Արշավային բաճկոն
Բաճկոնը, թերևս, հագուստի գլխավոր բաղկացուցիչ մասն է: Մարդու մարմնի ամենամեծ մակերեսը զբաղեցնում է իրանը և հետևաբար ջերմության ամենամեծ կորուստը մենք ունենում ենք, երբ այն, ինչպես հարկն է, չենք պաշտպանում ցրտից: Ինչպես գիտենք արշավային հագուստի ցանկացած բաղադրիչ տարբերվում է սովորական քաղաքային հագուստից, քանի որ օգտագործվում է էքստրեմալ պայմաններում և պետք է համապատասխանի շատ բարձր պահանջների: Այդ պահանջները շատ հաճախ լինում են միմյանց հակասող, ինչպես օրինակ, միաժամանակ ամրություն և թեթև քաշ, ջրադիմացկունություն և շնչողունակություն: Այս ամենին հնարավոր է եղել հասնել օգտագործելով նորագույն նյութեր և տեխնոլոգիաներ: Այս նյութում փորձել ենք հասանելի, բայց մանրամասն և սպառիչ նկարագրել արշավային բաճկոնների տեսակներն ու նշանակությունը:
Հագուստը լեռներում ունի երկու հիմնական գործառույթ՝ պաշտպանություն քամուց ու թրջվելուց և տաքության ապահովում:
Ըստ այդ գործառույթների էլ առանձնացնում ենք բաճկոնների տեսակները: Ճիշտ ընտրություն կատարելու համար պետք է հստակ իմանալ ամեն տեսակի նշանակությունը, և արշավի ժամանակ ակնկալվող եղանակային պայմանները: Նշենք, որ ժամանակակից բոլոր բաճկոնները պատված են մեմբրանե շերտով:
Արշավային բաճկոնների տեսակները
“Hardshell” բաճկոններ՝ լինում են պինդ պոլիէսթերից, կամ նմանատիպ այլ սինթետիկ նյութից։ Հրաշալի պաշտպանում են քամուց և ջրից, մեմբրանե շերտի շնորհիվ ապահովվում են մարմնի օդափոխությունը և դուրս հանում քրտինքը: Այս բաճկոնները չունեն ջերմամեկուսիչ շերտ՝ այսինքն մերկ մարմնին հագնելու դեպքում դուք միևնույն է կմրսեք: Սրանք հանդիսանում են եռաշերտ համակարգի վերջին՝ երրորդ պաշտպանիչ շերտն արտաքին ազդեցություններից (քամի, անձրև, ձյուն, ձնամրրիկ): Hardshell-ի տակից անհրաժեշտ է հագնել ջերմամեկուսիչ շերտ՝ ֆլիսե բաճկոն, կամ նմանատիպ տաք հագուստ:
“Softshell” բաճկոններ՝ սրանք ֆլիսի ու “harshell” – ի միջև են գտնվում: Պատրաստվում են ավելի հաստ և բազմաշերտ կտորներից, ունեն ջերմամեկուսիչ շերտ կամ լցոնում, մեմբրան, իսկ արտաքին շերտը մշակվում է ջրադիմացկուն նյութերով: Ամեն դեպքում սրանք քամուց և թրջվելուց այնքան լավ չեն պաշտպանում, որքան “hardshell” տեսակի բաճկոնները: Հարմար են թեթև, մեկօրյա արշավների համար, ինչպես նաև քաղաքում հագնելու, հատկապես ակտիվ առօրյա ունեցող մարդկանց համար: “Softshell” բաճկոնները հաճախ օգտագործվում են նաև որպես միջին ջերմամեկուսիչ շերտ՝ ֆլիսի փոխարեն, կամ լրացուցիչ 4-րդ շերտ՝ հատուկ ցուրտ պայմաններում: Սակայն պետք է հիշել, որ սրանք քաշով էլ թեթև չեն:
“Downshell” բաճկոններ՝ կախված բրենդի պատենդավորած անվանումից կարող են տարբեր անվանումներ ունենալ՝ “Down shell” “Insulate” “Downshell” և այլն: Կապ չունի, ընդհանուր առմամբ սա նույն դասն է: Այս բաճկոնները նախատեսված են առավել էքստրեմալ պայմանների, հիմնականում ալպինիզմի համար: Սրանք արտաքինից “hardshell” բաճկոնների նման պինդ շերտից են կազմված, որպեսզի արդյունավետ պաշտպանեն քամուց և թրջվելուց, ունեն ուժեղացված մեմբրանե շերտ, ջերմամեկուսիչ լցոնում՝ հիմնականում սագի փետուրից: Սրանց շեշտը դրված է քամուց պաշտպանելու վրա, քանի որ բարձրլեռնային պայմաններում քամու ուժգնությունը հաճախ գերազանցում է 60կմ/ժ արագությունը:
Ինչին ուշադրություն դարձնել մեմբրանե բաճկոն ընտրելիս
Այսօր ամենատարածված մեմբրանե բաճկոնը Gore-Tex-ն է: Սակայն տարբեր ընկերություններ օգտագործում են նաև իրենց սեփական մշակման մեմբրանները: Օրինակ “Refdfox” ընկերությունն ունի “windstopper” կոչվող մեմբրանը, որn օգտագործում է իր “Down shell” բաճկոններում: Սրանք ալպինիստական բաճկոններ են, և շեշտը դրված է ուժեղ քամուց պաշտպանելու վրա:
Ըստ ջրադիմացկունության, մեմբրանները նույնպես լինում են տարբեր կարգերի: Քանի որ մեմբրանը փոխզիջումային տարբերակ է շնչողունակության և ջրադիմացկունության միջև, ապա տեսակներն էլ լինում են տարբեր, ըստ նախապատվությունների: Gore-Tex-ն ունի երեք տեսակի մեմբրան․
- Gore-Tex active – առավելագույն շնչող և նվազագույն ջրապաշտպան տարբերակն է: Նախատեսված է զով կամ մառախլապատ եղանակին ակտիվ սպորտով զբաղվելու ժամանակ, երբ մարմինը շատ է քրտնում և պետք է արագ ու արդյունավետ քրտինքը հեռացնել:
- Gore-Tex – ունիվերսալ տարբերակ, որը կհամապատասխանի գրեթե բոլոր պայմաններին
- Gore-Tex pro – առավելագույն ամրություն և պատշպանություն քամուց և ջրից: Այստեղ տուժում է շնչողունակությունը: Այդ իսկ պատճառով նախատեսված է ցուրտ պայմանների՝ հիմնականում ալպինիստական վերելքների համար:
Ջրադիմացկունությունը չափվում է մմ/սնդիկի սյուն սկզբունքով: Սա վերաբերում է ցանկացած ջրադիմացկուն գործառույթ կատարող կտորին: Ճիշտ ընտրություն կատարելու համար առաջնորդվե՛ք հետևյալ սանդղակով.
- 1.000մմ – ից պակաս՝ պաշտպանում է միայն թույլ քամուց
- 1.000 – 2.000 մմ՝ պաշտպանում է մառախլապատ եղանակից և կարճատև մաղող անրձրևից
- 2.000 – 4.000մմ՝ չափավոր ուժգնության անձրև մինչև 3-4 ժամ տևողությամբ
- 4.000- 7.000մմ՝ երկարատև անձրևներ
- 7.000+ մմ՝ երկարատև և հորդառատ անձրևներ, ուժեղ քամիներ, կարկուտ
Արշավային բաճկոն ընտրելիս ուշադիր կարդացեք արտադրողի խորհուրդները և հստակ ուսումնասիրեք երթուղում սպասվող մարտահրավերները, և այդպիսով դուք ճիշտ ընտրություն կկատարեք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: