նույնպես տարածված արշավային սխալ է, որ մարդիկ գործում են առաջին անգամ արշավելիս: Բավարար քանակությամբ ջրի առկայությունը քայլելու ընթացքում չափազանց կարևոր է, քանի որ մարդու օրգանիզմը մեծ քանակի էներգիա է ծախսում երկար քայլելու ընթացքում: Եթե դուք բավարար քանակությամբ ջուր չխմեք, կջրազրկվեք, և հնարավոր է՝ ընդհանրապես էներգիա չունենաք տեղաշարժվելու համար: Այնպես որ, նույնիսկ եթե դուք առօրյայում շատ քիչ եք ջուր խմում, արշավի ընթացքում ամենաքիչը 1 լիտր պետք է խմեք:
Քայլելու հեռավորությունը ճիշտ չպատկերացնել
Արշավի մասնակցելուց առաջ մի քիչ ուսումնասիրեք ու հասկացեք՝ ինչքան եք քայլելու տվյալ ուղղության դեպքում: Շատ հաճախ մարդիկ մասնակցում են արշավի՝ կարծելով, որ, օրինակ, քայլելու են ընդամենը 4 ժամ, իսկ իրականում քայլում են 6 ժամ: Բնականաբար, պետք է իմանաք՝ ուր եք գնում, ինչի համար եք գնում, որպեսզի ձեր ակնկալինքները համապատասխանաբար արդարացվեն:
Ուղեկցորդին չենթարկվել
Սա կոպիտ ու անընդունելի արշավային սխալ է, որը չի կարելի թույլ տալ արշավելիս: Լեռնային ուղեկցորդները գիդեր չեն, որոնք պատմում են տեղանքի ու դրա պատմության մասին: Նրանք այն մասնագետներն են, որոնք գիտեն լեռնային ճանապարհների առանձահատություններն ու վտանգները, ճիշտ քայլելու կանոններն ու ձևերը, անվտանգ տեղ հասնելու լավագույն ուղղություններն ու ճանապարհները: Լեռներում պրոֆեսիոնալներին չենթարկվելն ու արկածներ փնտրելը կարող է վտանգել ձեզ և մյուսներին: Այնպես որ, այս դրույթին ենթարկվելը պարտադիր պայման է, որը չի կարելի շրջանցել:
Armenian Geographic-ը, ունենալով երկար տարիների արշավներ կազմակերպելու ու նախաձեռնելու փորձ, բոլոր նոր գրանցվող արշավականներին ներկայացնում է՝ կայանալիք արշավից ինչ կարելի է ակնկալել: Սակայն հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել կարդալ վերոնշյալ դրույթներն ու խուսափել այս տարածված սխալները գործելուց:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: